Եսայու մարգարեության մեկնություն 51:9

Ա. Լոպուխին

9-10. «Բարձրացի՛ր, բարձրացի՛ր, ամրությամբ կերպարանավորվի՛ր, Տիրո՜ջ բազուկ։ Բարձրացի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես հին սերունդների օրոք։ Մի՞թե դու նա չես, որ հաղթեցիր Ռահաբին, խոցեցիր վիշապին»։ [9] «Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերը ճանապարհի վերածեցիր, որպեսզի փրկվածներն անցնեն»։ (Սինոդական թարգ․)
   
   «Բարձրացի՛ր, բարձրացի՛ր, ամրությամբ կերպարանավորվի՛ր, Տիրո՜ջ բազուկ։ Բարձրացի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես հին սերունդների օրոք։ Մի՞թե դու նա չես, որ հաղթեցիր Ռահաբին, խոցեցիր վիշապին։ Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերը ճանապարհի վերածեցիր, որպեսզի փրկվածներն անցնեն։ Եվ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան ու երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ուրախություն և ցնծություն կգտնեն, տրտմությունն ու հառաչանքները կվերանան» - Սա մարգարեական խոսքի նոր բաժինն է, որում մարգարեն բոլոր վիրավորվածների և հալածվածների անունից  ուժգին աղաղակով Աստծուն օգնության է կանչում։ Իր կազմավորման սկզբնական ժամանակահատվածում քրիստոնեական Եկեղեցուն պակաս վտանգներ չէին սպառնում, քան հինկտակարանյան աստվածապետությանը՝ իր պատմության սկզբնական ժամանակաշրջանում (Եգիպտոսից դուրս գալիս)։ Եվ ինչպես որ հինկտակարանյան Եկեղեցին այդ արհավիրքների միջից հաղթող դուրս եկավ միմիայն Աստվածային Ամենակարողության արտակարգ դրսևորումների շնորհիվ, այդպես էլ նորկտակարանյան Եկեղեցին ապրում է հենց այդ նույն զորության հանդեպ հավատքով։

«Մի՞թե դու նա չես, որ հաղթեցիր Ռահաբին, խոցեցիր վիշապին․․․» - Սեպտուագինտայում և սլավոներեն թարգմանության մեջ այսպես է գրված․ «Մի՞թե դու չհաղթեցիր հպարտին և չվանեցիր վիշապին»։ Այս ամենը եգիպտական փարավոնի  հպարտությանը (Ելք․ 5։2) և Նեղոսի ավազանին տիրելուն առնչվող մակդիրներ են (Եզեկ․ 29։3, հմմտ․ նաև Սաղմ․ 88։11)։ Իսկ ահա փոխաբերական իմաստով՝ այդ բոլոր մակդիրները մատնանշում են սատանային և նրա ծառաների խորհրդաբանական կերպարները, որոնց խոցել է Տիրոջ բազուկը (Սաղմ․ 67։22-24)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում: Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին.
(Արարատ թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։
(Գրաբար) Զարթիր զարթիր Երուսաղէմ, եւ զգեցիր զզաւրութիւն բազկի քոյ. զարթիր իբրեւ յաւուրցն ի սկզբանէ, իբրեւ յազգացն յաւիտենից: Ո՞չ դու այն ես որ տաշեցեր զլայնութիւնն, վանեցեր զվիշապն: