Ա. Լոպուխին
1-2․ «Ա՜խ, եթե Դու ճեղքեիր երկինքն ու իջնեիր, ապա լեռները կհալչեին Քո տեսքից», [1] «Ինչպես բոցկլտացող կրակից, ինչպես եռացող ջրից, որպեսզի Քո անունը հայտնի դարձնես Քո թշնամիների համար. Քո երեսից կդողային ժողովուրդները»։ (Սինոդական թարգ․)
«Ա՜խ, եթե Դու ճեղքեիր երկինքն ու իջնեիր, ապա լեռները կհալչեին Քո տեսքից, ինչպես բոցկլտացող կրակից․․․ կդողային ժողովուրդները»-«Այս խոսքը բանաստեղծական բնույթ ունի, այն հիպերբոլային (չափազանցական) կերպով նկարագրում է Աստծո վսեմագույն մեծությունը և այն սարսափելի գործողությունները, որոնց միջոցով արտահայտվում է Տիրոջ սրբությունը, արդարադատությունն ու ամենակարողությունը թշնամիներին կործանելու և ընտրյալներին փրկելու պարագաներում: Երբ Աստված երկնքի բարձունքներից իջնում է դեպի ստորին՝ մթնոլորտային երկինք, ապա թվում է, որ ամեն ինչ իրար է խառնվում, մրրիկ է բարձրանում, լսելի են դառնում որոտի ու կայծակի ձայներ. երբ որ Նա մոտենում է երկրին, այդժամ երկիրը շարժվում է և լեռները հալվում են Աստծո ահեղ մեծությունից, ինչպես որ կրակից կհալչեին» (Պետրոս Եպիսկոպոս, էջ 324):
«Երկնքի պատռվելու» և այնտեղից Տիրոջ իջնելու պատկերը՝ Նրա կամքի հայտնության և դատաստանի իրականացման համար, Աստվածաշնչում ամենահաճախ կիրառվող պատկերներից մեկն է. այս նույն պատկերին մենք հանդիպում ենք դեռևս Բաբելոնյան աշտարակաշինության ժամանակաշրջանում (Ծննդ. 11:5), ինչպես նաև Սոդոմ ու Գոմոր ամբարիշտ քաղաքներին պատժելու ժամանակ (Ծննդ. 18:21): Այս նույն պատկերին մենք ականատես ենք լինում նաև Սինայում օրենքի տվչության ժամանակ ( Ելք 19:11, 20:18), ինչպես նաև այդ մասին ընթերցում ենք սաղմոսերգուի գրքում. «Նա խոնարհեցրեց երկինքն ու իջավ, և մշուշը Նրա ոտքերի տակ էր» (Սաղմ․ 17։10)։ Այդ միևնույն պատկերին մենք առնչվում ենք ոչ միայն Հին Կտակարանում, այլ նաև Նոր Կտակարանում: Սաղմոսերգուի շարադրանքում մենք տպավորիչ զուգահեռ ենք գտնում նաև այս պատկերի երկրորդ կեսի վերաբերյալ, որում խոսվում է Աստծո կողմից երկիր իջնելու ժամանակ տեղի ունեցող նմանատիպ հետևանքների ի հայտ գալու մասին. «Նրա առջևից գնում է կրակը ու այրում է Նրա շուրջը հավաքված թշնամիներին: Նրա կայծակները լուսավորում են տիեզերքը, երկիրը տեսնում և դողում է: Լեռները, ինչպես մոմը, հալչում են Տիրոջ տեսքից, ամբողջ երկրի Տիրոջ պատկերից: Երկինքներն աղաղակում են Նրա արդարությունն ու բոլոր ժողովուրդները տեսնում են Նրա փառքը (Սաղմ․ 96:3-6): Այս համարները տրամաբանական առումով խիստ կապված են նախորդ (63-րդ) գլխի 15-րդ և 3-4-րդ համարների հետ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Եթէ բացես երկինքը, քո ահից լեռները կը սասանուեն եւ կը հալուեն, ինչպէս մոմը՝ կրակի դիմաց:
(Արարատ թարգ․) Երանի՜ ճեղքեիր երկինքը և ցած իջնեիր. քո առաջ սարսեին լեռները,
(Գրաբար) Եթէ բացցես զերկինս` դողումն կալցի ի քէն զլերինս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: