Ա. Լոպուխին
7-8․ Մի՞թե Նա նրան այնպես հարվածեց, ինչպես հարվածում էր նրան հարվածողներին։ Մի՞թե նրան այնպես սպանեց, ինչպես սպանվեցին նրան սպանողները։ [7] Չափավորությամբ Դու նրան պատժեցիր, երբ որ մերժեցիր նրան, նրան Քո ուժեղ շնչով դեն նետեցիր, ինչպես արևելյան քամու օրը։ (Սինոդական թարգ․)
Որպեսզի բացատրի հենց նոր 6-րդ համարում արտահայտած այն միտքը, թե Իսրայելական ժողովուրդը պետք է պահպանվի այն ժամանակաշրջանում, երբ որ բոլոր տերությունները պետք է ոչնչացվեն, մարգարեն հղում է կատարում ա՛յն իրողության վրա, որ հին ժամանակներում ևս, երբ որ Աստված եթե անգամ պատժում էր Իսրայելին, ապա նրան այնքան խստությամբ չէր պատժում, ինչպես որ պատժում էր հեթանոսներին՝ Իսրայելի թշնամիներին (հմմտ․ Ես․ 10:24 և այլն)։
«Չափավորությամբ» – եբրայական տեքստում այստեղ օգտագործվում է «սասսեա» բառը, որը նշանակում է եփայի մեկ երրորդ մասը (մանրահատիկների չափման միավոր)։ Մարգարեն սրանով ցանկանում է ասել, որ Տերը հրեաներին պատուհասել է համեմատաբար աննշան պատիժներով։
«Դեն նետեցիր», այսինքն՝ «աքսորեցիր Պաղեստինից»։ Մարգարեն ի նկատի ունի և՛ Իսրայելի թագավորության հպատակների՝ դեպի Ասորեստան գերեվարության արդեն իսկ ավարտված գործընթացը, և՛ հրեաների՝ ապագայում բաբելոնյան գերության մատնվելը։
«Շնչով․․․»։ Այս արտահայտությունը մատնանշում է այն փափկությունը, որով Աստված պատժել է Իր ժողովրդին։ Նա հրեաների դեմ գործում է ո՛չ թե հարվածներով, այլ միայն շնչով, թեկուզ և այն շատ հզոր է՝ նման արևելյան քամու զորեղ շնչին, որը փչում է Պաղեստինում (Հոբ․ 27։21, Ովս․ 13:15)։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Մի՞թէ սա այնպէս պիտի վիրաւորուի, ինչպէս որ Նա հարուածեց նրան, կամ այնպէս պիտի սպանուի, ինչպէս որ սպանեց նրան:
(Արարատ թարգ․) Մի՞թե Տերը նրան հարվածել է, ինչպես հարվածել է նրան հարվածողներին, կամ սպանե՞ց նրան, ինչպես նրան սպանողներին։
(Գրաբար) Միթէ որպէս նայն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ որպէս նայն սպան, այնպէս սատակեսցի՞:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: