Եսայու մարգարեության մեկնություն 45:18

Ա. Լոպուխին

18-19․ Որովհետև այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Նա Ինքը՝ Աստված, որ կազմավորեց երկիրն ու հաստատեց այն, Նա կարգավորեց այն, զուր տեղը չստեղծեց այն, այլ Նա այն ստեղծեց բնակության համար. «Ես եմ Տերը, և ուրիշը չկա»: [18] «Ո՛չ գաղտնի խոսեցի ու ո՛չ էլ երկրի մի խավար վայրում. Ես չասացի Հակոբի սերնդին. «Իզուր եք ինձ փնտրում»: Ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»: (Սինոդական թարգ․)
   
   «Որովհետև այսպես է ասում Տերը… գաղտնի չխոսեցի… Ես չասացի Հակոբի սերնդին. «Իզուր եք ինձ փնտրում»: Ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը․․․»: Այս երկու համարների բառերը, մի կողմից, Եսայի մարգարեի համար սովորական եղող վերջնական երդումն են Իսրայելի ճակատագրին վերաբերող մարգարեության կապակցությամբ, իսկ մյուս կողմից էլ, կարծես թե, հանդիսանում են որպես հանդիսավոր մուտք կամ անցում դեպի հաջորդ մարգարեությունը, որը հեթանոսներին դեպի Աստված կանչելու մասին է: Հղումը դեպի աշխարհի արարչագործության պատմությունը, բացի արարչական իմաստությունն ու զորությունը վերահաստատելուց, այստեղ ունի նաև որոշակի նմանօրինակություն մատնացույց անելու նշանակություն.  ինչպես որ մի ժամանակ Տերն Իր արարչական զորությամբ կարգի բերեց նորաստեղծ աշխարհում տիրող նյութական քաոսը, այդպես էլ Նա այժմ պատրաստվում է կարգավորել մարդկության տարբեր կրոնական հավատալիքների միջև գոյություն ունեցող հոգևոր քաոսը՝ նրանց բերելով դեպի միակ ճշմարիտ աստվածաճանաչողությանը: Եբրայագետներն, իմիջիայլոց, ուշադրություն են դարձնում բառերի ոչ այնքան ճշգրիտ թարգմանության վրա․ «զուր տեղը չստեղծեց այն» արտահայտությունն ամենայն հավանականությամբ պետք է ճշգրիտ կերպով  թարգմանել այսպես՝ «այն այլևս դատարկ չթողեց»: Նմանատիպ թարգմանության պարագայում արդեն այս ամբողջ միտքն ու, մասնավորաբար, նրա վերջին արտահայտությունը՝ եբրայերեն «թոհու» բառը, շատ սերտ առնչությամբ կապվում է Ծննդոց գրքի 1-ին գլխի հետ ու, հետևաբար, վկայում է այն մասին, որ այդ գլուխը գրի է առնվել նախքան գերության շրջանը:

   «Ո՛չ գաղտնի խոսեցի ու ո՛չ էլ երկրի մի խավար վայրում․․․»: Տերը հստակորեն ու ամենքի համար լսելի կերպով հայտնեց Իր կամքն ու Իր Աստվածային նախախնամության ամբողջ ծրագիրն Իսրայելի ժողովրդի, իսկ նրա միջոցով էլ՝ ամբողջ մարդկության փրկության վերաբերյալ (Բ Օր. 30:11-20 և այլ հատվածներ): Նա երբևէ գաղտնապես չի խոսել (Ես․ 48:16), ու ոչ էլ թաքուն վայրում, այլ մշտապես խոսել է բազմաթիվ վկաների ներկայությամբ (Ես․ 43:10, 44:8, հմմտ. Հովհ. 18:20): Այս հարաբերակցության տեսանկյունից դիտելով՝ կարող ենք նկատել, որ ճշմարիտ Աստծո խոսքը հակադրության մեջ է դրվում կեղծ աստվածների կողմից ասված խոսքերի հետ. հայտնի է, որ պյութիացիները, սիբիլները և հեթանոսական քրմերն իրենց աստվածների կողմից տրված հայտնությունները շատ հաճախ «հայտարարում» էին կա՛մ քարանձավներում (դելֆյան պատգամախոս, այժմ՝ Տրոֆոնիա), կա՛մ էլ տաճարի նկուղներում (Յուպիտեր Կապիտոլինոս և ուրիշներ):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ:
(Արարատ թարգ․) Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը. նա՛ է Աստված, որ կազմեց երկիրը, արարեց և հաստատեց այն։ Նա այն չստեղծեց դատարկ, այլ ստեղծեց բնակության համար։ «Ես եմ Տերը. ուրիշը չկա։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր որ արար զերկինս. Աստուած` որ հաստատեաց զերկիր եւ արար զնա. նա է որ սահմանեաց զնա. եւ իզուր ինչ ոչ արար զնա, այլ ի բնակութիւն ստեղծ զնա: Ես եմ Տէր` եւ չիք այլ ոք: