Եսայու մարգարեության մեկնություն 64:6

Ա. Լոպուխին

6-7․ «Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, և մեր ամբողջ արդարությունը նման է կեղտոտված հագուստի. մենք ամենքս չորացանք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման»: [6] «Եվ Քո անունը կանչող ոչ մեկը չկա, որը ամուր կկառչեր Քեզանից. այդ պատճառով Դու մեզանից երես թեքեցիր ու մեզ թողեցիր, որպեսզի կործանվենք մեր անօրենությունների մեջ»: (Սինոդական թարգ․)
   
   «Մեր ամբողջ արդարությունը նման է կեղտոտված հագուստի.․․» - Սա համառոտ, սակայն նաև արտահայտիչ բնութագիրն է Իսրայելի ամբարշտության, իսկ ավելի ճիշտ՝ նրա կեղծ բարեպաշտության ու երեսպաշտության: Սա ամբողջովին համապատասխանում է այն գաղափարներին, որոնց մասին մարգարեն մանրամասնորեն խոսում էր նախկինում (1-ին, 58-րդ և 59-րդ գլուխներ): Արտաքնապես օրինավոր արդարության՝ կեղտոտված հագուստի հետ այստեղ կիրառվող համեմատությունն իմաստային առումով բավականին մոտ է ավետարանական այն հայտնի դրվագին, որում Ինքը՝ Տերը, Իր նախատական ճառում խոսում է արտաքնապես մաքուր գերեզմանների մասին՝ Իր այդ խոսքն ուղղելով դպիրների ու փարիսեցիների դեմ (Մատթ. 23:27-28):

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Մենք ամէնքս պիղծ դարձանք, եւ մեր ամբողջ արդարութիւնը դաշտանի շորերի նմանուեց, մեր անօրէնութիւնների պատճառով մենք ամէնքս ցած թափուեցինք ինչպէս տերեւ. հողմերը քշեցին մեզ:
(Արարատ թարգ․) Մենք ամենքս դարձել ենք անմաքուր մեկի նման, մեր ամբողջ արդարությունը նման է դաշտանի շորի, մենք ամենքս թառամել ենք տերևի պես, և մեր անօրենությունները մեզ քշում-տանում են քամու նման։
(Գրաբար) եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան. իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թաւթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անաւրէնութեանց մերոց. հողմք մերժեցին զմեզ: