սուրբ եղիցի անուն քո. (գրաբար)
Սա խնդրանքների մեջ ոչ միայն կարգով է առաջինը, այլև զորությամբ, որովհետև այս աղոթքի բոլոր խոսքերն ընթացքի կարգ ունեն, ինչպես և պատրաստվում ենք սովորել, քանզի բարեկարգության Աղբյուրն այստեղ ինչպե՞ս Իր սովորությունից կվրիպեր. ուստի նախ սա՛ սովորեցրեց Հորից խնդրել. «Թող անունդ սուրբ լինի»: Այս խոսքի բացատրությունը և այս խորհրդի գիտությունը չենք կարող վերցնել մի ուրիշ աղբյուրից, եթե ոչ հենց Տիրոջ` մի ուրիշ տեղ սովորեցրածից. թերևս դրանք միմյանց հետ համեմատելով` կարողանանք իմաստ- ների լույսը մեզ համար փայլեցնել: Երբ Քրիստոսն աղոթում էր Հորը առաքյալների համար և նրանց հետ միաժամանակ` աշխարհի, սա՛ էլ ավելացնելով Հորն ուղղեց.«Ինչպես Ինձ ուղարկեցիր աշխարհ, Ես էլ նրանց ուղարկեցի և նրանց համար Ես Ինձ մաքուր (սուրբ) եմ դարձնում, որպեսզի նրա՛նք էլ մաքրվեն ճշմարտությամբ» (Հովհ. 17:18-19): Իսկ Պողոսը եփեսացիների երեց- ներին իր մասին ասում էր. «Այսուհետև ես մաքուր եմ ձեր արյունից, որովհետև չխուսափեցի օգտակարը պատմելուց» (հմմտ. Գործք 20:26-27): Ահա առաքյալի միջոցով ցույց տրվեց Տիրոջ` Իր աշակերտների համար մաքուր դառնալու իմաստը, իսկ Տիրոջ միջոցով` Հորից մեր այս խնդրանքի: Որովհետև աշակերտների համար Քրիստոսի մաքուր դառնալն այն էր, որ ամենայն իմաստությամբ նրանց սովորեցրեց ու վարժեցրեց, ինչից հետո և աղոթեց նրանց համար. եթե դրանից հետո հանցանք գործեին, իրենք էին իրենց դատապարտողը: Այդպես էլ Պողոսն ուղարկվեց իբրև քարոզիչ. եթե եփեսացիներին սովորեցրած չլիներ, նրանց արյունից մաքուր չէր լինի. որովհետև տեսուչ էր, և նրանց չզգուշացնելու դեպքում նրանց արյունն իր ձեռքից էր պահանջելու Աստված. իսկ զգուշացնելուց հետո մաքրվեց: Այդպես էլ մեր Տերը մեզ սովորեցրեց Հորն ասել, թե` ինչպես որ քահանային հրամայեցիր ունեցած խոսքով ու իմաստությամբ միշտ զգուշացնել մեղավորին` չար ճանապարհից հեռու մնալու, և [նրա] արյունից իրեն մաքրել, այդպես էլ Դու ես մեզ վրա տեսուչ և ամենատես աչքերովդ միշտ տեսնում ես չարի փորձանքները, որ սերմանում է մեր տկար բնության մեջ, գիտես նաև այդ պատճառով [հասանելիք] Քո պատիժների որքանությունը: Իսկ մենք, մարմնի գործերի պատճառով խավարած լինելով, ոչ իմանալի թշնամու նետերից հասնող փորձանքներն ենք տեսնում և ոչ Քո պատիժների չափը: Ուստի աղաչում ենք, ողորմի՛ր. մաքրի՛ր Քո անունը Քո ժողովրդի արյունից` նախախնամությամբդ միշտ արթնացնելով մեզ դեպի Քո փառքի հանդեպ սերն ու պատժիդ հանդեպ երկյուղը և տալով թշնամու գաղտնի նետերի դեմ գիտություն ու պատերազմի մեջ զորություն: Եթե խնդրելու միջոցով սրանք ստանանք Աստծուց, երբ վայելողներս նույն կերպ մեղանչենք, պատժելու դեպքում Նրա անունը մաքուր կլինի մեր արյունից, ինչպես որ Քրիստոսինը մաքրվեց Նրա մեղանչած աշակերտի` Հուդայի առնչությամբ: Իսկ երբ հավատարիմ խնդրողները ստանում են սրանք, մեղանչելն այնպես դժվար է, ինչպես ինքն իրեն կրակի մեջ գցելը:
«Թող անունդ սուրբ լինի, Հա՛յր, մեր պարտքերից` մեզ զգուշացնելովդ ու նա- խախնամելովդ»: Տե՛ս այս խորհրդի հարակայությունը. որովհետև ասում է` «թող լինի՛», այսինքն` ո՛չ այսօր կամ վաղը, այլ միշտ և շարունակ: Սա նաև որդու սովորությունն է` հորն ասել` քո խնամքը հայրաբար թող միշտ լինի իմ հանդեպ, իսկ եթե այդուհետև սխալ թույլ տամ, արժանապես պատժի՛ր: Ուրեմն Տերն այս աղոթքով սա՛ սովորեցրեց իբրև բանալի գործածել Աստծո արդարության համար և Նրան ողորմության ու խնամքի պարտավորեցնել,- թեև մենք անարժան ենք դրան,- որպեսզի Նա Իր շնորհներն առանց խնայելու սփռի մշտապես:
Հաջորդը՝
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: