Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 20:21

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

21-23. Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին: Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»:
   
    Վերնատանը հավաքված անձինք պարզապես աշակերտք են անվանվել Հովհաննեսի կողմից, իսկ Ղուկասը
նշում է․ «զՄետասանսն եւ զորս ընդ նոսայն էին» որով իմացվում է, թե Հիսուսի երևմանը ներկա եղողները ո՛չ միայն Տասներկուսից էին, այլև նրանցից բացի ուրիշ աշակերտներ էլ կային։ Հովհաննեսն այդ առիթով ու այդ երևման պահի համար պատմում է նաև այն իշխանության տվչության մասին, որ Հիսուս շնորհեց առաքյալներին, որը նրանց տրված իշխանության լրումն էր և պարունակում էր թե՛ եկեղեցում հաստատուն կերպով պահվելիք քահանայական ու հովվական իրավասությունները, թե՛ բացառապես շնորհված առաքելական բարձր իշխանությունը։ Այդ գործում ուշադրության արժանի կետերը հետևյալներն են․ ու՞մ տրվեց իշխանությունը, և թե ի՞նչ էր տրված իշխանությունը։ Եթե ասենք, թե այն տրվեց բոլոր ներկաներին, ապա պետք է ասել, որ առաքյալներից բացի մյուսներն էլ համահավասար իշխանություն ընդունեցին։ Իսկ եթե ասենք, թե հատուկ Տասներկուսին տրվեց, ապա պիտի հասկանանք միայն տասին, քանի որ ոչ միայն Հուդան էր պակասել, այլև այդ միջոցին Թովմասն էլ այնտեղ չէր։ Հիսուս վաղուց, Տասներկուսից բացի, Յոթանասուներկուսին էլ էր ընտրել և նրանց էլ միևնույն հրահանգներն ու իշխանություններն էր տվել (Ղուկ. 10:2-12), և դժվար չէ ասել, որ Յոթանասունները նույնպես ուղղակի Հիսուսից ստացան իրենց եկեղեցական պաշտոնն ու աստիճանը, այլ ոչ թե առաքյալներից, թեև պահեցին աստիճանի դասակարգությունը, որն ակզբից հաստատված էր երկու տարբեր խմբերում։ Հիսուս ոչ միայն այդ դեպքում յուրայիններին իշխանություն հանձնեց, այլ ուրիշ առիթներով էլ, թեպետ ամեն մեկի և ամեն մի անգամվա մասին հիշատակություն չկա ավետարանում։
    Անդրադառնալով տրված իշխանությանը՝ ասենք, որ եկեղեցու վարդապետները զանազանում են տարբեր տեսակներ ու աստիճաններ։ Տեսակների մեջ քահանայականը հավատացյալների մասնավոր հոգեկան կարիքների համար է, հովվականը՝ եկեղեցիների կառավարման համար, իսկ առաքելականը՝ քրիստոնեության հաստատության համար։ Թե՛ ներկա և թե՛ այլ առիթներով Հիսուսի արտասանած խոսքերն ու բառերը մանրամասնորեն ուսումնասիրվել են աստվածաբանների կողմից, որպեսզի դրանց համաձայնությամբ ճշտեն տրված իշխանություններն ու դրանց տեսակները։ Մենք պարտավոր չենք այդպիսի մանրամասների մեջ մտնել, բայց նաև Հիսուսի այդ խոսքերը չենք կարող թողնել առանց պարզաբանման։
    Հիսուս իշխանություն տալու խոսքերը սկսում է ողջույնից․ «Ողջոյն ընդ ձեզ»։ Դա անշուշտ նոր տեսության ողջույնը չէ, ինչպես արդեն նշեցինք։ Ուրեմն հրաժեշտի ողջույն է և Հիսուս առաքյալներից մեկնելու պահին է ասում հաջորդ խոսքերը։ Բավականին ժամանակ վերնատանն էր, թե՛ կերակուրի ժամանակ, թե՛ դրանից հետո զանազան խոսակցություններ կարող էին լինել և իբրև դրանց ավարտ, ասում է ավետարանչի մեջբերածները։ Միևնույն պարագան նպաստում է ընդունել, թե Հիսուս ոչ բոլոր ներկաների հետ էր խոսում, ինչպես ցույց է տալիս Ղուկասը, այլ իր շուրջն էր հավաքել հատկապես առաքյալներին, ինչպես երևում է Հովհաննեսի գրածից։
    Հիսուսի խոսքերի առաջին մասը պարզապես առաքելական իշխանություն է Եկեղեցին հաստատելու, Ավետարանը տարածելու, Երկնքի Արքայությունը քարոզելու վերաբերյալ, ինչը որ Իր՝ Հիսուսի հատուկ նպատակն էր եղել։ «Ինչպես և ինչ նպատակով,- ասում է Նա, - որ Երկնավոր Հոր կամքով ես երկնքից եկա, նույնպես և նույն նպատակով էլ ձեզ եմ պաշտոն տալիս՝ աշխարհի բոլոր կողմերը գնալու»։
    Այնուհետև Հիսուս, նրանց վրա իր շունչը փչելով, ասում է․ «Ընդունեցե՛ք Սուրբ Հոգին, թող ձեր հոգիները սուրբ լինեն»։ Այս տվչությունը վերջին կտակում խոստացված Մխիթարիչ Սուրբ Հոգու ամբողջական առաքումը չէր։ Այն պետք է տեղի ունենար իր ժամանակին, երբ այլևս Ինքը երկրում չէր լինի և իր Երկնքում եղած ժամանակ պիտի առաքեր Հոգին, իսկ այժմ Ինքը դեռ երկրի վրա էր։ Հետևաբար դա պարզապես առաքյալների հոգին զորացնելու սկիզբն էր, որովհետև դեռ առիթ կունենանք տեսնելու, թե առաքյալները Սուրբ Հոգով լցված ու զորացած անձեր չէին, անգամ Հիսուսի վրա ունեցած հավատը վարանոտ ու անհաստատ է։
    Այդ փչումի վրա իշխանական տվչության մի նոր մաս էլ է ավելացնում․ «Եթե մեկի մեղքին թողություն տաք,
թողություն տրված լինի և եթե մեկի մեղքը կապեք ու թողություն չտաք, կապված թող մնա»։ Այստեղ խոսքը բացահայտորեն մեղքին է վերաբերում և հետևաբար քահանայական իշխանության հատուկ ձեռնհասությունն է, հավատացյալների մեղքերն արձակելու իշխանությունն է, որ կիրառվում է ապաշխարության խորհրդում և իր ձևի ներքո պահվում եկեղեցում։ Կապելու և արձակելու իշխանության մասին դեռևս վաղուց էր խոսել Հիսուս՝ թե՛ հատկապես Պետրոսին Մատթ․ 18:19 և թե՛ ընդհանրապես առաքյալներին Մատթ․ 18:15 ուղղելով իր ասածները։ Ինչն այն ժամանակ իբրև խոստում ու կանխատեսյալ կարգադրություն էր, այժմ կատարվում էր իբրև լրում ու պաշտոնական գործողություն։ Այստեղ, որպես ընդհանուր սկզբունք, կարող ենք նշել, որ Հիսուսի հարությունից հետո ասածներն ու արածները մահվանից առաջ բոլոր ասածների ու արածների պաշտոնական լրացումներն ու գործադրություններն են։