Եսայու մարգարեության մեկնություն 34։12

Ա. Լոպուխին

12-15. Նրա ազնվականներից ոչ ոք չի մնա այնտեղ, որ թագավոր հռչակվի, և նրա բոլոր իշխաններն իրենցից ոչինչ չեն ներկայացնի։ [12] Եվ նրա պալատների վրա պիտի փշեր բուսնեն, իսկ նրա պարիսպների վրա՝ եղինջ ու տատասկ, և այն պիտի լինի բորենիների բնակավայր և ջայլամների օթևան։ Եվ անապատի գազանները պիտի հանդիպեն վայրի կատուների, և մի այծամարդ մյուսին պիտի կանչի, և գիշերային ուրվականն այնտեղ պիտի հանգստանա ու իր համար հանգիստ պիտի գտնի։ Այնտեղ բույն պիտի շինի թռչող օձը, ձվեր պիտի դնի, ձագեր պիտի հանի և նրանց պիտի հավաքի իր հովանու ներքո։ Այնտեղ պիտի հավաքվեն նաև ուրուրները՝ մեկը մյուսի մոտ։ (Սինոդական թարգ․)
   
   Եդովմում չեն մնալու ազնվականներ, այսինքն՝ Եսավի իրական զարմից հետնորդներ, որոնց միջից որ Եդովմում արքաներ էին ընտրում։

   Այնտեղ թագավորական իշխանությունը ժառանգական չի եղել։ Այնտեղ մնացած ազնվականները պիտի կորցնեն իրենց ողջ նշանակությունը («իրենցից ոչինչ չեն ներկայացնի»)։ Բնական է, որ իրենց տիրակալներից զրկված եդովմական պալատները պատվելու են մոլախոտերով, և այդ պալատների ավերակներում բնակվելու են անաքուր թռչուններն ու գազանները։ Բացի այդ, այնտեղ են բնակվելու նաև անմաքուր հոգիները։

   «Բորենիներ, ջայլամներ, գազաններ, վայրի կատուներ, այծամարդ» - այս բոլորի մասին մարգարեն խոսել է Բաբելոնի կործանման մասին իր մարգարեության մեջ (Ես. 13:21-22):

   «Գիշերային ուրվական»՝ եբրայերեն «lilith» բառից: Հնագույն շրջանի մեկնիչներն այստեղ ակնարկ էին տեսնում կին-դևի մասին հրեաների հավատալիքի վերաբերյալ, մի կերպար, որը գիշերով ծծում էր մարդկանց արյունը։ Իսկ նոր շրջանի մեկնիչներն այս «lilith» բառի թարգմանության համար հիմք են ընդունում «lail» («գիշեր») բառը՝ տվյալ հատվածը թարգմանելով հետևյալ արտահայտությամբ՝ «գիշերային թռչուն», ասել է թե՝ «բու»։

   «Թռչող օձ»-ն օձի մի տեսակ է, որը որևէ բարձունքից, օրինակ՝ բարձր ծառից հարձակվում է իր զոհի վրա և ընթացքից խայթում է նրան։

   «Ուրուրները» սիրում են անապատային, մեկուսացված վայրերը, ուստի և նրանց համար լավագույն տարբերակ կլինի ձագեր ունենալ եդովմական պալատների ավերակներում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Նրա իշխանները պիտի դադարեն գոյութիւն ունենալուց, նրա թագաւորներն ու մեծամեծները պիտի կործանուեն:
(Արարատ թարգ․) Նրանցից ոչ մեկն այնտեղ չի լինելու, որ թագավոր հռչակվի, նրա բոլոր իշխանավորները կոչնչանան։
(Գրաբար) Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ի կորուստ: