Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակուեն այնտեղ:
Եվ ժառանգելու են Իմ ընտրյալներն ու Իմ ծառաները։
Այստեղ Երուսաղեմն է, իսկ այնտեղ՝ արքայությունը: Բայց այս խոսքը երկու անձերի է վերաբերում. Աստծո ընտրյալին, համաձայն այն խոսքի, թե՝ «Աշխարից առաջ ընտրեց» (Եփես. 1։4), և ծառային, որի մասին ասում է, որ ծառայելու վարձը կլինի ժառանգությունը:
Ա. Լոպուխին
«Եվ Հակոբից սերունդ պիտի հանեմ, և Հուդայից՝ Իմ լեռների Ժառանգորդին, ու Իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և Իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ»: [9] (Սինոդական թարգ․)
«Հակոբից սերունդ պիտի հանեմ, և Հուդայից՝ Իմ լեռների Ժառանգորդին…» - Հազիվ թե անհրաժեշտ է այստեղ հատուկ ցուցում տեսնել հրեական այս երկու անջատ թագավորությունների վերաբերյալ: Ավելի լավ է այստեղ տեսնել աստվածաշնչյան սովորական կրկնաբանություն, որը հատուկ է Եսայի մարգարեին հատկապես այս հարաբերությունների շրջանակում (այսինքն՝ Աստծո ժողովրդի ունեցած դերակատարման մասին խոսելիս, Ես. 9:8, 10:21–22, 27:6, 29:23, 40:27, 41:8, 48:1, 60:14, 16 և այլ տեղիներ): Մեկ անգամ չէ, որ Եսայի մարգարեն խոսում է նաև Տիրոջ լեռան կամ լեռների մասին (Ես. 2, 14:25, 57:13, 60:21)՝ այդ պատկերների ներքո հստակորեն նկատի ունենալով ամբողջ Ավետյաց երկիրը, այսինքն՝ Պաղեստինը՝ որպես խիստ լեռնային մի երկիր: Եվ իսկապես, բավական է միայն հայացք նետել Պաղեստինի աշխարհագրական քարտեզի վրա, որպեսզի միանգամայն համոզվենք նմանատիպ անվան արդարացիության մեջ: Պաղեստինով են անցնում երեք գլխավոր լեռնաշղթաներ.
1) Գալիլիայի լեռները՝ իրենց ամենաբարձր Հերմոն գագաթով՝ 2800 մետր ծովի մակարդակից բարձր,
2) Սամարիայի ու Հուդայի լեռները՝ Հեբալ ու Գարիզիմ գագաթներով՝ շուրջ 800 մետր,
3) և Անդրհորդանանի շրջանի լեռները, որոնցից մի քանիսը նույնպես հասնում են շուրջ 800 մետր բարձրության:
«Դա պիտի ժառանգեն Իմ ընտրյալները…Իմ ծառաները…» - Ընդհանուր իմաստով վերցված՝ նմանատիպ բնութագրիչներն Աստվածաշնչում վերագրվում են ամբողջ Իսրայելին (Ա Մնաց. 16:13, Սաղմ. 104:6 և այլ տեղիներ): Սակայն այստեղ պարզ է մեկնաբանության սահմանափակող իմաստը, որը մատնանշում է միայն Իսրայելի բարեպաշտ մնացորդացին (Ես. 43:20, 45:4, հմմտ. Սաղմ. 14:1-2 և 23:3-5)՝ առանձնացված ընտրյալ ժողովրդի միջից:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Յակոբի եւ Յուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպէսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրեալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն եւ բնակուեն այնտեղ:
(Արարատ թարգ․) Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։
(Գրաբար) Եւ հանից զզաւակ Յակովբայ եւ Յուդայ, եւ ժառանգեսցեն զլեառն սրբութեան իմոյ. եւ ժառանգեսցեն ընտրեալք իմ եւ ծառայք իմ. եւ բնակեսցեն ի նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: