եղիցին կամք քո. որպէս յերկինս՝ եւ յերկրի. (գրաբար)
Օ՜հ, այս երկու խորհուրդներից, այսինքն՝ խոսքերի վայելչական կարգից և այս՝ հաջորդ խորհրդի մեծանձնությունից, ո՛ր մեկով սքանչանալ տվեց՝ մտքերի իմաստները նրանց միջև բաժանելով: Որովհետև [Աստծո] թագավորելուց հետո [աղոթողը] նաև Նրա կա՛մքն է խնդրում, ինչպես և մարդկանց մեջ է այս կարգը պահվում. նախ մեկը տիրում է ուրիշի վրա և հետո՛ իր կամքը նրա համար գործադրում. եթե քաղաք է, կառուցում է, եթե ծառա՝ կերակրում, եթե աշակերտ՝ ուսուցանում: Այսպես նաև սա նախ իր անձն Աստծո տերության ենթակայության տակ դրեց և ապա իբրև սեփական տիրոջից՝ իր մասին հոգ տանելն է խնդրում՝ Նրա կամքի տնօրինությամբ: Իսկ ինչպե՞ս. «Ինչպես երկնքում է Քո կամքը,- ասում է,- այդպես էլ թող այս երկրում լինի»: Ո՛վ մարդ, դու ելա՞ր երկինք և այնտեղ Աստծո կամքի տնօրինությունն իմացա՞ր, որ նույնը խնդրում ես: Նրա կամքը երկնքում ի՞նչ է. որո՞նց և ի՞նչ կամքով է կառավարում, ինչպիսի՞ն է նրանց հանդեպ Նրա կամքի տնօրինությունը: «Ես չգիտեմ,- պատասխանում է, - բայց Ով իջավ երկնքից, Նա՛ սովորեցրեց ինձ սա աղերսել»: Իսկ ինչպե՞ս սովորեցրեց: «Աշակերտները մոտեցան Տիրոջը և ասացին. «Սովորեցրո՛ւ մեզ՝ Քո աշակերտներին, աղոթել, ինչպես և Հովհաննեսն իրեններին սովորեցրեց» (տե՛ս Ղուկ. 11:1): Եվ Տերը նրանց սովորեցրեց աղոթել, ինչպես Ի՛նքն աղոթել գիտեր և ո՛չ թե ինչպես նրանք խնդրեցին: Օրինակ՝ [պատկերացրու], թե հեռավոր երկրից եկած որոշ ռամիկ անձինք՝ հռոմեացիների լեզուն ու սովորությունները չիմացող, արքունական պալատի կարգավորությունը բնավ չտեսած կամ դրան անտեղյակ, գնում են թագավորի դուռը՝ ողորմություն աղերսելու, և հասնելով այնտեղ՝ տարակուսում են իրենց մեջ՝ չիմանալով, թե ինչպես պիտի մտնեն թագավորի մոտ կամ ի՛նչ վայելուչ խնդրանքով դիմեն նրան: Եվ մինչ նրանք վարանում են՝ այս տարակույսների մեջ ընկած, նրանց պատահում է թագավորի որդին իբրև մի հասարակ զինվոր, ում տեսնելով՝ ընթացքն արագացնելով՝ հասնում են նրան՝ ասելով. «Ո՛վ եղբայր, սովորեցրո՛ւ մեզ, թե ինչպես մտնենք թագավորի մոտ»: Իսկ նա, բարեմիտ լինելով, չի անգոսնում կամ ծաղրում նրանց անկրթությունը, այլ սիրով գթալով նրանց՝ պատասխանում է. «Սովորեցնում եմ ձեզ. երբ արքայի մոտ մտնեք, իսկույն երկրպագեք և ասեք նրան. «Տո՛ւր մեզ քո պալատում գլխավորը եղող սինկղիտոսների պատիվը»»: Սակայն նրանք ո՛չ սինկղիտոս անունը գիտեն, ո՛չ էլ դրա էությունը, ո՛չ պալատը, ո՛չ էլ նրա դասակարգությունը: Եվ մտնելով թագավորի մոտ՝ իսկույն բարձրաձայն կրկնում են իրենց սովորած խոսքը: Իսկ արքունական պալատի բոլոր պաշտոնյաները, տեսնելով, որ նրանց լեզուն օտար է, կերպարանքը՝ շինականի, դեմքը՝ ռամիկի, հագուստները՝ անպաճույճ, զարմանում են, թե սրանք որտեղի՞ց գիտեն կամ ումի՞ց սովորեցին սինկղիտոսության անունը կամ պատիվը՝ արքունիքից այսքան օտար լինելով: Այսպես էլ մեր Տերն Իր մարմնավորության խորհուրդն անհաս դարձրեց հրեշտակներին ու մարդկանց, ինչպես ասում է Պողոսը (տե՛ս Կողոս. 1:26): Իսկ աշակերտները Նրան մոտեցան աղոթքի կերպը սովորելու ո՛չ թե իբրև Աստծուց, այլ ինչպես Հովհաննեսից: Նա էլ, ամենքին գթացող սիրով գթալով նրանց, սովորեցրեց նրանց ո՛չ թե ինչը կարող էին տանել, այլ Հորից աղոթքով հայցել երկնային անճառ ու անհաս խոր խաղաղությունը. «Թող կամքդ լինի երկրում, ինչպես երկնքում»:
Արդ՝ Աստծուց սա խնդրելիս, արդարև, ստուգապես չգիտենք այս խնդրանքի զորությունը, սակայն աղոթքի այս մեծ խոսքով զարհուրեցնում ենք երկնայիններին. որովհետև տեղեկանալով նրանց պատվին, որը չգիտեինք՝ Քրիստոսով խնդրում ենք, որ մենք էլ այն իբրև մեր սեփականն ունենանք: Որովհետև «կամք» ասելով՝ այս մի խոսքով Տերը ցույց տվեց Աստծո բոլոր շնորհների իջնելը մեզ վրա՝ երկնայիններին հավասար կերպով: Որովհետև [մեր և նրանց հանդեպ Աստծո] կամքի տարբերությունն արգելում է մեզ ունենալ նրանց փառքը. նրանց հանդեպ Նրա կամքը քաղցր ու առատաբաշխ է, քանի որ Իր կամարարներն10 են, մինչդեռ մենք իբրև հանցավորներ ենք՝ ըստ այնմ. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և այն ամենն, ինչ իմն է, քոնն է» (Ղուկ. 15:31):
Ուրեմն՝ երբ Նրա կամքը նաև երկրի վրա է այսպես կատարվում, Նրա ամեն ինչը նաև մարդկանցն է դառնում, ինչպես հրեշտակներինը:
Ո՜վ եղբայրներ, փոխարենն ի՞նչ մատու- ցենք Տիրոջը, Ով աղոթքի այսպիսի փրկական բաժակ է մեզ խմեցնում, որը մշտապես մատուցում ենք Հայր Աստծո և հավաքված հրեշտակների բազմության առաջ՝ Վերին Երուսաղեմի գավիթներում. ուրիշ ի՞նչ, եթե ոչ մեր երեսը գոհությամբ երկրին հպելը: Արդարև տեսնում եմ, որ սուտ են դատարկ զբաղմունքների մասին մարդկանց բոլոր պատճառաբանությունները, երբ մտքիս աչքերով նայելով՝ հավատում եմ, որ Նա, Ում հետ խոսում եմ, Աստված է, Ով իմ հանդեպ նույնքան քաղցր է, որքան հրեշտակների, իսկ ես, նրանց պես, խոսակից եմ Նրան, և աղոթքս էլ Նրա ամենաբարի կամքին հաճելի է: Վա՜յ ինձ, որովհետև սա թողած՝ այս անկայուն կենցաղով եմ զբաղված, որը եթե կայուն լիներ, ըստ բնական սովորության՝ պետք էր ագահել և այս փոքրը մեծի հետ փոխանակել. սակայն պարզ է, որ խաբվում եմ՝ չունենալով այս մտածումների հիշողությունն իմ մեջ ամուր պահված:
Հաջորդը՝
Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: