Մաղաքիա արք. Օրմանյան
24-30․ Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի: Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»: «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»:
Այստեղ Ղուկասը մի միջադեպ է պատմում, որն առիթ է տվել ինչ-ինչ դիտողությունների: Պատմածն այն է, որ երբ առաքյալները Հիսուսի մոտալուտ մահվան լուրն ստացան և համոզվեցին, որ այն իրականանալու է, սկսեցին մտածել, թե Հիսուսի հեռանալուց հետո ով է լինելու Նրա տեղը զբաղեցնողը, ով պետք է լինի առաքելական խմբի ավագը: Այդպիսի մի վեճի մասին պատմում են Մատթեոսն ու Մարկոսը՝ Զեբեդյան եղբայրների խնդրանքի առիթով (Մատթ. 20:20-28), ինչ որ Ղուկասը չի պատմել, իսկ Ղուկասի այստեղ պատմածը չեն հիշատակում Մատթեոսն ու Մարկոսը: Ուստի մեկնիչներից ոմանք ընդունում են, թե միայն մեկ վիճաբանություն է եղել, որը և տեղափոխությամբ պատմվել է: Իբրև ասվածի հաստատում են նկատում երկու դեպքում էլ Հիսուսի տված միևնույն պատասխանը:
Սակայն մենք, մշտապես պնդելով մեր հետևած սկզբունքը, խուսափում ենք նման երևույթները նույնացնելուց՝ երբ արտաքին հանգամանքները տարբեր են ներկայանում։ Մատթեոսի և Մարկոսի պամությունը կատարվում է Երիքովի ճանապարհին՝ Զեբեդյան եղբայրների խնդրանքի առիթով, իսկ Ղուկասի պատմությունը տեղի է ունենում Երուսաղեմի Վերնատանը՝ մատնության բացահայտման առիթով։ Առանց Ավետարանը բռնազբոսելու՝ անհնար է նույնացնել այս պարագաները և պետք է ընդունել դրանց տարբեր լինելը։
Այստեղ բավականին բնութագրական է առաքյալների դիրքը, որ մատնության բացահայտումից և դրանից խորապես ազդվելուց հետո՝ դեռ կարողանում են մտքով այդպպիսի անմաքուր խորհուրդներ անցկացնել, Հիսուսին արդեն մեռած համարելով՝ Նրան հաջորդի կամ Նրա ժառանգության խնդրի շուրջ տաք-տաք վիճաբանել․ «Եւ եղեւ հակառակութիւն ի մէջ նոցա»։ Միայն թե չպետք է առաքյալներին այդ պահին համարել կատարյալ ու առաքինի անձեր, և որևէ թերություն նրանց վրա գտնելը անընդունելի համարել։ Չէ՞ որ քիչ հետո Վարդապետին լքելու և ուրանալու չափ տկարություն պիտի ունենան։ Ուստի՝ ամենևին զարմանալի չէ, որ Հիսուսի խոսքերի սաստիկ ազդեցությունը հազիվ անցած և Հուդայի մեկնելուց հետո՝ մատնության խոսքերի դադարելուն պես, մոռանալով առաջին տպավորություններրը, բոլորովին այլ մտքով են տարվում։ Որքան էլ Հիսուս նրանց համար «Դուք սուրբ եք» ասաց, ո՛չ թե նրանց ներկայի եղածի ու արածի համար ասաց, այլ ապագայի, երբ պիտի տարածեին ու պաշտպանեին Ավետարանը։
Հիսուսի պատասխանը, ըստ ամենայնի, նման է այն սկզբունքներին, որոնք բացատրեց Զեբեդյան եղբայրների խնդրանքի առիթով․ «Աշխարհում իշխում են թագավորները, որ ուռճանում են և համարվում բարերարներ, բայց իմ Ավետարանի ձևը տարբեր է․ մեծը պետք է փոքրի պես վարվի, իսկ գլխավորը՝ սպասավորի։ Ո՞վ է սրահում մեծը․ նստող տանուտերը, թե՞ կանգնող սպասավորը։ Անշուշտ նստողը։ Ես էլ ահա այստեղ նստած եմ, բայց ձեր մեջ ինքս ինձ սպասավորից ավելի ճոխություն չեմ վերապահում, ինչը որ քիչ առաջ ձեր ոտքերը լվանալով ցույց տվեցի։ Ձեր մեծությունն այս աշխարհում մի՛ որոնեք, այլ Երկնքի Արքայությունում։ Այս աշխարհում հաճախ, ինձ հետ մեկտեղ, փորձանքներ ու հալածանքներ կրեցիք․ սրանից հետո դեռ շատ ավելին եք ունենալու, սակայն անհոգ եղեք։ Ինչպես որ Երկնավոր հայրն է կրածներիս փոխարեն ինձ Երկնքի Արքայություն խոստացել, նույնպես և ես ձեր կրելիքների փոխարեն եմ ձեզ Երկնքի Արքայությունը խոստանում, որպեսզի դուք նույնպես ինձ հետ ուրախանաք Երկնքի Արքայության վայելքներով, զվարճանաք իմանալի բարության ճաշակմամբ, և աշխարհի կատարածին՝ ինձ աթոռակից լինեք և տասներկու աթոռների վրա Իսրայելի տասներկու ցեղերը, այսինքն՝ Ավետարանի բոլոր հակառակորդներին դատեք»։
Այս խոսքերը, որ կրկնվել են այլ առիթներով, ավելի ընդարձակորեն ենք բացատրել իրենց տեղում (Մատթ. 20:20-28 և 19:27-30)։ Իսկ տասներկու աթոռների հիշատակությունը ցույց է տալիս առաքելական խմբի ամբողջությունը, որքան էլ որ նրանցից մեկը մատնիչ էր։ Արդեն ժամանակին Տասներկուսի խումբը լրացավ մի նոր ընտրությամբ Գործ․ 1:26։
Այդ միջադեպն այստեղ բացատրելով և մատնության բացահայտմանը հարակից նկատելով՝ բոլորովին անհարմար չենք տեսնում այդ մեծության վեճը մի քիչ ետ տանել և դնել Մարմնի ու Արյան խորհրդից հետո, քանի որ ոչ մի ներքին պարագա չի ստիպում այդ միջադեպը զետեղել այստեղ կամ այնտեղ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: