Եսայու մարգարեության մեկնություն 34։16

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

16-17․ նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու, քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, Նրա Հոգին է նրանց հաւաքել: Նա է նրանց այդ վիճակին արժանացրել, նրա ձեռքն է նրանց կեր բաժանել՝ յաւիտեանս յաւիտենից: Նրանք պիտի ժառանգեն սերնդից սերունդ եւ հանգրուան գտնեն այնտեղ:
   
   Տերը հրամայեց նրանց, և Նրա ոգին հավաքեց նրանց; Եվ Նրա ձեռքը,- որ Որդին է,- նրանց ուտելիք բաժանեց։
   Այստեղ հայտնապես Երրորդությունն է ակնարկում. ի մտի ունեցի՛ր սա:
   

Ա. Լոպուխին

16-17. Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու և մեկը մյուսով չի փոխարինվելու, որովհետև Նրա բերանն է հրամայել և Նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։ [16] Եվ Նա Ինքն է վիճակ է գցել նրանց համար, և Նրա ձեռքն է Իր չափի համեմատ բաժանել նրանց։ Նրանք հավիտյան պիտի ժառանգեն այն, դարեդար պիտի բնակվեն այնտեղ»։ (Սինոդական թարգ․)
   
   Քանի որ ամբարիշտ եդովմայեցիները, որոնց վրա պիտի թափվի Աստծո բարկությունը, կարող են իրենց բոլոր դժբախտությունները վերագրել պարզ պատահականությանը, ուստի մարգարեն իր գրքի ապագա ընթերցողներին նախապես հնարավորություն է տալիս համոզվելու, որ Եդովմի դեմ իրականացվելիք դատաստանն Աստծո գործն է լինելու։ Պետք է պարզապես ուշադրությամբ ընթերցել այն, ինչ Եդովմի մասին ասվել է Տիրոջ գրքում, այսինքն՝ Եսայու մարգարեության առաջին հատվածում, որը մարգարեն համարձակությամբ կոչում է «Տիրոջ գիրք»՝ վստահ լինելով իրեն հաղորդվող և այդ հատվածում իրեն փոխանցվող հայտնությունների աստվածային ծագման մեջ։ Տերը, Որն անապատային գազաններին և թռչուններին պատվիրել էր զբաղեցնել եդովմայեցիների պալատները, Ինքն էլ հավաքելու է նրանց և նրանցից երբևէ չի խլելու նրանց տրված ունեցվածքը։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) նրանք թուով պիտի բազմապատկուեն, նրանցից մէկն անգամ չի նուազելու, ընկերն ընկերոջ պակաս չի զգալու, քանզի Տէրն է այդպէս հրամայել նրանց, Նրա Հոգին է նրանց հաւաքել:
(Արարատ թարգ․) Որոնե՛ք Տիրոջ գրքում և կարդացե՛ք. «Սրանցից մեկ հատն անգամ չի պակասելու, մեկի մոտ իր զուգընկերոջը չի փնտրելու, որովհետև նրա բերանը հրամայեց դա. նրա հոգին ինքն է հավաքելու նրանց։
(Գրաբար) թուով անցին, եւ մի ի նոցանէ ոչ վրիպեաց. ընկեր զընկեր ոչ խնդրեցին: Զի Տէր հրամայեաց նոցա, եւ ոգի նորա ժողովեաց զնոսա: