Աստված Եսայուն կանչում է մարգարեանալու
1․ Ոզիա թագավորի մահվան տարում տեսա Տիրոջը, որ բազմած էր բարձր և վեհանիստ մի գահի վրա, և նրա քղանցքը լցրել էր տաճարը։
2․ Նրա վերևում կանգնած էին սերովբեներ, որոնցից յուրաքանչյուրն ուներ վեց թև. երկուսով ծածկում էր իր դեմքը, երկուսով՝ իր ոտքերը և երկուսով թռչում էր։
3․ Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։
4․ Աղաղակողի ձայնից դրանդիների հիմքերը երերացին, և տունը լցվեց ծխով։
5․ Ես ասացի. «Վա՜յ ինձ, ես կորած եմ, որովհետև ես պիղծ շուրթերով մի մարդ եմ, պղծաշուրթ մի ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան Թագավորին՝ Զորությունների Տիրոջը»։
6․ Ապա սերովբեներից մեկը թռավ ինձ մոտ՝ ձեռքին կրակի մի կայծ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանի վրայից։
7․ Դրանով նա դիպավ իմ բերանին և ասաց. «Ահա սա դիպավ քո շուրթերին. քո անօրենությունը վերացած է, և քո մեղքը՝ քավված»։
8․ Ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար»։ Ես պատասխանեցի. «Ահավասիկ ես, ի՛նձ ուղարկիր»։
9․ Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այս ժողովրդին. “Լսելով պիտի լսեք, բայց չհասկանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չիմանաք”։
10․ Բթացրո՛ւ այս ժողովրդի միտքը, ծանրացրո՛ւ նրա ականջները և փակի՛ր նրա աչքերը, որ չտեսնի իր աչքերով, չլսի իր ականջներով, որպեսզի իր մտքով չիմանա, դարձի չգա և չբժշկվի»։
11․ Ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր իմ»։ Նա պատասխանեց. «Մինչև որ քաղաքները, բնակիչ չունենալով, կործանվեն, և տներում մարդ չլինի, և երկիրն ավերվելով ամայանա,
12․ մինչև որ Տերը հեռացնի մարդկանց, և երկրում մեծ ամայություն լինի։
13․ Եվ եթե այնտեղ մեկ տասներորդ մասը դեռ մնա, այն դարձյալ կայրվի, ու ինչպես մնում է բևեկնու և կաղնու կոճղը, երբ նրանք տապալվում են, սուրբ սերունդը կլինի նրա կոճղը»։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: