Եսայու մարգարեության մեկնություն 41:18

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների:
   
   Գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերում՝ աղբյուրներ։
   Սա նրանց դարձն է խորհրդանշում, քանզի վերստին ամեն տեղ շինություն էր լինելու, և դարձից հետո նորից հնչելու էր մարգարեության և օրենքի վարդապետության ձայնը: Իսկ մեզ համար հոգևոր իմաստով գետերը մարգարեների խոսքերն են, իսկ աղբյուները՝ առաքելական հոսքը: Երեք պատճառով է սա ասում. Գետեր կբխեցնեմ լեռների վրա և դաշտերում՝ աղբյուրներ». նախ՝ որովհետև սկզբից մարգարեներն էին, և հետո առաքյալները երևացին:
Երկրորդ՝ որովհետև մարգարեները Իսրայելի մեջ էին, և բարձրացել էին օրենքով, իսկ առաքյալները հեթանոսների մեջ էին, նրա՛նց, ովքեր տկարացել էին մեղքերով:
   Երրորդ՝ որովհետև ինչպես լեռներից գետերը իջնում են դաշտերը, բայց դաշտերից լեռները չեն բարձրանում, նույնպես դեպի մեզ հոսեցին մարգարեների խոսքերը, իսկ առաքյալներինը նրանց մոտ՝ ոչ, որովհետև հրեաները չհասկացան վերջիններիս: Իսկ ինչո՞ւ գետ և աղբյուր. նախ՝ որովհետև գետերը սակավ տեղերում են լինում, իսկ աղբյուրները բազում վայրերում են բխում: Նույնպես մարգարեները Իսրայելի մեջ էին, իսկ առաքյալները քարոզեցին հեթանոս բոլոր ազգերի մեջ:
   Երկրորդ՝ գետը ավելի շատ ջուր ունի, քան աղբյուրները: Եվ ինչպես աղբյուրները շատ ավելի օգտակար են քան գետերը, նույնպես մարգարեների խոսքերն ու օրենքներն ավելի շատ են, սակայն առաքյալները սակավ խոսքերով զարդարեցին այս աշխարհը:
   Երրորդ՝ ինչպես գետերն ու աղբյուրները նույն ծովից են դուրս գալիս, այդպես էլ առաքյալներն ու մարգարեներն են նույն Հոգուց:
   Չորրորդ՝ որովհետև շատ տեղերում աղբյուրները գետերից են հոսում, նույնպես և առաքյալները շատ տեղերում քարոզում էին մարգարեների վկայությամբ, այլև, նրանք հինը նոր դարձրին:
   Հինգերորդ՝ որովհետև գետերն ու աղբյուրները խառնվում են, ինչպես իրար են միացել Հին և Նոր Կտակարանները, իսկ այժմ՝ մեր Եկեղեցին է մեկ:

   Իսկ մայրին տոսախը և մյուսները, որոնք հիշատակում է, թվով տասն են՝ մշտասաղարթ, անուշահոտ, բժշկարար ու լուսավոր. սրանք դարձից հետո նորոգումն են ցույց տալիս, նաև՝ թագավորությունն ու քահանայությունը, որովհետև ըստ ոմանց, թագավորներին ենթակա ինն աստիճանավորներ կան, և թագավորը տասներորդն է, որ կարգված է նրանց վրա: Այսպես էլ քահանայապետն է տասներորդ աստիճանը. նույնպես է և նոր Եկեղեցում, ուր քահանայությունն ինն աստիճան ունի է, իսկ տասներորդը կաթողիկոսն է, համաձայն երկնայինների ինը դասերի, որոնց գերագույնը՝ տասներորդը, Աստված է 1: Այլև, այդ բուսատեսակները խորհրդանշում են Եկեղեցու զանազան ներգործությունները, որոնք մշտապես ուրախացնում են հոգիների բժշկությամբ, մեղքերի քավությամբ, անուշահոտ վարքով, լուսավոր շնորհներով ու վարդապետությամբ:

   

Ա. Լոպուխին

18-19․ «Գետեր  եմ բխեցնելու լեռների վրա, ու դաշտերի մեջ՝ աղբյուրներ, անապատը վերածելու եմ լճակի, և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների»: [18] «Անապատում մայրի, սատիմ և մրտենի ու յուղաբեր ծառ եմ տնկելու, տափաստանում նոճի, սոսի և հաճարենի եմ տնկելու միասին»։ (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ խորհրդանիշների միջոցով նկարագրվում է չոր ու անջրդի անապատի հրաշալի կերպարանափոխությունը սքանչելի, ծաղկուն այգու, որն առատորեն ոռոգվելու է տարատեսակ ջրային ավազաններով:

   «Գետեր  եմ բխեցնելու լեռների վրա…անապատը վերածելու եմ լճակի․․․»: Սա աստվածաշնչյան ամենասիրելի պատկերներից մեկն է (Սաղմ. 106:35), որը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև Եսայի մարգարեի խոսքերում (Ես․ 29:17, 30:23-25, 32:15, 35:7 ): Կասկածից վեր է, որ լեռնային ու անապատներով շրջապատված Պաղեստինի այս պատկերը քաջ հայտնի ու հետևաբար նաև առանձնապես հարազատ էր:

   «Անապատում մայրի, սատիմ և մրտենի ու յուղաբեր ծառ․․․ նոճի, սոսի և հաճարենի եմ տնկելու․․․: Անգլիալեզու «Պարզ մեկնությունների» («Настольные Комментарии») հեղինակ գիտնականները վերոթվարկյալ բոլոր ծառատեսակների բանասիրական մանրամասն վերլուծությունից հետո հանգում են այն կարևոր եզրակացությանը, որ «այս գրքի հեղինակը ծանոթ է եղել Պաղեստինյան միջավայրին, սակայն նրա համար անծանոթ էր Բաբելոնական միջավայրը»: Սա շատ լուրջ փաստարկ է այն գաղափարի դեմ, որ այս գլուխն ունի բաբելոնական ծագում, ինչը որ պնդում են ժամանակակից քննադատական դպրոցի ներկայացուցիչների մեծ մասը: Այս ամբողջ խորհրդանշական պատկերի ընդհանուր գաղափարն այն է, որ հեթանոսության ծարավ անապատը, կենդանացած Սուրբ Հոգու շնորհազարդ վտակներով, վերածվելու է Տիրոջ ծաղկած պարտեզի, այնպես որ ի դեմս Քրիստոսի նորկտակարանյան Եկեղեցու երկիրը կրկին վերածվելու է մի ժամանակ կորսված դրախտի: Իսկ դա, բնականաբար, վերջին մխիթարությունը չպիտի լիներ մարմնավոր Իսրայելի համար, որը համարվում էր նոր, հոգևոր Իսրայելի, այսինքն՝ Քրիստոսի Եկեղեցու նախապատկերը: Այս պարագայում ինքնաբերաբար հիշողության մեջ արթնանում են եկեղեցական հայտնի շարականի խոսքերը. «Նախկինում անպտուղ Եկեղեցին այժմ ծաղկում է Խաչափայտի զորությամբ և դրոշմումով»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների:
(Արարատ թարգ․) Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։
(Գրաբար) Այլ բացից գետս ի վերայ լերանց, եւ ի մէջ դաշտաց աղբեւրս: արարից զանապատն ի ճահիճս ջուրց, եւ զերկիրն ծարաւուտ ի վտակս: