Ամբակումի մարգարեության մեկնություն 3։5

Բացատրական Աստվածաշունչ
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

5-7. Նրա երեսի առջևից ժանտախտն է գնում, և Նրա ոտնահետքերով՝ կիզիչ հողմը։ [5] Նա կանգնեց և սասանեց երկիրը, նայեց և սարսափի մատնեց ազգերին. դարավոր լեռները փուլ եկան, հինավուրց բլուրները խոնարհվեցին. Նրա ճանապարհները հավիտենական են։ Տխուր տեսա Եթովպիայի վրանները, սասանվեցին Մադիամի երկրի վրանները։ : (Սինոդական թարգ․)
   
   5−7−րդ համարները նկարագրում են Աստծու հայտնությանն ուղեկցող տարբեր սարսափելի երևույթներ, ընդ որում՝ այդ երևույթների պատկերները բազմիցս կիրառված են նաև Սուրբ Գրքի այլ հատվածներում: Այսպես, ժանտախտի (եբր.՝ «դեբեր») և մահացու տապի (եբր.՝ «րեշեֆ») մասին խոսող 5−րդ համարին զուգահեռներ են Ելք 9:3 և Բ Օր. 32:24 հատվածները: Յոթանասնիցի տեքստում «դեբեր» բառը, որն ակնհայտորեն ընթերցվել է որպես «դաբար» («խոսք») (ինչը միշտ հնարավոր է ձայնավորների բացակայության դեպքում) փոխանցվել է որպես «λόγος» («խոսք»): Հունարեն-սլավոներեն տեքստերում այլ կերպ է փոխանցվում նաև 5−րդ համարի երկրորդ կեսը:

   Երանելի Հերոնիմոսը նկատում է. «Եթե մենք ընթերցենք ըստ Յոթանասնիցի՝ «Նրա երեսի առջևից կընթանա Խոսքը, և Նրա հետքերով դաշտ պիտի ելնի”, ապա սա նշանակում է, որ Աստծու Խոսքը Նրա գալստից առաջ (որն այստեղ այլաբանորեն կոչվում է «երես»), պիտի նախորդի Նրան և պատրաստի հավատացյալների սրտերը՝ ուղղելով սխալները և հարթի անհարթը, որպեսզի լսողի հոգին, ինչպես մշակված դաշտ, կարողանա ընդունել հոգևոր սերմը» (Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898, էջ198):

   Ինքը՝ երանելի Հերոնիմոսը, «րեշեֆ»−ի առնչությամբ ընդունում է ժամանակակից հրեաների կարծիքը, որոնք «րեշեֆը» համարում էին դևերի իշխանի անուն (ինչպես Բեեղզեբուղը, Մատթ. 12:24), որն օձի կերպարանքով դրախտում գայթակղեց Եվային և այդ անունը ստացավ Աստծու կողմից տրված անեծքից (որպես լանջի և որովայնի վրա սողացող): Վուլգաթայում 5−րդ համարի երկրորդ կեսը «et egredietur diabolus ante pedes eius» տարբերակով է փոխանցվում՝ այստեղ տեսնելով Տիրոջ՝ անապատում սատանայի կողմից քառասնօրյա փորձության մասին կանխատեսումը (տե՛ս երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 197, 198): Այնուամենայնիվ նախընտրելի է մնալ եբրայերեն մասորեթական տեքստի ուղիղ, բառացի իմաստին: «Այս ամենով (3−7-րդ համարներ) մարգարեն մեզ ցույց է տալիս Աստծու անասելի զորությունը, որովհետև Աստծու նախախնամությանն անմիջապես հետևում է հենց գործը: Միայն կամենալով (ինչը մարգարեն արտահայտում է «կանգնեց և նայեց» խոսքերով)՝ Նա սասանում է երկիրը, կործանում մարդկային ցեղը, պատռում լեռները և այնպես անում, որ բլուրները մոմի պես հալվեն: Սակայն այս ամենը և նման գործերը Աստված անում է մարդկանց օգտի համար: «Գնալ» անվանելով մարգարեն նկատի ունի Աստծու գործերը, և ասվածով նաև ակնարկում է Խաչը, որն էլ փրկություն եղավ ամենքի համար: Նրա վրա կանգնեց Տերը՝ Քրիստոս, սասանեց երկիրը, շարժման մեջ դրեց և պատռեց լեռները, սարսափի մատնեց դևերին, կործանեց լեռների և բլուրների վրա կառուցված մեհյանները՝ նախասահմանելով այս ամենը աշխարհի սկզբից մինչև վախճանը և կատարելով դա վերջին օրերին» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակում մարգարեի գրքի մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ., էջ 34):

   7−րդ համարի մասին մեկ նկատառում. Մադիամի և Եթովպիայի (սրանք, հավանաբար, մադիամացիներին մերձ և ազգակից ցեղեր են) մասին խոսքի պատմական հիմքը Մովսեսի օրոք և Գեդեոնի ժամանակներում մադիամացիների կրած պարտության փաստերն են (տե՛ս Թվեր. 31:7 և այլն, Դատ. 7:21):

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ:
(Արարատ թարգ․) Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։
(Գրաբար) Առաջի երեսաց նորա գնասցէ բան. եւ ելցէ ի դաշտս զկնի նորա.