Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր:
Բոլոր ձորերը լցվելու են և բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվելու են։
Սա այն նույն խոսքն է, որն ասում է. «Ամեն ոք, ինչ ունի, թող տա նրան, ով չունի» (Մատթ. 25։28-29), և կլինի հավասարություն: Դարձյալ՝ լեռները գերողներն են, իսկձորերը՝ գերվողները. թագավորները խոնարհվեցին, արձակեցին գերյալներին ու ամենքը հավասար դարձան: Դարձյալ՝ «ձորերը, լեռները,- ասում է- դժվարին են». սրանք առաքինություններն են, քանզի Քրիստոսից առաջ դժվարին ու բանուկ չէին, մինչդեռ Քրիստոսով դարձան դյուրին ու հարթ, ինչպես ասում է. «Իմ լուծը քաղցր է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։30): Նաև Պողոսը այժմվա նեղությունները թեթև է կոչում (Բ Կորնթ. 4։17): Որ, [հիրավի,] դժվարին էին Քրիստոսից առաջ, Պողոսն ասում է Հռոմեացիներին [հղած նամակում]. «Ո՞վ ինձ կփրկի այս մարմնից, որ ինձ մահվան է տանում» (Հռոմ. 7։24), որովհետև ամեն ոք, ով ձգտում է կուսության, նահատակության և այլ ամեն տեսակ առաքինության, դյուրությամբ է գործում:
Դժվարին բաները դյուրին կդառնան
Այս հրաշագործությունն Աստծունն է, քանզի չի փոխում բնությունները, այլ՝ բարքերը և կամքը, որովհետև մեկը մյուսի փոխարեն չի հատուցում, այլ անարդարությունից արդարության է բերում, իսկ հարության ժամանակ հարություն է տալիս նույն փտած ու հողացած մարմնին, և ոչ թե ուրիշ մարմին է դնում մյուսի փոխարեն:
Եվ քարքարուտ վայրերը դաշտեր պիտի դառնան
Սա նշանակում է, որ ըստ անհրաժեշտության համբերեցին ամեն բանի , այսինքն՝ կերակուրների, շորերի և այլ բաների պակասությանը, որովհետև նրանց սիրտն ու միտքը նույնն էր, ու նրանցից և ոչ մեկն իր ունեցվածքի համար չէր ասում, թե՝ իրենն է, այլ նրանց ամեն ինչն ընդհանուր էր:
Ա. Լոպուխին
Ամեն ձոր թող բարձրանա, և ամեն սար ու բլուր թող իջնի, և ծուռը ուղիղ թող դառնա, իսկ խորթուբորդ ճանապարհները թող հարթվեն։ [4] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 40:3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր:
(Արարատ թարգ․) Ամեն ձոր կբարձրանա, ամեն լեռ ու բլուր կնվաստանա, անհարթը կհարթվի, և խորդուբորդ տեղերը՝ կուղղվեն։
(Գրաբար) Ամենայն ձորք լցցին, եւ ամենայն լերինք եւ բլուրք խոնարհեսցին. եւ եղիցին ամենայն դժուարինք ի դիւրինս, եւ առապարքն ի դաշտս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: