Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները:
Իսկ ինչո՞ւ է պետք պահքի ամրությունը. որպեսզի այն ընդունելի լինի: Սրա համար է ասվում. «Քանդի՛ր անիրավության կնճիռը» , այսինքն՝ հանգույցը, և հոգու մեղքերը արձակիր քեզանից: Սրանք բոլորը պարունակված են հետևյալ չորս կետերում. առաջին՝ չզրկել ուրիշներին, երկրորդ՝ քո ունեցածը բաշխել այլոց, երրորդ՝ նենգություն չանել ուրիշների հանդեպ, չորրորդ՝ ներել նենգավորներին: Այդպես պետք է վարվել թե՛ հարազատների, թե՛ օտարների հանդեպ: Արդ առաջինը՝ ուրիշներին չզրկելու պատգամը, պետք է կատարել՝ խուսափելով ոչ միայն բացահայտ բռնությամբ դիմացինին զրկանքի մեջ գցելուց, ինչպես անում են իշխանները և ավազակները, այև ծածկաբար կեղեքելուց, ինչպես գողերն են անում, ինչպես և հրաժարվելով խաբեությամբ դիմացինին ծուղակը գցելուց, ինչպես վարվում են վաճառականները: Իսկ երկրորդ պայմանը՝ քոնը բաշխել այլոց, նշանակում է քաղցածներին կերակուր տալ, ծարավածներին՝ ջուր, մերկերին՝ զգեստ, ինչպես նաև [գոհացում տալ] այլ պետքերին, ըստ Քրիստոսի խոսքի, թե՝ «հյուրընկալել օտարներին, այցելել հիվանդներին ու բանտարկյալներին (հմմտ.Մատթ. 25։36, 39, 43): Երրորդ կետը բովանդակում է հետևյալ պահանջը. նենգություն չանել ուրիշներին՝ ո՛չ խոսքով տրտնջալ, ո՛չ բամբասել, ո՛չ զրպարտել, ո՛չ հայհոյել, ո՛չ սուտ խոսել, ո՛չ բարկանալ ու ոչ էլ մտքո՛վ նենգություն անել, ո՛չ հպարտանալ, ո՛չ նախանձել, ո՛չ ատել ու ո՛չ ոխ պահել, ու այդպիսով խուսափել նենգությունից՝ վերցնելուց ու չվերադարձնելուց, ծեծելուց կամ սպանելուց, այլև աչքերի անամոթ հայացքից: Իսկ չորրորդ կետը պահանջում է ներել նենգավորներին, որոնք մտքով թշնամացած են քո հանդեպ, խոսքով հանցանք են գործել քո դեմ կամ չեն կարող հատուցել նյութական պարտքերը: Ներել բոլորին և անհիշաչար լինել, որպեսզի Աստված էլ ձեր հանցանքները ների, ըստ այս խոսքի. «Եթե ներեք մարդկանց՝ կներվի նրանց» (Հովհ. 20։23): Արդ, սա է, որ մարգարեն ասում է ըստ կարգի.
Քանդի՛ր անիրավության կնճիռը, այսինքն՝ մեղքերի հանգույցը և փոխագուցվածքը, որովհետև մեղքը պարզ ու դյուրալույծ բան չէ:
Խորտակի՛ր վաճառականական խարդախությունն ու բռնությունը, այսինքն՝ վաճառականի նենգությունը, որովհետև ինչպես բռնակալն է բացահայտ հափշտակում, նույնպես անում է վաճառականը, երբ վաճառականության քողի տակ գողությամբ է զբաղվում:
Անօրենության բոլոր մուրհակները պատռի՛ր, այսինքն՝ մեջտեղից վերացրո՛ւ անիրավ փոխատվության գիրը, որ որոշ չար մարդիկ սովոր են արծաթի կամ այլ իրերի գրավադրման դիմաց վերցնել, և սովորի՛ր մեր Փրկչի հարկատվությունից, որովհետև պատռեց մեր մեղքերի պարտամուրհակը, թեպետ Նա անօրենություն չէր գործել, իսկ դա էլ արդարացիորեն մեր պարտքն էր, ա՛յն, որի [վերաբերյալ] ասվել էր. «Որ օրը որ ուտես դրանից, մահով կմեռնես» (Ծննդ. 2։17): Արդ, Քրիստոս պատռեց այս դատավճիռն ու այն գամեց խաչափայտին: Նույնն էլ դո՛ւ արա: Թողությամբ արձակի՛ր նեղյալներին: Եվ սա առավել է առաջինից, որովհետև այնտեղ ասվեց՝ «շահառության գի՛րը պատռիր», իսկ այստեղ ասում է. «Եթե չունի՝ որտեղի՞ց հատուցի քեզ. մի՛ նեղիր նրան, այլ նրա բոլոր պարտքերը ներիր նրան, որպեսզի չպատժվես», որի մասին խոսվում է նաև պարտապանների առակում: Դարձյալ, Տերն ասում է.
Ա. Լոպուխին
6-7․ «Ահա՛ այն ծոմը, որը Ես եմ ընտրել․արձակի՛ր անիրավության կապանքները, քանդի՛ր լծի հանգույցը, ճնշվածներին ազա՛տ արձակիր, և փշրի՛ր ամեն տեսակի լուծ»: [6] «Քաղցածի հետ կիսի՛ր քո հացը, և թափառական աղքատներին բե՛ր քո տուն, երբ որ մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, և քո նմանից մի՛ թաքնվիր»։ (Սինոդական թարգ․)
Այս երկու սքանչելի համարներում հիանալիորեն բացահայտվում է ծոմապահության ներքին կողմը, նրա իրական, բարոյական բնույթը, որը դրսևորվում է արդարության գործերում, սիրո և ողորմածության մեջ։ Այսպիսի ծոմապահության հիմնական բնույթը մեղավոր էգոիզմի դեմ պայքարն է և կրտսեր եղբորը ծառայելը։ Այս համարներն այնքան լավ են բացահայտում ճշմարիտ, Աստծուն հաճելի ծոմապահության իմաստն ու պայմանները, որ դրանք իզուր չէ, որ որպես բովանդակություն են ծառայել մեծ պահքի լավագույն շարականներից մեկի համար․«Մարմնասպես ծոմ պահող եղբայրնե՛ր, նաև հոգեպե՛ս ծոմ պահենք, կործանե՛նք անիրավության յուրաքանչյուր դաշինք, լուծարե՛նք խստացված կարգերը, պատռե՛նք անարդարության բոլոր գրվածքները․քաղցածներին հա՛ց տանք և անօթևան աղքատներին տո՛ւն բերենք, որպեսզի մեծ ողորմություն ընդունենք Քրիստոս Աստծուց»։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները:
(Արարատ թարգ․) Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։
(Գրաբար) ոչ զայնպիսի պահս ընտրեցի` ասէ Տէր: Այլ լոյծ զկնճիռն անիրաւութեան. քակեա զխարդախութիւն բռնութեան վաճառաց քոց: արձակեա զնեղեալս թողութեամբ, եւ զամենայն մուրհակս անիրաւութեան պատառեա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: