Ամբակումի մարգարեության մեկնություն 3։5

Ա. Լոպուխին

5-7. Նրա երեսի առջևից ժանտախտն է գնում, իսկ Նրա հետքերով, այրող քամին: [5] Նա կանգնեց և երկիրը շարժվեց, նայեց և ազգերին դողացրեց, դարավոր լեռները ընկան, հավիտենական բլուրները հալվեցին, Նրա ուղիները հավերժական են: Եթովպական վրանները տխուր եմ տեսել, ցնցվեցին Մադիամի երկրի վրանները: (Սինոդական թարգ․)
   
   5−7−րդ համարները նկարագրում են Աստծու հայտնությանը ուղեկցող տարբեր սարսափելի երևույթներ, այն դեպքում, երբ այդ երևույթների պատկերները բազմիցս օգտագործվել են նաև այլ սուրբգրային հատվածներում: Այսպիսով՝ ժանտախտի (եբրայերեն՝ «դէվէր՝ дэвэр») և մահացու տապի (եբրայերեն՝ «րէշէֆ՝ рэшэф») մասին խոսող 5−րդ համարի համար որպես զուգահեռներ ծառայում են Ելք. 9:3 և Բ Օր. 32:24 համարները: Յոթանասնիցի տեքստում «դէվէր՝ дэвэр» բառը, ակնհայտորեն, ընթերցվել է որպես «դաբար՝ дабар», «խոսք»−ը (ինչը միշտ հնարավոր է ձայնավորեցման բացակայության դեպքում) փոխանցվել է «λόγος, խոսք» բառի միջոցով: Հունարեն և սլավոներեն տեքստերում այլ կերպ է փոխանցվում նաև 5−րդ համարի երկրորդ կեսը: Երանելի Հերոնիմոսը նկատում է. «Եթե մենք Յոթանասնիցի համաձայն ընթերցենք, ապա կլինի՝ «Նրա երեսի առջևից խոսքը կգնա, և նրա հետևից դաշտերը կելնեն», ուստի սա նշանակում է, որ Աստծո խոսքը, որն այժմ այլաբանորեն կոչվում է անձ, կնախորդի Նրան Իր գալուստից առաջ և կպատրաստի հավատացյալների սրտերը, որպեսզի սխալները շտկի և հավասարակշռի անհավասարը, և որպեսզի լսողի հոգին, ինչպես մշակված դաշտ, կարողանա ընկալել հոգևոր սերմը» (Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898, էջ 198): Հենց նույն Հերոնիմոսը «րէշէֆ՝ рэшэф»−ի առնչությամբ ընդունում է ժամանակակից հրեաների կարծիքը՝ «Րեզեֆը» համարելով դևերի իշխանի անունը (ինչպես Բեղզեբուղը, Մատթ. 12:25), որը օձի պատկերով դրախտում գայթակղեց Եվային և այդ անունը ստացավ Աստծո կողմից տրված անեծքից (Քո լանջի և որովայնի վրա սողաս), իսկ Վուլգաթայում 5−րդ համարի երկրորդ կեսը «et egredietur diabolus ante pedes eius» տարբերակով է փոխանցվում՝ այստեղ անապատում Սատանայի կողմից Տիրոջ քառասունօրյա փորձության մասին կանխատեսում տեսնելով (տե՛ս Երանելի Հերոնիմոս, նույն տեղում, էջ 197, 198): Սակայն ավելի լավ է կանգ առնել եբրայերեն մասորեթական տեքստի ուղիղ, բառացի իմաստի վրա: «Այս ամենով (3−7 համարներ) մարգարեն մեզ ցույց է տալիս Աստծո անասելի զորությունը, որովհետև Աստծու նախախնամությանը անմիջապես հետևում է հենց գործը: Միայն ցանկությամբ (սա մարգարեն արտահայտել է «ста и призре» բառերով)՝ Նա շարժում է երկիրը, խորտակում է մարդկային ցեղը, քանդում է լեռները և այնպես է անում, որ բլուրները մոմի պես հալվեն: Աստված այս ու նման բաներն անում է մարդկանց օգուտի համար: Քանի որ մարգարեն գործ է կոչում «գալուստը», որն էլ նշանակում է խոստացված և բոլոր մարդկանց տրված փրկության Խաչը: Նրա վրա կանգնեց Տեր Քրիստոսը և շարժեց երկիրը, շարժման մեջ դրեց և քանդեց լեռները, դևերին սարսափի մատնեց, կործանեց լեռների և բլուրների վրա կառուցված մեհյանները՝ դա աշխարհի սկզբից մինչև վերջ սահմանելով և վերջին օրերին կատարելով» (Թեոդորիտ, Ամբակում մարգարեի գրքի մեկնություն, Ս. Պոսադ, 1907 թ., էջ 34):

   6−րդ համարի մասին մեկ նկատառում. Մադիամի և Եթովպիայի (սրանք, հավանաբար, մադիամացիներին մերձ և ազգակից ցեղեր են) մասին խոսքի պատմական հիմքը Մովսեսի և Գեդեոնի ժամանակներում մադիամացիների կրած պարտության փաստերն են (տե՛ս Թվեր. 31:7 և այլն, Դատ. 7:21):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նրա առջեւից լուրը կը գնայ եւ դաշտ դուրս կը գայ նրանից յետոյ:
(Արարատ թարգ․) Նրա առաջից ժանտախտն էր գնում, նրա ոտքերի հետևից հրատագնապ տենդ էր դուրս գալիս։
(Գրաբար) Առաջի երեսաց նորա գնասցէ բան. եւ ելցէ ի դաշտս զկնի նորա.