Անգեի մարգարեության մեկնություն 2։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

6-9. «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Եվս մեկ անգամ, և դա շուտով կլինի, Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը»»։[6] «Եվ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, և պիտի գա բոլոր ազգերի Ցանկալին, և այս տունը պիտի լցնեմ փառքով, - ասում է Զորությունների Տերը»։ «Իմ արծաթն ու Իմ ոսկին, - ասում է Զորությունների Տերը»: «Այս վերջին տան փառքն ավելի մեծ պիտի լինի նախորդի փառքից - ասում է Զորությունների Տերը, - և այս տեղում Ես խաղաղություն եմ տալու, - ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․)
   
   Նախորդ 5−րդ համարում հիշատակելով Տիրոջ կնքած ուխտն Իր ժողովրդի հետ՝ որպես վերջինիս հույսի գլխավոր հիմքը, մարգարեն այժմ՝ 6−րդ համարում, վերարտադրում է Սինայում օրենսդրության պատկերը կամ միջավայրը՝ հատկապես մատնանշելով ֆիզիկական և բարոյական կյանքում տեղի ունեցած սարսափելի երևույթները, որոնք ուղեկցում էին օրենքի տվչությանը։ Այստեղ էլ մարգարեն Սինայում օրենքի տվչության իրադարձության հետ համեմատում է ապագա համաշխարհային աղետը, որը պիտի նախորդի տաճարի և ժողովրդի արտասովոր փառավորմանը:

   Ի՞նչ է նշանակում երկրի և երկնքի, ծովի ու ցամաքի (6−րդ համար), ինչպես նաև բոլոր ազգերի (7−րդ համար) ցնցումը, որի մասին այժմ խոսում է մարգարեն: Սինայի օրենսդրության ժամանակ բնության և ժողովուրդների վրա գործած ազդեցությանը զուգահեռ դրվելով՝ Աստծու ներգործությունը ազգերի վրա, ակնհայտորեն, պիտի լինի Իսրայելի ճշմարիտ կրոնի բարոյական ազդեցությունը հեթանոսական աշխարհի վրա: Այդ ներգործության բնույթի, հետևանքների և հատկությունների մասին կարելի է դատել միայն 7−րդ համարի դժվարմեկնելի «բաու խեմդաթ քոլ հագգոյիմ» արտահայտության իմաստը հասկանալուց հետո: Ի՞նչ իմաստ ունի այստեղ «խեմդա» արտահայտությունը, որը սովորաբար նշանակում է ցանկություն, ցանկալի առարկա և, ի վերջո, թանկարժեք բան: Այս հարցի շուրջ հին թարգմանությունների, ինչպես նաև հին և նոր մեկնիչների մոտեցումները բաժանվում են երեք հիմնական խմբի: Ոմանք վերացական «խեմդա» արտահայտությանը որոշակի իմաստ են հաղորդում և այստեղ անձնավորված Մեսիայի՝ որպես բոլոր ազգերի Ցանկալիի  մասին մատնանշում են տեսնում: Այս իմաստով է վերոհիշյալ հատվածը փոխանցում Վուլգաթան՝ «veniet Desideratus cunctis gentibus», իսկ ռուսերեն սինոդական թարգմանությունը՝ «и придет Желаемый всеми народами» (և գալու է բոլոր ազգերի կողմից Ցանկալին): Սակայն որքան էլ նման մեկնությունը բնական և ճշմարտանման է հնչում այս հատվածի աստվածաշնչյան մեսիական գաղափարի պատմության տեսանկյունից, այնուամենայնիվ ուսումնասիրվող հատվածում Մեսիայի անձի վերաբերյալ մատնանշում տեսնել թույլ չեն տալիս ո՛չ քերականական կառուցվածքը («բաու»՝ “կգան” ստորոգյալը հոգնակի թվով է), ո՛չ էլ կառուցվող տաճարի ապագա փառքի մասին պատմող հատվածի համատեքստը: Ավելին, հին հեթանոս ազգերի վերաբերմունքը աստվածաշնչյան Իսրայելի և նրա մեսիական սպասումների նկատմամբ կարող էր շատ տարբեր լինել և, իրապես, խիստ տարբեր էր:

   Երանելի Թեոդորիտոսը 7−րդ համարում հիշատակված ազգերի ցնցումը հասկանում է որպես Աստծու զորության տարած հաղթանակ Իսրայելին և Աստծուն թշնամի ժողովուրդների՝ Գոգի ու Մագոգի դեմ. «Այստեղ կանխատեսվում է Գոգի ու Մագոգի մասին, երբ նրանք բազմաթիվ այլ ազգերի հետ համարձակվեցին դուրս գալ Երուսաղեմի դեմ: Աստված դա թույլ տվեց և այնպես արեց, որ նրանք, միմյանց դեմ զինվելով, կործանվեցին միմյանց ձեռքով, իսկ նրանց հարստությունը Տերը տվեց տաճարը շինողներին» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 62):

   Հաշվի առնելով Մեսիայի անձի վերաբերյալ տեքստում եղած մատնանշումների անբավարար լինելը՝ թարգմանություններն ու մեկնիչները «խեմդա» արտահայտությունն ավելի սերտ կապի և կախվածության մեջ են դնում «քոլ−հագգոյիմ» (բոլոր ազգերի) արտահայտությունից, և այս պարագայում ևս կարծիքները երկու մասի են բաժանվում։ Դրանցից մեկի համաձայն՝ «խեմդա քոլ−հագգոյիմ» ամբողջ արտահայտությունը նշանակում է «բոլոր ազգերից ընտրյալներն ու լավագույնները» (ովքեր պետք է մտնեն Աստծու Արքայություն), իսկ երկրորդ տեսակետի համաձայն՝ այն նշանակում է «բոլոր ազգերի հարստությունները, թանկարժեք ընծաները», այսինքն՝ այն հարստությունները, որոնք ազգերն իբրև ընծա պիտի բերեն Երուսաղեմի տաճարին): Այս տեսակետներից առաջինն արդեն մուտք է գործել Յոթանասնից (ἥξει τὰ ἐκλεκτὰ πάντων τῶν ἐθνῶν), ինչպես նաև լատիներեն − հին իտալերեն (venient omnia electa gentium) թարգմանությունների մեջ, իսկ սլավոներենում «приидут избранная всех языков» (պիտի գան բոլոր ազգերի ընտրյալները) տարբերակն է: Քննարկվող երկու կարծիքներն էլ հավասարապես ընդունելի են, քանի որ դրանք երկուսն էլ ունեն իրենց զուգահեռները՝ օրինակ Եսայի մարգարեի Երուսաղեմի ապագա փառքի պատկերման մեջ (գլուխ 60): Խոսքի համատեքստին ավելի մոտ է «խեմդա» արտահայտությունն ընկալել իբրև ընծաներ, որոնք Երուսաղեմի տաճար պիտի բերեն դեպի Տեր Աստված դարձած հեթանոս ազգերը  (ընթերցի՛ր 3−րդ համարը, որտեղ խոսվում էր կառուցվող տաճարի աղքատության մասին, և 8−րդ համարը, որտեղ հատուկ շեշտադրմամբ խոսվում է այն ոսկու և արծաթի մասին, որը ժամանակավորապես գտնվում են հեթանոսների ձեռքում, սակայն ըստ էության պատկանում է միակ Տեր Աստծուն)։ Այս դեպքում ուսումնասիրվող արտահայտության համար իբրև ամբողջական զուգահեռ են ծառայում Ես. 60:5−ի «խել գոյիմ յաբոու լախ» (ազգերի հարստությունը քեզ մոտ է գալու) բառերը:

   7−րդ համարի երկրորդ հատվածը` այս տունը պիտի լցնեմ փառքով, ասում է Զորությունների Տերը, ավելի որոշակի է խոսում համաշխարհային ու ազգային այն հեղաշրջումների հետևանքների վերաբերյալ, որոնց մասին հիշատակվում է այս համարի առաջին հատվածում: «Բոլոր ազգերի ցնցման» (7−րդ համարի առաջին մաս, 22-րդ համար) էական հետևանքներից մեկը լինելու է այժմ կառուցվող Տիրոջ տան լցվելը արտասովոր փառքով: Այդ փառքի արտաքին տեսանելի կողմը լինելու է ազգերի հարստությունների հոսքը դեպի Երուսաղեմի տաճար, ինչի մասին թեև ուղիղ կերպով չի նշվում 8−րդ համարում, սակայն դա այսպես է վերաշարադրում երանելի Թեոդորիտը. «Ոչ թե օտարինն եմ Ինձ վերագրում, այլ Իմ ունեցածն եմ կրկին վերադարձնում. Ես առատաձեռնությամբ նրանց հարստություն տվեցի, սակայն քանի որ նրանք չճանաչեցին առատաձեռնությամբ Տվողին, ուստի օրինավոր կերպով զրկում եմ նրանց այդ պարգևներից» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 62):

   9−րդ համարի ընթերցման ժամանակ եբրայերեն մասորեթական և հունարեն Յոթանասնից տեքստերում կառուցվածքային տարբերություն է նկատվում։ Եթե եբրայերեն տեքստում երկրորդ տաճարի փառքը համեմատվում է առաջինի փառքի հետ (ռուս. սինոդական՝ «слава сего последнего храма будет больше, нежели прежнего» - այս վերջին տաճարի փառքն ավելի մեծ պիտի լինի նախորդի փառքից), ապա Յոթանասնիցում համեմատություն է կատարվում միևնույն տաճարի ունեցած սկզբնական և վերջնական փառքի միջև` «ή δὸξα τοῦ σἰκου τούτου, ή ἐσχὰτη ὐπέρ τήν πρώτην», սլավոներեն` «велия будет слава храма сего последняя паче первыя» (այս տաճարի վերջին փառքն ավելի մեծ է լինելու նախկինից):

   Բառերի այս վերջին դասավորությունը, որի դեպքում Տեր Աստծու տաճարը կարծես միշտ նույնական է ներկայացվում և տարբերվում է միայն իր դրսևորումներով, առաջինից ավելի նախընտրելի է, քանի որ ավելի է համապատասխանում մարգարեական այն հայեցողությանը, ըստ որի փրկության պատմությունը շարունակական և անխափան ընթացք է: «Մարգարեն ասում է,− նշում է երանելի Թեոդորիտոսը,− որ այս տաճարն ավելի փառավոր է լինելու ոչ թե շենքի մեծությամբ և շքեղությամբ, այլ նրանով, որ կործանվելու են հեթանոս ազգերը, քանի որ ամենուր տարածվող լուրերով բացահայտվելու է ամենակալ Տիրոջ զորությունը» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 62):

   «Եվ այս տեղում Ես խաղաղություն եմ տալու»,− ասում է Զորությունների Տերը: Ո՞ր տեղում և ինչպիսի՞ խաղաղություն: Առաջին հերթին՝ տաճարում, իսկ այնուհետև առհասարակ՝ Երուսաղեմում (որը նշանակում է «խաղաղության հիմք»` համաձայն եբրայերեն բառիմաստի), որը, ինչպես նաև Սիոնը, մարգարեական հայեցողության մեջ հաճախ է սերտորեն մոտեցվում և կարծես թե նույնացվում տաճարի հետ (Ես. 2:3, Միք. 4:2): Խաղաղությունը, որը Տերը խոստանում է Իր ժողովրդին կառուցվող սուրբ տաճարում և սուրբ քաղաքում՝ համաձայն այն ժամանակ ակնկալվող քաղաքական փոփոխությունների, ամենից առաջ պետք է հասկանալ որպես Աստծու ժողովրդի արտաքին անվտանգությունից բխող խաղաղություն՝ քաղաքական խաղաղություն, իսկ այնուհետև հոգևոր՝ խղճի մտոք Աստծու հետ հաշտ խղճով հոգիների խաղաղություն: «Ոչ միայն կդադարեցնեմ մարդկանց սանձազերծած պատերազմները, այլև նրանց աստվածային խաղաղություն կտամ, որը փրկություն կբերի հոգիներին» (Երանելի Թեոդորիտոս, վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 63):

   Չնայած ուսումնասիրվող մարգարեության մեջ (6−9−րդ համարներ) ուղղակի մատնանշումներ չկան Մեսիայի անձի վերաբերյալ, այնուամենայնիվ, հատվածի ընդհանուր մեսիական իմաստն ակնհայտ է դառնում տեքստի արդեն ներկայացված քննությունից: Բացի այդ՝ ապացուցվում է եբրայեցիներին ուղղված նամակում (Եբր. 12:26) Պողոս առաքյալի՝ երկնքի և երկրի երկրորդ անգամ (Սինայում օրենքի տվչությունից հետո) ցնցելու մասին Անգեի մարգարեությանը հղում կատարելով: Սակայն այն հարցը, թե հստակ որ ժամանակին է վերաբերում այս մարգարեության իրականացումը, պատկանում է Աստծու թագավորության այն խորհուրդների շարքին, որոնք դեռ երկար ժամանակ մնալու են իբրև կնքված գիրք: Միայն կարելի է ասել, որ այս մարգարեության իրականացումը տեղի է ունենալու ոչ թե ակնթարթային, այլ լինելու է երկարատև՝ ամբողջ դարեր ընդգրկող ընթացք։ Միայն դրա սկիզբը, համաձայն 6−րդ, 21−րդ և 22−րդ համարների, կարելի է առնչել այն ժամանակներին, որոնք ոչ հեռավոր ապագայում հաջորդելու են մարգարեի խոսքերին, այսինքն՝ մարգարեի կանխատեսած բոլոր ազգերի ցնցումների սկիզբը կարելի է տեսնել դրանից անմիջապես հետո սկսվող հաճախակի և արագ տեղի ունեցող քաղաքական հեղաշրջումների և հին միապետական կարգերի հերթափոխման մեջ:

--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քաջալերուեցէ՛ք, - ասում է Ամենակալ Տէրը, - այն խօսքով, որ ես կնքեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից դուրս գալիս, եւ իմ հոգով, որ կայ ձեր մէջ:
(Արարատ թարգ․2:5) «Ըստ այն խոստումի, որ տվել եմ ձեզ, երբ դուք դուրս էիք գալիս Եգիպտոսից, իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք»։
(Գրաբար) Եւ բանն զոր ուխտեցի ընդ ձեզ՝ յելանելն յերկրէն Եգիպտացւոց, եւ հոգին իմ որ կայ ի միջի ձերում. քաջալերեցարուք,