Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
32-37. Զինուորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս եւ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել: Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ: Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք: Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի: Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:
Գողգոթային երեք խաչյալներին մեռցնելով վահր իջեցնելու հրամանը բերող պատգամավորը տեղ հասավ ճիշտ այն պահին, երբ Հիսուս ավանդեց Իր հոգին։ Անշուշտ, հրամանը հաղորդվեց հսկող հայրուրապետին, իսկ նա էլ նույնը հրամայեց յուրաքանչյուր խաչյալի պահպանությանը նշանակված չորսական զինվորներին։ Երկու ավազակներին հատկացված զինվորներն անմիջապես գործի անցան․ հռոմեացի դահիճների համար սովորական ձևերով սկսեցին ջախջախել ու ջարդուփշուր անել խաչյալների սոկորներն ու ազդրերը և այդպես չարաչար մեռցնել երկու ավազակին։ Հիսուսի պահպանությանը հատկացված չորսը դեռ նոր էին լսել Նրա վերջին հառաչանքը, տեսել գլխի թեքելը, բերանի վերջին շարժումը, զգացել էին, որ վերջին շունչը փչել է, սակայն հրաշալի նշաններից զգացած սարսափն ու բնական բերմամբ վկայությունները դեռ հուզում էին իրենց։ Չհամարձակվեցին, իրենց մյուս ընկերների նման, Հիսուսի վրա հարձակվել ու ջախջախել նրա ոսկորները։ Սակայն մյուս կողմից կամենալով համոզվել, որ Հիսուս մահացել է և չուզենալով կիսամեռ վիճակում Նրան նոր չարչարանք պատճառել, մեկը ձեռքի տեգը երկարելով դեպի վեր, ծայրով խոցեց Հիսուսի ձախ կողը՝ սիրտը վիրավորելու ու մահը վերջնական հասցնելու նպատակով։
Երբ Հիսուսի կողի խոցը բացվեց, անմիջապես, ըստ ավետարանիչի խոսքի, «Վաղվաղակի ել արիւն եւ ջուր»։ Ջուրն այստեղ, անշուշտ, չի կարելի ընդունել սովորական ու բնական իմաստով, որովհետև մարդկային մարմնից այդպիսի նյութ չի արտադրվում, այլ ջուրը դրված է արյան դիմաբաժանմամբ։ Հիսուսի մարմնից այնքան արյուն էր հոսել, արյան կենտրոնը եղող սրտից արյունը սպառվել էր, ուստի արյան հետ սրտում եղած ավիշն էլ է սկսում դուրս գալ։ Ավիշն արյան նման կարմիր չէ, այլ սպիտակին տվող հեղուկ է, որ արյան համեմատ սպիտակ ջրի նմանություն ունի, և ավետարանիչը գործածական լեզվով, այլ ոչ թե բժշկական բառերով կարող էր ասել, թե արյուն և ջուր դուրս եկավ։
Քանի որ երևույթն անսովոր էր և լսողներին կարող էր կասկածելի թվալ, ավետարանիչն իր անձնական վկայությունն է դնում այստեղ․ «Ես այնտեղ ներկա էի, երբ զինվորը խոցեց․ և երբ խոցից արյուն հոսեց, միայն կարմիր արյուն չէր հոսածը, այլև սպիտակ ջուր․ ուստի աչքովս տեսածն եմ պատմում և կարող եք վստահ լինել, որ ասածս զուտ ճշմարտություն է, երդմամբ էլ հաստատում եմ վկայությունս, որպեսզի չկասկածեք ու հավատաք»։
Եղան այնպիսիները, ովքեր կամեցան Հիսուսի կողից արյուն ու ջուր դուրս գալուն խորհրդավոր նշանակություն տալ՝ պատմական նշանակությունը անհավատալի ցույց տալով։ Սակայն պատմական նշանակությունը բնական եղելությամբ է արդարանում՝ առանց դիմելու գերբնականին։ Իսկ պատմական եղելությունը պահելով մեկտեղ՝ մենք էլ համամիտ ենք խորհրդական նշանակություն տալուն, ու ոչ թե, ինչպես ոմանք են անում, լոկ մի ծիսական նշանակություն տալու՝ բաժակին ջուր խառնելու իմաստով, այլ քրիստոնեության երկու կենսատու խորհուրդների իմաստով, որոնք են Մկրտությունն ու Հաղորդությունը, որպես թե Սուրբ Եկեղեցին «ջրովն մաքրի, զարիւնն ըմպէ», ինչպես երգում է Շնորհալին։
Ավետարանիչն այդ առիթով երկու մարգարեության կատարումն է հիշատակում։ Դրանցից մեկն է՝ «Ոսկր նորա մի՛ փշրեսցի»։ Այդ խոսքը Մովսեսի օրենքից է, որ հրամայել էր զատկական գառնուկի համար․ թե «Ոսկր մի՛ բեկանիցէք ի նմանէ» Ելք. 12:46, որովհետև պետք էր զատկական գառը պատռտելով բաժանել, այլ ոչ թե դանակով կտրտել։ Որքան էլ Մովսեսի խոսքն ուղղակի զատկական գառի համար է ասված, սակայն այն էլ Հիսուսի օրինակն էր, որովհետև Ինքն էր «Գառն Աստուծոյ, որ բառնայ զմեղս աշխարհի» Հովհ․ 1:29, որ, խաչի վրա զենվելով, կատարեց աշխարհի ընդհանուր փրկագործությունը։ Մարգարեների գուշակություններում տառական իմաստով ասվածներից ավելի են խորհրդավոր իմաստով ասվածները։ Զատկական գառի և Հիսուսի միջև նմանությունը առիթ է տվել ոմանց ասելու, թե Հիսուս պետք է մեռներ զատկական գառի մորթվելու օրն ու ժամին, այն է նիսան 14-ի երեկոյան, այլ ոչ թե նիսան 15-ին, երբ զատկական գառն արդեն զենված և սպառված էչ։ Սակայն Հին Կտակարանի խորհրդավոր նմանությունները ընդհանուր պայմաններով և, գլխավորապես նպատակի ու գործողության պայմաններով են համեմատության դրվում, այլ ոչ թե օրվա ու ժամի հաշվով։ Եթե իրենց դրությունը խստիվ ընդունենք, պետք էր ասել, թե Հիսուս ժամը իննին չմեռավ, այլ տեսներկուսին, որովհետև արևամտին պիտի ուտվեր զատկական գառը։ Բացի այդ ուր պատմական եղելությունները հայտնի են ու հստակ, խորհրդավոր մեկնությունների կարիքը չկա։ Եթե նիսան 14-ը Հիսուսի մահվան օրը լիներ, ապա Հիսուս զատկական ընթրիքը կերած պիտի չլիներ, մինչև երեք ավետարանիչները բացահայտ կերպով վկայում են, թե կերավ։
Ավետարանիչի մեջբերած մյուս մարգարեությունն է․ «Հայեսցին ի նա՝ զոր խոցեցինն»։ Մեր թարգմանությամբ այդ խոսքը թարգմանված է Զաքարիայի մարգարեության մեջ․ «Հայեսցին առ իս փոխանակ կաքաւելոյն» Զաք․ 12:10, սակայն այդ տարբերությունը Յոթանասնից թարգմանության մեջ սպրդած տարբեր ընթերցվածների հետևանք է, որովհետև թե՛ եբրայեցերեն բնագիրը և թե՛ լատին թարգմանությունը չունեն «Հայեսցին առ իս՝ զոր խոցեցինն» տողը։
Այդ հատվածի վերաբերյալ կետերը լրացնելու համար հիշենք նաև, որ Հիսուսի կողը վիրավորող զինվորն ըստ ավանդության անվանված Ղոնդինոս, որ Ղուկիանոսից տարբեր անուն է, որովհետև առաջինը լատիներեն Longus=երկար բառից, սիկ երկրորդը լատիներեն Lucius=լուսավոր բառից է ածանցվել։ Ղոնդիոսի համար ասվում է, թե միականի էր և Հիսուսի կողից ցայտած արյունը փակ աչքին դիպչելով իսկույն բացվեց և Հիսուսի նկատմամբ նախօրոք ունեցած հավատքի մեջ ավելի հաստատվելով, աշակերտեց Ավետարանին ու մկրտվեց և, վերադառնալով Իտալիա, դարձավ Ավետարանի հայտնի քարոզիչ։ Իտալիայի Մանդուա քաղաքը Սուրբ Ղոնդինոսին իբրև իր առաջին եպիսկոպոս է ընդունում և լատին հայսմավուրքն ասում է, թե նահատակվել է Ներոնի հալածանքների ժամանակ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: