Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Պիտի փշրեմ Դամասկոսի դարպասների փականները ու վերացնեմ Ովնի հովտի բնակիչներին և Եդենի տնից գավազանը բռնողին: Եվ արամեական ժողովուրդը պիտի գերության տարվի Կիր»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[5]
«Պիտի փշրեմ Դամասկոսի դարպասների փականները»․«bericha»` քաղաքի դարպասների փականները, իսկ սլավոնական թարգմանության մեջ` «вереи»: 5-րդ համարում տեղ գտած աշխարհագրական անունները տարբեր կերպ են հասկացվում: Եբրայերեն «bigath-aven» (ռուսերեն՝ «Ովնի հովիտները», սլավոներեն՝ «Ովնի դաշտերից»): Որոշ մեկնիչներ այս տեղանունը համարում են Լիբանանի ու Անդրլիբանանի`Կելեսիրիայի միջև գտնվող դաշտի (արաբերենում՝ el Biga) ու այդ դաշտավայրի քաղաքների անվանումը, որն էլ հետագայում կոչվել է Հելիոպոլիս կամ Բաալբեկ:
Ենթադրվում է, որ մարգարեի մոտ Ավեն կամ Ովն քաղաքն իր անվանումը ստացել է եգիպտական Ովն քաղաքի հետ նմանության պատճառով (Ծննդ. 41։45, 50, 46։20)։ Ավենը կամ Ովնը արևի պաշտամունքի քաղաք էր համարվում, իսկ այդ պաշտամունքը, Մակրոբիոս (Սատուրնալիաներ, I, 23) և Ղուկիանոս Սամոսատցու (սիրիական աստվածուհու մասին 5) վկայությունների համաձայն, Կելեսիրիա էր փոխադրվել Եգիպտոսից: Այլ մեկնիչներ (Յունգերով, Գոոնակեր) եբրայերեն «aven» բառը հասկանում են որպես «անօրենություն» իմաստ ունեցող հասարակ անուն։ Ուստի «bigath-aven» արտահայտությունը թարգմանում են «անօրենության հովիտ»: Գոոնակերի կարծիքով Կելեսիրիան այն պատճառով կարող էր «անօրենության հովիտ» կոչվել, քանի որ նրա մուտքի մոտ` Հերմոնի ստորոտին էին կատարում Բահաղ−Գոդի պաշտամունքը (եբրայերեն՝ «Beth-Eden», ռուսերեն` «Եդենի տնից», սլավոներենում` «Խառանի տղամարդկանցից»): Այս տարածքը սովորաբար նույնացնում են Աշուրբանիպալի և Սալմանասար Երկրորդի սեպագիր արձանագրություններում հիշատակվող «Bit−Adini» տեղանվան հետ, որը Եփրատի երկու ափերին ընկած Արամեական թագավորությունն էր:
Այս պարագայում մարգարեի խոսքերն այն իմաստն են ստանում, որ արամեացիների ամբողջ շրջանը՝ Լիբանանից (bigath-aven) մինչև Եփրատ, հարվածի տակ է ընկնելու: Որոշ մեկնիչներ (Յունգերով), սակայն, «beth-eden» արտահայտությունը հասկանում են որպես «ուրախության տուն» իմաստ ունեցող հասարակ անուն, և այդ անվանումը վերագրում են Դամասկոսին, որն առանձնանում էր իր տեղանքի գեղեցկությամբ ու երկրի բերրիությամբ: Սակայն «bigath-aven» ու «beth-eden» արտահայտությունները՝ որպես հատուկ անուններ ընկալելու պարագայում, համատեքստն ավելի լավ է պահպանվում, և խոսքն ամբողջական և ամփոփ տեսք է ստանում:
«Գավազան բռնողը» (thonteh)․ Այս արտահայտությունը մատնանշում է հենց անկախ տիրակալին, այլ ոչ թե նրա տեղապահին : «Եվ արամեական ժողովուրդը պիտի գերության տարվի Կիր». արամեացիները Սեմի սերունդներն էին` մի ժողովուրդ, որն ազգակից էր հրեաներին (Ծննդ. 10։22−25): Կիր երկրի գտնվելու վայրն անհայտ է։ Ենթադրվում է, որ այն եղել է Հյուսիսային Հայաստանում (Բաուր), Հալեպից դեպի հյուսիս (Սոցիան), Հարավային Բաբելոնում (Գալևի), Մարաստանում (Շրադեր), Որոտանի ու Եփրատի միջև (Դիլլման):
Սիրիացիների գերության և բնաջնջման մասին Ամոսի մարգարեության իրականացումը կարելի է տեսնել Ասորեստանի Թիգլաթպալասար Գ թագավորի կողմից Դամասկոսի գրավվման փաստի մեջ: Թիգլաթպալասարն ավերեց Դամասկոսը, սպանեց Դամասկոսի թագավոր Ռեցինին ու քաղաքի բնակչությանը տեղափոխեց իր թագավորության հեռավոր շրջաններ (Դ Թագ. 16։9, Ես. 7։1−10): «Եդենովի տնից գավազանը բռնող» արտահայտության փոխարեն հունարենից թարգմանված սլավոներեն տեքստում «Եվ ես կվերացնեմ Խառանի տղամարդկանց ցեղը» տարբերակն է:
Հավանաբար Յոթանասնիցը եբրայերեն «thomech» (բռնող) բայը ծագեցրել է «damah» բայից, որը նշանակում է «ոչնչացնել», իսկ «schevet» (գավազան) հասկացել է որպես «φυλή»` ցեղ, ազգատոհմ, «mibbeith eden» բառերը ընթերցել է որպես «mibbeith aran» ու «ἐξ ἀνδρων Χαρρᾶν» տարբերակով է թարգմանել։ Եբրայերեն «Kiroh» բառը (Կիրում) Յոթանասնիցը հասկացել է իբրև «coru» (վերջինս էլ ծագում է «կոչել, անվանել» նշանակող «karah» բառից) և թարգմանել է որպես «ἐπίκλητος» (հայտնի)։ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի՝ «ասորական ընտիր ժողովուրդը» տարբերակը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Պիտի խորտակեմ Դամասկոսի նիգերը: Պիտի ոչնչացնեմ Ովնի դաշտի բնակիչներին: Պիտի կոտորեմ Խառանի տոհմը: Գերի պիտի ընկնի ասորիների ընտիր ժողովուրդը, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։ Գազա
(Գրաբար) Եւ խորտակեցից զնիգս Դամասկեայ. և սատակեցից զբնակիչս դաշտացն Աւնայ. և կոտորեցից զազգն յարանց Խառանու. և գերեսցի ընտիր ժողովուրդն Ասորւոց՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: