Աստված պատժելու է Դամասկոսին և Իսրայելին
1. Պատգամ Դամասկոսի մասին։
Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։
2. Արոերի քաղաքները կլքվեն. դրանք հոտերի վայր պիտի դառնան, որպեսզի նրանք մակաղեն այնտեղ, և նրանց վախեցնող չի լինի։
3. Եփրեմից ամրոցը պիտի վերանա, թագավորությունը՝ Դամասկոսից. Արամի մնացորդը Իսրայելի որդիների փառքի նման կլինի,- ասում է Զորությունների Տերը։
4. «Այդ օրը Հակոբի փառքը կնվազի, և նրա մարմնի պարարտությունը կչքանա։
5. Այնպես կլինի, ինչպես երբ հնձողը հավաքում է ցորենը, և նրա բազուկը հնձում է հասկերը։ Ռափայինների հովտում հասկեր հավաքելու պես կլինի։
6. Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։
7. Այդ օրը մարդն իր հայացքը պիտի ուղղի իր Արարչին, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։
8. Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։
9. Այդ օրը նրա ամուր քաղաքները Հորեշի և Ամիրի լքած վայրերի պես կլինեն, որոնք լքվել էին Իսրայելի որդիների առաջ. և ամայություն կլինի,
10. որովհետև դու մոռացել ես քո փրկության Աստծուն և չես հիշել քո ապաստան վեմը։ Դրա համար էլ հաճելի տունկեր ես տնկում և օտար ճյուղեր ես սերմանում։
11. Թեև տնկած օրը դրանք աճեցրիր և առավոտյան բուսցրիր քո ցանածը, բայց հունձն անհետանում է վշտի և անբուժելի ցավի օրը։
Թշնամի ազգերը պարտվելու են
12. Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։
13. Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։
14. Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: