Աստված կործանելու է Մովաբը
1. Պատգամ Մովաբի մասին։
Այն գիշեր, երբ Ար քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։ Այն գիշեր, երբ Կիր քաղաքն ավերվեց, Մովաբը կործանվեց։
2. Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված։
3. Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։
4. Եսեբոնն ու Եղեաղեն աղաղակում են, նրանց ձայնը լսվում է մինչև Հասսա։ Դրա համար Մովաբի զինյալները գոռում են, նրա հոգին սարսռում է։
5. Իմ սիրտը հառաչում է Մովաբի համար. նրա փախստականները փախչում են մինչև Սեգոր, մինչև Էգլաթ-Շելիշա։ Ղուիթի զառիվերը նրանք լաց լինելով կբարձրանան, Օրոնայիմի ճանապարհին կործանման վայնասուն պիտի արձակեն։
6. Նեմերիմի ջրերը ցամաքելու են, խոտը չորանալու է, դալարը՝ վերանալու. կանաչ բույս չի մնալու։
7. Դրա համար իրենց ձեռք բերած վաստակը և դիզածը տանելու են Ուռիների ձորը։
8. Աղաղակը պատել է Մովաբի շրջակա սահմանները, ողբը հասնում է մինչև Եգլայիմ, նրա ողբը՝ մինչև Բեերելիմ։
9. Դիմոնի ջրերն արյունով պիտի լցվեն, Դիմոնի վրա պիտի բերեմ էլ ավելի մեծ մի աղետ՝ առյուծին, որը պիտի հարձակվի ազատված մովաբացիների վրա, երկրի մնացորդի վրա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: