Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը, - որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց:
Օրն ուրբաթ էր, գրում է Հովհաննեսը, հաջորդ շաբաթն էլ մեծ օր էր, այդ պատճառով հրեաները մտածեցին, որ խաչվածների մարմինները գիշերը չմնան խաչերի վրա և Պիղատոսին դիմեցին, որպեսզի խաչերի վրա նրանց մեռցնելը ավարտեն և մարմինները ցած իջեցնեն։
Այստեղ պետք է նկատել, որ երեկոյան խաչվածների մարմինները ցած իջեցնելու հանգամանքը ո՛չ ուրբաթի և ո՛չ էլ շաբաթի հետևանքն է, այլ հրեական մեկ այլ օրենքի պահանջը: Հռոմեացիների սովորությամբ, մահապարտներին խաչի վրա կապելուց և կախելուց հետո, թողնում են այնքան, մինչև որ մեռնեն, որը սովորաբար երկու-երեք օր է տևում, և անգամ մինչև ութ օր մնացողներ էլ են եղել: Մեռնելուց հետո մարմինները կախված թաղնում են այնքան մինչև նեխեն և քայքայվեն: Սակայն հրեաների մոտ արգելված էր այդ նենգ սովորությունը. «Եթէ հասանիցեն ումեք մեղք մահապարտութեան եւ մեռանիցի, կախեսջիք զնա մի՛ ագանիցի մարմին նորա ի փայտին, այլ թաղելով թաղեսջիք զնա ի նմին աւուր» Բ Օր. 21:23: Հեսուն էլ, երբ Մակեդա քարայրում թաքնված հինգ թագավորներին, կախել տվեց, մինչև երեկո կախված մնացին. «Եւ եղեւ ընդ արեւմուտսն հրամայեաց Յեսու, եւ իջուցին զնոսա զփայտիցն» Հես. 10:27: Հրեաներն այդ օրենքը հաստատուն էին պահում քանի որ պղծություն էր համարվում կախվածների գիշերը մնալը, ուստի հռոմեացիների իշխանության ներքո էլ, հատկապես դիմում են դատավորին, որպեսզի թույլ տա խաչվածների մարմինը իջեցնել՝ եթե մեռած են, իսկ երբ կենդանի են տակավին՝ մեռցնել, նոր իջեցնել:
Այդ նպատակով, երբ դեռ շարունակվում էին Գողգոթայի քստմնելի գործողությունները, քահանայապետարանի գլխավորները կախեցին և դիմեցին Պիղատոսին, որպեսզի սովորության համաձայն, հրաման տա Գողգոթայի երեք խաչվածներին մեռցնել, և մարմինները իջեցնել և թաղել: Հռոմեացիք կախաղանի և խաչի դատապարտվածներին թաղման պատիվն էլ էին զլանում և մարմինները, կախված կամ նետված վիճակի մեջ, գիշատիչ թռչունների և գազանների կեր էին թողնում: Պիղատոսի համար ծանոթ էր խնդիրը և հեշտությամբ տալիս է պահանջած հրամանը:
Այդ պատմության մեջ Հովհաննեսի գործածախ «Քան զի Որբաթ էր» և դարձյալ՝ «Զի էր օր մեծ շաբթուն այնորիկ» բացատրություններն իբրև փաստ են ուզում գործածել նրանք, ովքեր պնդում են, թե ուրբաթը նիսան 14-ն էր, և դեռ այն երեկո պիտի կատարվեր գառնակերությունը և թե զատկի տոնը, այսինքն՝ նիսանի 15-ի օրը՝ հաջորդ շաբաթ օրվան էր ընկնում: Նախ «Ուրբաթ» բառը կարիք չկա երբեք որպես հասարակ անուն և պատրաստության օր հասկանալ, այլ պարզապես շաբաթվա վեցերորդ օրվա հատուկ անունն է, ինչպես որ ընդարձակ կերպով խոսել և բացատրել ենք արդեն (Մարկ. 15:25): Իսկ հաջորդ շաբաթ օրը «Օր մեծ էր» բնավ զատկի առաջին օր լինելը չի ցույց տալիս: Հրեաների համար հանգստյան օրերը տարվա բոլոր շաբաթ օրերն էին, իսկ շաբաթ օրվանից բացի հանդիպող տոնական օրերը երկրորդական հանգստի ձև ունեին, այսինքն՝ ինչ-ինչ գործեր, որ հասարակ շաբաթներին անելը ներելի չէին, տոնական հանգստյան օրերին կարող էին կատարել, մանավանդ այնպիսի գործեր, որոնք կապված էին անձնական կարիքների և պաշտոնական պահանջների հետ: Իսկ այն շաբաթ օրը, որ զատկի յոթնօրեքի մեջ է հանդիպում «շաբաթ շաբաթուց» է համարվում, առաջին և մեծ շաբաթն էր, ավելի նվիրական և ավելի մեծ, իրավամբ, «օր մեծ» կարելի է ասել, մանավանդ որ ավետարանիչը «օր մեծ» է ասում և «տօն մեծ» չի ասում: Նույն շաբաթ օրվա «մեծ» ասելու ուրիշ կարևոր պատճառ էլ կար: Զատկի առաջին օրվա հաջորդ օրը, «ի վաղիւ անդր աւուրն առաջնոյ» Ղևտ. 23:12, որն էլ նիսանի 16-ն էր, Հնձոց նվիրման օրն էր, այն օրը որաներ էին ընծայվում տաճարին, ինչպես նաև տարեկան ոչխար շաղված նաշիհ էր միասին զոհ մատուցվում: Հետևաբար այդ օրը քահանաների և քահանայապետերի համար նշանավոր գործողություններ անելու և շահագործելու օրն էր, շաբաթ օրը, որ նիսանի 16-ն էր, իրավացիորեն «օր մեծ էր» քահանայապետարանի համար: Ըստ այսմ, Հովհաննեսի Ավետարանի այդ հատվածի խոսքերն էլ բնավ վերջնական փաստ չեն հանդիսանում նրանց համար, որ հակառակ երեք ավետարանիչների ամենահայտնի վկայությունների, Հովհաննեսի Ավետարանից մեկնողաբար արված ենթադրություններով ջանում են խաչելության Ուրբաթ օրը, նիսանի 14-ը և հաջորդ շաբաթ օրը նիսանի 15-ը հաշվել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: