ԱՍՏՈՒԱԾ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ Է ՄՈՎԱԲԸ
1. Պատգամ մովաբացիների մասին․
2. Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը: Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը: Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու: Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել:
3. Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք:
4. Եսեբոնն ու Ելէիլան գոյժ բարձրացրին, նրանց ձայները մինչեւ Յասսա հասան, ահա թէ ինչու մովաբացու ձայնը հնչում է երկար, եւ նա ճանաչում է իրեն:
5. Մովաբացու սիրտն իր մէջ գոչում է մինչեւ Սեգոր, որովհետեւ նա երեք տարեկան երինջ է: Լուիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մօտ, Արոնիիմի ճանապարհին կոտորածի վայնասուն եւ իրարանցում պիտի ընկնի:
6. Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանայ, եւ այնտեղ դալար բոյս չպիտի ճարուի. մի՞թէ այդպէս հնարաւոր կը լինի ապրել:
7. Նրա ձորերի վրայ պիտի բերեմ արաբացիներին, որ գրաւեն,
8. քանզի մովաբացու սահմանների բողոքը միացաւ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասաւ մինչեւ Ելիմի ջրհորը:
9. Եւ Ռեմոնի ջուրը պիտի լցուի արեամբ, քանզի Ռեմոնի վրա՛յ պիտի բերեմ արաբացիներին, սողունների պէս պիտի ուղարկեմ երկրի վրայ ու վերացնեմ Մովաբի զաւակին, Արիէլին եւ Ադեմի մնացորդներին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: