Եսայու մարգարեության մեկնություն 58:7

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

7-12․ Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի: Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի: Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող:
   
   Քո հացը բաժանի՛ր քաղցածներին։

   Այս խոսքը երեք բան է ցույց տալիս մեզ. նախ՝ չի ասում, թե՝ տուր, այլ՝ բաժանիր, այսինքն՝ խնամքո՛վ արա ողորմությունդ, ինչպես ասում է Պողոսը. «Իմ ինչքերը ջամբեմ աղքատներին...» (Ա Կորնթ. 13։3): Երկրորդ՝ ասում է՝ քաղցածներին, և ոչ թե հարուստներին, քանի որ ունևորներին տալու դեպքում փոխհատուցում կլինի, իսկ աղքատների դեպքում՝ ոչ, քանի որ նրանք հատուցելու բան չունեն: Երրորդ՝ քո՛ հացը, այսինքն՝ քո աշխատանքով վաստակածը, և ոչ թե ընկերոջից հափշտակվածը:

    Անօթևան աղքատներին տա՛ր քո տունը ու մերկերին հագցրո՛ւ։

   Այս խոսքերը Քրիստոս Իր համար է նկատում՝ ասելով. «Օտար էի՝ հյուրընկալեցիք Ինձ, մերկ էի՝ հագցրեցիք» (Մատթ. 25։35): Եվ եթե այս հարցի վերաբերյալ պատվիրաններն իսկ չլինեին, մի՞թե քո մարդկային բնությամբ չէիր ողորմի նրանց՝ տեսնելով, որ չնայած դու զանազան կերակուրներով կշտանում ես, սակայն քո բնութենակիցը քաղցած է մնում, դու կերպաս ես հագնում, իսկ նա մերկ է շրջում:

   Բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր, այսինքն՝ հայացքդ մի՛ շեղիր ու երես մի՛ դարձրու ընտանիքիդ անդամից: Իսկ ընտանիքի զավակը ոչ միայն արյունակիցն է, այլև բնութենակիցը, մանավանդ՝ դավանակիցը, նրա՛նք, ովքեր ծնվել են նույն ավազանի արգանդից ու սնվել են նույն կերակրով՝ միևնույն գլխի՝ Քրիստոսի մարմնի անդամը լինելով: Ընտանիքի անդամներ են նաև լեզվակիցն ու կրոնակիցը, համաձայն կարգի, ուստի նրանց հարկ է առավել խնամել, համաձայն այն խոսքի, որ ասում է առաքյալը. «Ով իր ընտանիքը չի խնամում՝ ուրացել է իր հավատը և ավելի չար է, քան անհավատները» (Ա Տիմ. 5։8):

    Հարց. Ինչո՞ւ մյուս բոլոր մեծամեծ մեղքերի, այսինքն՝ շնության, սպանության և մնացյալ ախտերի համար այսպիսի ծանր պատիժ չի սահմանում, ինչպես անգթության պարագայում է ասվում (հմմտ. Գաղ. 5։19-22):

    Պատասխան. Որովհետև բոլոր մեղքերի պատճառն ու սկիզբը անգթությունն էր. որովհետև չի խղճում, այդ պատճառով էլ սպանում է, այդ պատճառով նաև գողանում է, և մնացյալ հանցանքները նմանապես: Եվ այդ մեծագույն ախտի դեմ ողորմությունն է պատվիրում, ըստ հետևյալ հինգ եղանակների, որոնցից առաջինն այս է. «Այն ժամանակ այգաբացի նման պիտի ծավալվի քո լույսը». այսինքն՝ Աստծո օգնությունը արևածագի նման սփռվելու է քո վրա, որովհետև ծավալվելը առատության խորհուրդն ունի:

    Երկրորդ՝ «Եվ քո ապաքինումը արագորեն պիտի հասնի», այսինքն՝ Տերը բժշկելու է հոգու մեղքերի թունալի վերքերը: Եվ տե՛ս, որ մեր ձեռքերում է թե՛ կանուխ և թե՛ ուշ բժշկության բանալին:
    Երրորդ՝ «Քո առջևից է գնալու քո արդարությունը»․ եթե մեծ պատիվ է նախակարապետի, նվիրակի ու մեծաձայն մունետիկի համար թագավորի առջևից ընթանալը, որքա՜ն ավելի մեծ հռչակ ու պատիվ է արդարությունը գործողի՛ համար, ինչպես ասում է Հակոբոսը. «Ողորմությունը բարձրագլուխ պարծենալու է դատաստանի ժամանակ» (Հակ. 2։13):
    Չորրորդ՝ ասում է. «Աստծո փառքը պիտի պահպանի քեզ». թագավորական այդ ո՞ր ծիրանին կամ բեհեզն է ավելի պատվական, քան արդարի հանդերձանքը, որը Աստծո՛ տված փառքն է, ինչպես Տերն իսկ է ասում. «Արդարները փայլելու են արեգակի նման (Մատթ. 13։43):
    Հինգերորդ՝ «Այն ժամանակ պիտի գոչես, և Աստված պիտի լսի քեզ»: Արդյոք կա՞ ավելի մեծ բան, քան այն, որ մարդ ինչ էլ խնդրի, Աստված լսի ու կատարի: Եվ ոչ միայն այսքանը, այլև քանի դեռ խոսում ես, Տերը կլսի քեզ ու կասի. «Ահավասիկ Ես այստեղ եմ»: Կամ էլ արդեն իսկ խնդրելուց ու հայցելուց առաջ կարձագանքի քո խնդրանքին: Այդ ո՞ր մի գթած հայրը կամ սիրելի բարեկամը կտա խնդրելուց էլ առաջ, ինչպես Աստված է խոստանում տալ: Եվ ի՞նչի դիմաց է տալիս. մի պատառ հացի, մի բաժակ ջրի, մի զգեստի և տան օթևանի: Տե՛ս, թե ինչ ես տալիս և քո տվածի դիմաց ինչ ես վերցնում. Աստծուց՝ սեր, իսկ մարդկանցից՝ փառք: Եվ գիտելի է, որ տասը պայմանների առկայության դեպքում է ողորմությունը կատարյալ և ընդունելի լինում Աստծուն: Այդ պայմաններն են. նախ՝ ողորմությունը պետք է տալ սուրբ ձեռքերով, արդար վաստակից և հոժարակամորեն, աղքատներին ողորմել առանց տրտնջալու՝ ուրախությամբ, գաղտնապես և ամենքին հավասարապես: Արդ, նախևառաջ պետք է սուրբ ձեռքերով ողորմածություն անել, որովհետև ճշմարտապես ողորմություն տվողն իրենից հեռացնում է մեղքերը, և ապա ընդունում է Աստծուն, որի համար ասվում է. «Քանդի՛ր անիրավության հանգույցը», որ մեղքն է: Իսկ ահա մեղավորներից Տերը նվերներ չի ընդունում, համաձայն այս խոսքի. «Բայց մեղավորը, որ ընտիր ալյուր է ընծայաբերում, նույնն է, թե շուն է մորթում»(66։3):

    Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ ողորմությունը հափշտակված կամ գողացված միջոցներից չլինի, որի վերաբերյալ ասում է, որ պետք է հրաժարվել խարդախությամբ գումար վաստակելուց, և հարկ է ազնիվ վաստակից [տալ], ինչպես ասում է Առակը. «Տիրոջը պատվիր քո արդար վաստակից» (Առակ. 3։9):

    Երրորդը տրտնջալու պարագան է, որի մասին նաև Պողոսն է ասում. «Ամեն ինչ արեք առանց տրտնջալու» (Փիլիպ. 2։14), որովհետև տրտունջը պղծում է գործը, ապականում է պտուղը, դառնացնում է այն, ինչ քաղցր էր, քանզի տրտունջը նշանակն է ծույլ ու դժգոհ սրտի, իսկ ահա երբ ձե՛ռքը գործի, բերանը կլռի:

    Չորրորդ՝ ոչ թե մեկ կամ երկու անգամ ողորմելը բավական համարիր, այլ՝ հարաժամ ողորմած եղիր, ինչպես Առակն է ասում. «Քեզանից թող չպակասի ողորմությունն ու աղոթքը» (հմմտ. Առակ 3։3) Եվ դարձյալ ասվում է. «Մի՛ դանդաղիր բարիք անել, երբ կարող ես» (Առակ. Գ25): Նաև Եսային ինքն է ասում է. «Քաղցածներին հա՛ց տուր», և այս խոսքով ակնարկում է մշտնջենավորապես ողորմելու անհրաժեշտությունը, որովհետև մշտապես էլ կգտնվի մեկը, ով քաղցած կլինի:

    Հինգերորդ՝ ողորմությունը հոժարակամորեն պիտի բաշխվի, ինչպես ասում է մարգարեն. «Քո հացը հոժար սրտով տաս... : Իսկ հոժարությունն այնպես պիտի դրսևորվի, որ թեպետ ողորմում ես, բայց խորհես, թե չես տալիս: Եվ իսկապես, ավելի շուտ ոչ թե տալիս ենք, այլ վերցնում, որովհետև տալիս ենք սակավ ու չնչին, ապականացու բաներ, բայց վերցնում ենք անանց կյանքի մեծամեծ ընծաները:

    Վեցերորդ՝ հարկ է ողորմություն անել կարիքավորների՛ հանդեպ, ինչպես ասվում էլ է. «Չքավոր մարդկանց կշտացնես»... : Դա է հրամայում նաև Տերը. «Փոխ տուր նրանց, որոնցից ակնկալություն չունես» (Ղուկ. 6։35):

    Յոթերորդ՝ պետք է կարոտյալներին կշտացնել, այսինքն՝ պիտի առատ ողորմություն տաս, և ոչ թե հաշվենկատորեն, որի վերաբերյալ Պողոսն ասում է. «Ով հաշվենկատորեն կսերմանի՝ հաշվենկատորեն կհնձի» (Բ Կորնթ. 9։6): Իսկ առատաձեռնորեն ողորմողների համար ասում է. «Իմ Աստված կլիացնի ձեզ ամեն տեսակ բարիքով» (Փիլիպ. 4։19):

    Ութերորդ՝ հարկ է տալ զվարթ երեսով, ինչպես ասում է Սողոմոնը. «Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն» (Առակ. 22։9), որովհետև Աստված այնքան չի նայում տուրքին, որքան՝ տվողի կամքին, ըստ որի և գովվեց այրի կինը, որը երկու լումա գցեց գանձանակի մեջ, և ոչ թե նրանք, ովքեր ավելի շատ գցեցին (Մարկ. 12։41-45):
Իններորդ՝ հարկ է ողորմություն անել ծածուկ, ըստ այն խոսքի, թե՝ «Թող քո ձախը չիմանա, թե ինչ է անում աջը, որովհետև քո Հայրը տեսնում է ծածուկ, և քեզ կհատուցի հայտնապես» (Մատթ. 6։4):

    Տասներորդ՝ որովհետև հարկ է ողորմությունը բաշխել հավասարապես թե՛ չարերին, թե՛ բարիներին, արդարներին ու մեղավորներին՝ առանց ընտրողականության ու քննության, որովհետև ընտրության ժամանակը չէ, այլ՝ ողորմության, ինչպես ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը՝ երկրորդելով Ավետարանի այն խոսքը, թե՝ «Դուք գթած եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է գթած» (Ղուկ. 6։36), որովհետև «Արեգակը ծագեցնում է ինչպես չարերի, այնպես էլ բարիների վրա, և անձրև է բերում ինչպես արդարների, այնպես էլ մեղավորների վրա» (Մատթ. 5։45, 46): Սա այն մասին էր, թե որքան բաներ են անհրաժեշտ, որպեսզի ողորմությունը կատարյալ լինի:

    Այժմ վերստին դառնանք ողորմության համար փոխհատուցվող վարձատրությանը, որի մասին ասացինք, թե հինգն են, իսկ վեցերորդը սա է, որ ասում է. «Այն ժամանակ քո լույսը ծագելու է խավարի մեջ» (58։10), այսինքն՝ եթե վշտերն ու փորձությունները, հոգևոր ու մարմնավոր տրտմություններն իբրև խավար շրջափակեն քեզ, ողորմության զորությունն է, որ կարող է [օգնել քեզ], որովհետև երբ այդ զորությունը ծագի քեզ վրա, արեգակի լույսի նման կփարատի քո նեղության խավարը: Եվ ոչ միայն այս, այլև կմարի հավիտենական կրակը, ինչպես ասում է Սիրաքը. «Ջուրը մարում է բորբոքված կրակը, և ողորմությունները քավում են մեղքերը» (Սիր. 3։33):
Յոթերորդ վարձքը սա է. «Եվ քո Աստված ամեն ժամ կլինի քեզ հետ»: Մի՞թե ավելի մեծ բան կա, քան երբ Աստված ամեն ժամ մարդու հետ է: Քրիստոս դա խոստացավ Իր աշակերտներին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20):

    Ութերորդը սա. «Քո անձը ըստ ցանկության հագեցում կստանա, ինչպես ջրարբի պարտեզ», այսինքն՝ քո հոգևոր ու մարմնավոր բարիքներն այնպես կառատանան, որ ինչ-որ ցանկանաս՝ կունենաս, ինչպես Հոբն ունեցավ: Տե՛ս, թե որքա՜ն շինություններ ուներ, ինչքա՜ն հարստություն, ուստի ասում էր. «Իմ լեռները ոռոգվում էին կաթով» (Հոբ 29։6): Եվ այդ ամենը ոչ թե ագահության ու տմարդության միջոցով ունեցավ, այլ՝ մարդասեր և առատաձեռն բարքի շնորհիվ, քանի որ Հոբը որբերի և այրիների հայրն էր, կաղերի՝ ոտքը, կույրերի՝ աչքը, և նրա դռները միշտ բաց էին աղքատների առջև: Իններորդ «հատուցումը», ինչպես ասում է, սա է լինելու. «Պիտի վերաշինվեն քո դարավոր ավերակները» (61։4): Համաձայն մարգարեի խոսքի՝ ողորմությամբ պիտի շինվեն ավերված քաղաքներն ու տները, այսինքն, թե՝ աշխարհը շինվելու է ողորմությամբ. այստեղ՝ մարմնավոր, իսկ այնտեղ՝ հոգևոր ու հավիտենական հարկաբաժին է պատրաստվելու ողորմության շնորհիվ, որի վերաբերյալ Քրիստոս ասում է. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնվածներ» (Մատթ. 25։34):

    Տասներորդ վարձատրությունը լինելու է ըստ այս խոսքի. «Քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ», այսինքն՝ քո զավակներն ու հիշատակները մշտապես մնալու են երկրի վրա: Եվ հիրավի իսկ. եթե անողորմության պատճառով մարդու զավակը սատկացվելու է, ինչպես ասում է Դավիթը. «Երկրի վրա սատկացվելու է նրա զավակը փոխանակ այն բանի, որ չհիշեց ողորմություն անել» (Սաղմ. 33։17), ապա ուրեմն հայտնի է, որ մարդու հիշատակն անջինջ կմնա ողորմության շնորհիվ: Եվ քանի որ ողորմությունը կարող է բազմապատկվել, այս պատճառով Աստված ողորմությունը նմանեցնում է սերմի, ըստ այս խոսքի, թե՝ «Սերմանե՛ք արդարություն ու հնձե՛ք կյանքի պտուղը» (հմմտ. Բ Կորնթ. 9։6), որովհետև ինչպես սակավ է սերմանվում, բայց բազմապատիկ հնձվում է, այդպես և ողորմության դեպքում է լինելու: Այսքանն այս մասին:
   

Ա. Լոպուխին

«Քաղցածի հետ կիսի՛ր քո հացը, և թափառական աղքատներին բե՛ր քո տուն, երբ որ մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, և քո նմանից մի՛ թաքնվիր»։ [7] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Եսայու մարգարեության մեկնություն գլուխ 58:6

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր:
(Արարատ թարգ․) Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։
(Գրաբար) Բրդեա քաղցելոց զհաց քո, եւ զաղքատս անյարկս տար ի տուն քո. եթէ տեսանիցես զմերկս` զգեցուցանիջիր, եւ յընտանեաց զաւակի քոյ` զակն մի արկանիցես: