ԽՆԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ՔԱՐՈԶՆԵՐ

Նախ՝ պատարագիչ քահանան է, որ ծածուկ, հուզիչ աղոթք է արտասանում խնդրելով.

«Սովաւ շնորհեա՛  զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, քահանայից, սարկաւագաց, թագաւորաց աշխարհի, իշխանաց, ժողովրդոց, ճանապարհորդաց, նաւելոց, կապելոց, վտանգելոց, աշխատելոց, եւ որք ի պատերազմունս բարբարոսաց: Սովաւ եւ օդոց շնորհեա՛ զբարեխառնութիւն եւ տնկոց զպտղաբերութիւն, եւ ախտացելոց ի պէսպէս ցաւս՝ փութապէս զառողջութիւն: Սովաւ հանգո՛  զամենեսեան յառաջագոյն զննջեցեալսն ի Քրիստոս, զնախահարս, զհայրապետս, զմարգարէս, զառաքեալս, զվկայեալս, զեպիսկոպոսունս, զերիցունս, զսարկաւագունս եւ զբնաւ ուխտ եկեղեցւոյ քոյ սրբոյ եւ զամենեսեան, որ յաշխարհական կարգէ՝ զարս և զկանայս հաւատով վախճանեալս»: (Սրանով (այս սուրբ պատարագով) շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն ամբողջ աշխարհին, սուրբ եկեղեցուն և բոլոր ուղղափառ եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին, աշխարհի թագավորներին, իշխաններին, ժողովուրդներին, ճամփորդներին, նավագնացներին, բանտարկյալներին, վտանգի ենթարկվածներին, չարչարվածներին և բարբարոսների դեմ պատերազմողներին: Շնորհիր օդին բարեխառնություն, արտերին պտղաբերություն, տեսակ-տեսակ հիվանդություն ունեցողներին շտապ առողջություն: Սրանով հանգիստ պարգևիր նախապես ի Քրիստոս ննջածներին՝ նախահայրերին, հայրապետներին, մարգարեներին, առաքյալներին, վկաներին, եպիսկոպոսներին, քահանաներին, սարկավագներին և քո սուրբ եկեղեցու համորեն ուխտին, և բոլորին աշխարհականների դասից՝ հավատքով մեռած տղամարդկանց և կանանց):

Այս աղոթքով քահանան խնդրում է, որ Մարմնի և Արյան սույն խորհրդով Աստված շնորհի սեր, հավատի հաստատություն, աշխարհի խաղաղություն ու նաև խաղաղություն եկեղեցուն, ժողովուրդներին, տեսակ-տեսակ վտանգների և տառապանքների մեջ գտնվողներին և այլն: Խնդրում է նաև օդերի բարեխառնություն, արտերի պտղաբերություն, հիվանդներին՝ առողջություն և բոլոր ննջեցյալների հոգիներին հանգիստ և ողորմություն:

Այս  խնդրանքից  հետո  պատարագիչը սկսում  է  հիշատակությունների  շարքը: Նախ բարձր ձայնով հիշատակում է. «Աստուածածնի սրբոյ կուսին Մարիամու եւ Յովհաննու Մկրտչի, Ստեփաննոսի Նախավկայի եւ ամենայն սրբոց եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք»: (Սուրբ Կոյս Մարիամ Աստվածածնի և Հովհաննես Մկրտչի, Ստեփաննոս նախավկայի և բոլոր սրբերի հիշատակը թող լինի այս սուրբ պատարագի մեջ. աղաչում ենք):

Հաջորդում են դպիրների «Յիշեա՛, Տէր, եւ ողորմէա՛»-ները, և փոխնիփոխ սարկավագը շարունակում է քահանայի սկսած հիշատակությունները:

Նախ սկսում է «Առաքելոց սրբոց, մարգարէից, վարդապետաց» ևն: Հետո հիշատակում է  Հայաստանյայց  Եկեղեցու  սուրբ  հայրապետներին. «Առաջնորդացն մերոց եւ առաջին լուսաւորչացն սրբոց, Թադէոսի եւ Բարթողիմէոսի առաքելոցն, եւ Գրիգորի Լուսաւորչին, Արիստակէսի, Վրդանէսի, Յուսկանն եւ Գրիգորիսի, Ներսէսի, Սահակայ, Դանիէլի եւ Խադայ, Մեսրոպայ վարդապետին եւ Գրիգորի Նարեկացւոյն, եւ Ներսէսի Կլայեցւոյն… եւ ամենայն սրբոց, հովուաց եւ հովուապետացն Հայաստանեայց եղիցի յիշատակ ի Սուրբ Պատարագս, աղաչեմք»: (Մեր առաջնորդների և առաջին սուրբ լուսավորիչների՝ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի, Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի, Ներսեսի, Սահակի, Դանիելի, Խադի, Մեսրոպ Վարդապետի և Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու (Շնորհալու) և Հայաստանի բոլոր սրբերի, հոգևոր հովիվների և հովվապետների հիշատակը թող լինի այս պատարագի մեջ. Աղաչում ենք):

Հաջորդաբար սարկավագը նորից հիշում է.

«Միանձնացելոց սրբոց, առաքինասէր եւ աստուածուսոյց» կրոնավորներին, հետո՝ «Թագաւորաց հաւատացելոց սրբոց…» ևն: Եվ վերջացնում է ընդհանուր «ամենայն հաւատացելոց…» հիշատակությամբ:

Սարկավագի քարոզի ընթացքին քահանան ծածուկ աղոթում է նույն նպատակով և հետո բարձր ձայնով և հանդիսավոր ձևով հիշատակություն է անում Ամենայն Հայոց Հայրապետի, Երուսաղեմի և Կ. Պոլսի Ս. Պատրիարքների, երկրի թագավորի և ժողովրդի, և  նաև  հայ  ժողովրդի,  Մայր  Հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի, որի համար խնդրում է.

«Զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր Աջոյ քո, ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»: (Զորացնես և պահպանես բոլոր տարիներին քո ամենազոր Աջի հովանու ներքո՝ շինության, խաղաղության և անսասանության մեջ):

Դպիրների «Ամէն»-ից հետո սարկավագն էլ հիշատակություններ է անում, կրկնելով, գրեթե, այն, ինչ որ քահանան խնդրել էր: Այդ ընթացքում քահանան, ծածուկ, շարունակում է հիշատակել ու աղոթել ժողովրդի համար՝ ուխտավորների, աղքատների,  հանգուցյալների,  ինչպես  նաև  բոլոր ապրողների բարօրության համար: Եվ հետո բարձր ձայնով օրհնում է ժողովրդին՝ ասելով.

«Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուծոյ եւ Փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ, ընդ ամենեսեան»: (Եվ մեծ Աստուծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ողորմությունը թող լինի ձեզ և բոլորի վրա):

Այնուհետև հաջորդում է սարկավագի մի նոր քարոզը՝ տեսակ-տեսակ խնդրանքներով և աղաչանքներով, որոնց ամեն մեկին դպիրները պատասխանում են «Տէր, ողորմեա՛»-ով:

Այս քարոզով վերջանում են և՛ խնդրանքները, և՛ հիշատակությունները:

Քահանան բարձրաձայն ասում է.

«Եւ տո՛ւր մեզ համարձակաձայն բարբառով բանալ զբերանս մեր, կարդալ զքեզ, երկնաւորդ Հայր, երգել եւ ասել»: (Թույլ տուր մեզ համարձակ ձայնով բացել մեր բերանը, աղաչել քեզ, երկնավոր Հայր, երգել և ասել):

Եվ ժողովուրդը (դպիրները), որպես իր խնդրանքների փակում, երգում է Տերունական աղոթքը՝ «Հայր մեր»-ը, մինչ քահանան ծածուկ աղոթում է Աստծուն.

«… Մի տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ ի չարէ եւ ապրեցո ի փորձութենէ»: (…Մեզ մի տար փորձության, այլ փրկիր չարից և ազատիր փորձությունից):

«Հայր մեր»-ից հետո քահանան խաղաղություն է տալիս ժողովրդին և ծածուկ արտասանում «Խոնարհման Աղօթքը» խնդրելով Աստծուց.

«Ողորմեա՛ ժողովրդեանս, որք խոնարհեալ երկիր պագանեն առաջի Աստուածութեանդ քո» ևն: (Ողորմիր այս ժողովրդին, որ խոնարհված երկրպագում են քո Աստվածությանը):

 

Նախորդ գլուխը՝

ԿԱՆՈՆ

 

Հաջորդ գլուխը՝

ՎԵՐԱՑՈՒՄ