Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Մի ձայն ասում է՝ կանչի՛ր: Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ: «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի:
Մի ձայն ասում է. «Գոչի՛ր»
Գոչելը կամ լսողների հեռավորութան պատճառով է, կամ խուլերի համար են գոչում, կամ էլ նրա համար է ասվում, ով վարանում է, ուստի ասում են. «Գոչիր, մի՛ ամաչիր, մի' վախեցիր, խոսքդ ճշմարիտ է», ինչը և հորդորում է մարգարեն: Եվ ինչպես նավապետները հուսով շահում են և իրենց հանձնում են ծովին, նույնպես և դու մի՛ վախեցիր, որովհետև մեծ է շահը:
Իմացիր, ամեն մարմին խոտ է, և մարդու բովանդակ փառքը ծաղկախոտի նման է
Հարց. Ինչո՞ւ է խոտ ասում:
Պատասխան. Մի՞թե Արարչից է. ո՛չ, որովհետև Նա կամեցավ, որ մարդն իրեն մոտիկ և անմահ լինի, սակայն մենք մեղավոր գործերով խոտի նմանվեցինք՝ բազում օրինակներով: Նախ՝ որովհետև գարնանը խոտը բուսնում է կարճ ժամանակով և գեղեցկանում է կանաչագեղ գույնով, իսկ երբ շնչում է խորշակահար հողմը, ծաղիկն իսկույն թափվում է: Նույնպես և մեր կյանքն է դյուրաթառամ, որովհետև մի կարճ ժամանակ աճում ենք գեղեցկատես մանկությամբ, բայց մահվան հողմը շնչելիս իսկույն անհետ անցնում ենք, ինչպես Դավիթն է ասում. «Երբ նրա վրա փչի հողմը, նրա տեղն իսկ չի երևա» (Սաղմ. 102։16): Եվ դարձյալ, մեր կյանքը անցնում է այնպես, ինչպես խոտն է իսկույն չորանում, և դալար խոտն է իսկույն անցնում: Երկրորդ՝ ինչպես խոտը բուսնում ու չորանում է, մեկը փոխարինում է մյուսին, որովհետև հինը չորանալով անցնում – լուծվում է հողի մեջ ու լրացնում տարրերի թերին, և հողից դուրս եկած նորը սնվում է նրանից ու լրացնում է հնի տեղը, մինչև ցամաքում է կենդանության հյութը, և ապա լուծվում է հողի մեջ: Նույնպես և մարդկանց մարմինները բաղկացած են տրոհելի տարրերից ու լրացնում են պակասողների տեղը, սնվում նրանցից ու կերակրվում: Եվ երբ «հոգին դուրս է գալիս ու գնում է Աստծո մոտ, Որից եկել էր» (Ժող. 12։7), մարմինը վերստին լուծվում է հողի մեջ, որտեղից առնվել էր, ըստ այն խոսքի, թե՝ «Հող էիր և հողին կվերադառնաս» (Ծննդ. 3։19), և երբ հոգին դուրս է գալիս մարմնից, դարձյալ այնտեղից վերադառնում է հողին: Երրորդ՝ ինչպես խոտը սկզբից առհասարակ կանաչ է, իսկ հետո երանգավորվում է զանազան գույներով ու զարդարվում տարբեր ծաղիկներով, նույնպես և մեր մանկությունը հատուկ է բովանդակ մարդկությանը, սակայն հետո զանազանվում է զանազան փառքերով, այսինքն՝ ոմանք՝ առանձնանում են մեծ ազգությամբ, ոմանք՝ իշխանությամբ, ոմանք՝ հարստությամբ, ոմանք՝ իմաստությամբ, ոմանք՝ գեղեցկությամբ, ոմանք՝ զորությամբ, ոմանք՝ արվեստով և այլ բաներով: Այդ պատճառով Դավիթն ասում է. «Մարդու օրերը խոտի պես են, նա ծաղկում է ինչպես վայրի ծաղիկ» (Սաղմ. 102։15): Չորրորդ՝ թեպետև ծաղիկներն ըստ գույների տարբեր են, սակայն բոլորն էլ խոտ են, և հավասարապես չորանում են: Նույնպես և մարդիկ թեպետ տարբեր են անցողիկ փառքով, սակայն նրանց մարմինների մեջ չկա զանազանություն, քանզի բոլորը մեռնում են ու վերադառնում հողին՝թե՛ իմաստունը, թե՛տգետը, թե՛ իշխանը, թե՛ ռամիկը, որի պատճառով ասում է. «Ամեն մարմին խոտ է» (40։6), այսինքն՝ թագավորների, հսկաների, հարուստների, աղքատների և այլոց մարմինները: Դու էլ գնա՛ գերեզմաններ ու տես. մի՞թե բռնակալը կամ ագահը ավելին ունեն, քան մյուսները: Հինգերորդ՝ այսպես է ասում, քանի որ ինչպես խոտը չորանում, ու ծաղիկները թափվում են, այդպես էլերբ մարդիկ մեռնում են, նրանցից հեռանում է փառքը, և ոչինչ չեն կարողանում տանել իրենց հետ. ոչ իշխանները՝ իշխանություն, ոչ հարուստները՝ հարստություն և այլն, ինչպես Դավիթն է ասում. «Մի զարմացիր, երբ մարդ հարստանում է, և մեծանում նրա տան փառքը» (Սաղմ. 48։17) և այլն, որովհետև մեռնելիս ոչ միայն իր հետ չի վերցնում այդ ամենը և ոչ էլ դրանք են իջնում են [նրա հետ], այլև ինչ թողնելու է՝ իր հարստությունը՝ մնում է օտարներին, որովհետև «Կուտակում ու չի իմանում, թե ով է հավաքելու» (Սաղմ. 38։7): Վեցերորդ՝ որովհետև երբ խոտը թոռոմում է, նրա հետ թոռոմում են նաև ծաղիկները, այդպես էլ երբ մարդ մեռնում է, նրա հետ մարում է նրա փառքը, քանզի այլ չէ փառքի մահը, այլ նույնն է թե՛ մարմնի և թե՛ փառքի մահը, ինչպես Դավիթն է ասում. «Հոգին դուրս է գալու նրանցից, և այն օրը կորչելու են նրանց բոլոր խորհուրդները» (Սաղմ. 145։4), այսինքն՝ հարստությունն ու փառքի գովասանքը, հեշտությունն ու մնացյալ ամեն բան: Յոթներորդ՝ ինչպես խոտը չորս անգամ է փոխվում, որովհետև նախ բուսնում է, ապա աճում, հետո ծաղկում, ավելի ուշ դեղնում, դրանից հետո հնձվում կամ չորանում է, նույնպես մեր մարմինները նախ բուսնում են ծննդյամբ, ապա աճում են հասակով և ծաղկում մանկությամբ ու դեղնում ծերությամբ, ապա չորանում ու հնձվում են մահվան մանգաղով, ինչպես Դավիթ մարգարեն է ասում՝ մարդու ժամանակը համեմատելով փոփոխվող օրերի հետ. «Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն, առավոտյան խոտի պես պիտի դալարեն ու ծաղկեն, երեկոյան պիտի թոռոմեն, չորանան և ընկնեն» (Սաղմ. 59։5): Եվ Տերը փոփոխվող գիշերվա օրինակով ասում է. «Չգիտեք, թե երբ կգա՝ երեկոյան, գիշերը, աքլորականչին, թե՞ առավոտյան» (Մարկ. 13։13։35): Ութերորդ՝ ինչպես խոտը մեկը մյուսին է հրդեհում, նույնպես և մեղավորները մեկմեկու բորբոքում են խոսքով ու գործով՝ մղելով դեպի չարություն, շնություն, գողություն, սպանություն և այլ բաներ, ինչպես ասում է Առակը. «Ե՛կ մեզ մոտ, կցո՛րդ եղիր արյան» (Առակ. 1։11), և դարձյալ. «Իմ ամուսինը հեռու ճանապարհ է գնացել, անկողինս պատրաստել եմ պաստառակալով» (Առակ. 7։19,17), որի վերաբերյալ Դավիթն ասում է. «Մի նախանձիր չարին և մի նախանձիր նրանց, ովքեր անօրենություն են գործում» (Սաղմ. 36։7): Իններորդ՝ քանզի խոտը ոտքի կոխան ու կերակուր է անասունների համար, նույնպես և մեղսասերները իրենց գործերով կերակուր ու ոտնակոխ են լինում անկյալ սատանայի համար՝ ծառայելով նրան, որովհետև ասում է. «Ով մեղք է գործում՝ մեղքի ծառան է» (Հովհ. 8։34), որովհետև ինչով որ պարտվում է, հենց նրա ծառան է, քանզի ագահը մամոնայի ծառան է, ինչպես ասում է Տերը, և «որկրամոլների աստվածը իրենց որովայնն է» (Փիլիպ. 3։19)՝ ըստ առաքյալի խոսքի: Դարձյալ, «եւ անառակ որդին արածեցնում էր խոզերին» (Ղուկ. 15։15-16)՝ մեղքերի գարշ ցանկություններին, ու սրանցով պարարտանում էր սատանան: Քանզի դևերը կերակրվում և ուրախանում են զանազան մեղքերով, այսինքն՝ երբ ծիծաղում ենք, երբ գիրանում ենք, երբ գողանում ենք, երբ շնանում ենք, երբ սպանություն ենք գործում և այլն: Իսկ որ դևերը ուրախանում են սրանցով, հայտնի է կուռքերի պիղծ տոներից, որովհետև մեկը սպանություն էր խնդրում, մյուսը՝ շնություն, մեկ ուրիշը՝ հարբեցողություն և այլն: Տասներորդ՝ ինչպես խոտը հրո ճարակ է դառնալու, ըստ այն խոսքի, թե՝ «Վայրի խոտը, որ այսօր կա, շուտով հնոց է նետվում» (Ղուկ. 12։28), նույնպես և մեղսասերներն այսօր զվարճալի կյանքով են ապրում, բայց մահից հետո հավիտենական կրակի բաժինն են դառնում, համաձայն այն խոսքի, թե՝ «Հրեշտակները կելնեն, կզատեն չարերին և կրակը կնետեն» (Մատթ. 13։49): Նրանք պիտիայրվեն, ինչպես հարուստն էր պապակում կրակե բոցի մեջ (Ղուկ. 16։19-31): Եվ տե՛ս, որ չի ասում, թե ամեն մարդ, այլ թե՝ ամեն մարմին խոտ է, այսինքն՝ մարմնասերները: Ինչպես Աստված էլ է ասում. «Իմ հոգին թող հավիտյան չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են» (Ծննդ. 6։3): Իսկ Պողոսն ասում է. «Մարմինն ու արյունը չեն ժառանգելու Աստծո արքայությունը» (Ա Կորնթ. 15։50): Այդ նրանք են, ովքեր հիմնվում են փայտի, խոտի, եղեգի վրա և այրվում են կրակի մեջ, իսկ ովքեր հիմնված են ոսկու, արծաթի և ակնեղենի վրա՝ չեն այրվի, այլ առավելագույնս կպայծառանան, ինչպես Քրիստոսի առաքյալները, նրանց հետևորդները, հայրերը, հայրապետները, վկաները, կույսերը, պարկեշտները և ընտիրները, որոնք անզգամների աչքին թվացին, թե մեռան, սակայն իրականում նրանց հույսը լի է անմահությամբ (հմմտ. Իմաստ. 3։4): Իսկ մեղավորների կյանքը խղճի խայթով է անցնում, իսկ մահը լեցուն է հուսահատությամբ, քանզի ժամանակ չունեն ապաշխարության ու չեն լսում ձայնը, որն ասում է՝ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներդ» (Մատթ. 11։28), կամ՝ «Եկեք, Իմ Հոր օրհնվածներ» (Մատթ. 25։34): Այլ պիտի լսեն այս խոսքը. «Ինձնից հեռացե՛ք անիծյալներ», և թե՝ «Ձեզ չեմ ճանաչում» (Մատթ. 25։41), և թե՝ «Կապեք դրա ձեռքերն ու ոտքերը և հանեք արտաքին խավարը» (Մատթ. 22։13): Դա հաստատում է նաև այս խոսքը, որն ասում է.
Ա․ Լոպուխին
6-8․ Ձայնն ասում է. «Կանչի՛ր». Եվ նա ասաց. «Ի՞նչ կանչեմ». «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ գեղեցկությունը նման է դաշտի ծաղկի։ [6] Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, երբ Տիրոջ շունչը փչում է նրա վրա. իսկապես որ, ժողովուրդը խոտ է։ Խոտը չորանում է, ծաղիկը՝ թառամում, բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան։ (Սինոդական թարգ․)
Մեջբերված գաղափարը պատկանում է կա՛մ մարգարեին (պրոֆ. Վլաստով), կամ որևէ խորհրդավոր երկնային ձայնի (Պետրոս եպս., The Pulpit Commentary, Dillmann, Speak. Commentary etc.): «Ով էլ որ լինի այդ ենթադրյալ անձը, նա խոսում է Տիրոջ կամքով և մարդուն հիշեցնում է, որ նրա երկրային կյանքը վաղանցիկ է, որ այն նման է դաշտային խոտի» (Սաղմ. 89:6), «որն այսօր կա, իսկ վաղը հնոցի մեջ է նետվելու» (Մատթ. 6:30): Այդպիսին է նաև ամբողջական ժողովուրդների կյանքը (Ես. 24:1, Ես. 25։2-3), և նրանք ապրում ու ծաղկում են, քանի դեռ Տերը պահպանում է նրանց, սակայն նրանց վերջը ևս գալու է» (Վլաստով)։
«Մարմին» բառը (եբր.՝ «basar», հուն.՝ «σαρξ») Սուրբգրային տրամաբանության մեջ արտահայտում է մարդկության բնական, առավելապես նույնիսկ նյութական և մեղավոր վիճակը (Ես. 66:23, Զաք. 2:13, Հռոմ. 3:20, Հռոմ. 8:8, Գաղ. 2:16, Ծննդ. 6:3):
Այդ վերոնշյալ մարմնի «գեղեցկության» մեջ պետք է տեսնել նրա բնական, ոչ-շնորհընկալ արժանիքները՝ առողջությունը, փառքը, գեղեցկությունը, մտավոր զարգացվածությունը կամ էլ ա՛յն «իմաստությունը», որը Պողոս առաքյալն անվանում է «մարմնական» (Ա Կորնթ. 1:29): Ի միջի այլոց, Պետրոս առաքյալը, որը հակված է ողջ մարգարեությունը մեծավ մասամբ վերագրել հրեաներին, «մարմին» բառի տակ նկատի ունի հրեական «մարմնեղեն» ողջ ժողովուրդին, իսկ «գեղեցկություն» բառի տակ էլ հասկանում է հրեա ժողովրդի արտաքին ծիսական օրենքները և այն զանազան տեսանելի «առավելությունները», որոնց այդքան ուժգնորեն (թեպետև բոլորովին ապարդյուն) ապավինում էին հրեաները (իրենց Աբրահամյան ծագումը, թլփատությունը, լվացումները և այլն, որոնք Սուրբ Գրքի լեզվով կոչվում է նաև «մարմին» (Հռոմ. 4:1, Հռոմ. 3:20, Բ Կորնթ. 5:16, Գաղ. 3:3, Եբր. 7:16): Այսպիսին էր իր սեփական կարողությունների և ուժերի հանդեպ վստահություն չունեցող ընտրյալ ժողովրդի և ողջ աշխարհի՝ խորապես անօգնական ու անհույս վիճակը Տիրոջ փառքի հայտնությունից առաջ, այսինքն՝ մինչև Փրկչի աշխարհ գալը։
«Բայց մեր Աստծո խոսքը կմնա հավիտյան»․․․ Ի հակադրություն մարդկային որոշումների և գործերի ունայնության, անհաստատունության և փոփոխականության, Աստվածային տնօրինությունը հավիտենական և անփոփոխ է, քանի որ «Աստծո ոչ մի խոսք գետնին չի մնա» (Ղուկ. 1:37): Այս հատվածի լավագույն մեկնաբանությունը տալիս է Պետրոս առաքյալը, որը, ուղղակիորեն չհիշատակելով Եսայի մարգարեին, չնչին վերափոխումով մեջբերում է մեր կողմից մեկնաբանվող գրեթե ողջ հատվածը (գլուխ 40-րդ, 6-8-րդ համարներ), ընդ որում «հավիտյան մնացող Տիրոջ խոսք» արտահայտության ներքո նա միանշանակ ի նկատի ունի «ձեզ ավետարանված խոսքը», այսինքն՝ Աստծո արքայության ավետարանը (Ա Պետ. 1:23-25), որն ունի փրկարար զորություն և հավիտենական, անանց նշանակություն։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մի ձայն ասում է՝ կանչի՛ր: Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ: «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի:
(Արարատ թարգ․) Մի ձայն ասում է. «Կանչի՛ր»։ Նա ասում է. «Ի՞նչ կանչեմ»։ «Ամեն մարմին խոտ է, և նրա ամբողջ վայելչությունը նման է դաշտի ծաղկի։
(Գրաբար) Ձայն որ ասէ` գոչեա: եւ ասեմ, զի՞նչ գոչեցից: գոգջիր, ամենայն մարմին խոտ է, եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: