Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:27

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

27-30. «Այդ ժամանակ Պետրոսը պատասխանելով՝ ասաց Նրան. «Ահա, մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք Քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ «Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ Իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն Իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»»։ «Եվ ամեն ոք, ով Իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի»։ «Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։
   
    Այսպիսով, ուրեմն ինչպե՞ս կարող է անհնարինը հնարավոր դառնալ։ Ա՛յն դեպքում, երբ դու հրաժարվես քո ունեցվածքից, բաժանես այն աղքատներին և թողնես չար ցանկությունները։ Քրիստոս փրկության գործը չի վերապահում բացառապես միայն Աստծուն, այլ այսպես է ասում, որպեսզի ցույց տա այդ սխրանքի դժվարինությունը, և դա երևում է հետևյալից․ երբ Պետրոսը Քրիստոսին ասաց՝ «Ահա, մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք Քո հետևից», և ապա հարցրեց Նրան. «Հիմա մեզ ի՞նչ կլինի» (Մատթ. 19:27)։ Ի պատասխան՝ Քրիստոս, նրանց համար պարգև սահմանելով, ավելացնում է. «Եվ ամեն ոք, ով Իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի» (Մատթ. 19:29)։ Այդպիսով անհնարինը հնարավոր է դառնում։ Բայց ոմանք գուցե կասեն, թե ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը կատարման հասցնել։ Ինչպե՞ս կարող է ոտքի կանգնել նա, ում արդեն իսկ տիրել է հարստության հանդեպ անհագ կիրքը։ Եթե նա սկսի բաժանել ունեցվածքը և բաժանել իր ավելցուկները, այդպիսով նա քիչ-քիչ կհեռանա իր կրքից, և հետագայում նրա համար ավելի հաղթահարելի կդառնա Արքայության ճանապարհը։

    Ի՞նչ է սա նշանակում, երանելի՛ Պետրոս. «Ամեն ինչ թողեցինք»։ Կարթ, ուռկան, նավակ, արհեստ։ Սա՞ նկատի ունես՝ «ամեն ինչ» բառերի ներքո։ «Այո՛, - պատասխանում է նա, - բայց փառասիրություն չէ, որ ինձ ստիպում այսպես ասել։ Ես ցանկանում եմ այս հարցով աղքատ մարդկանց դեպի Տերը դարձնել»։ Քանի որ Տերն ասել էր՝ «եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս» (Մատթ. 19:21), ուստի, որպեսզի աղքատներից որևէ մեկը չհարցնի, թե՝ «ի՞նչ է, եթե ես ունեցվածք չունեմ, ուրեմն ես չե՞մ կարող կատարյալ լինել», - դրա համար էլ Պետրոսը Հիսուսին է առաջադրում իր հարցը, որպեսզի դու, ո՜վ աղքատ, գիտենաս, որ քո աղքատությունը քեզ ամենևին չի վնասում։ Պետրոսը հարցնում է, որպեսզի ո՛չ թե Պետրոսից իմանաս ճշմարտությունը և կասկածես (չէ՞ որ նա ինքն էլ դեռ կատարյալ չէր և դեռ չէր ստացել Սուրբ Հոգին), այլ որպեսզի, Պետրոսի Վարդապետից պատասխան ստանալով, հաստատապես հավատաս դրան։ Ինչպես որ մենք ենք վարվում, երբ, ուրիշների կարծիքները առաջադրելով, հաճախ դրանց ինքներս էլ համաձայնում ենք, այդպես էլ վարվեց առաքյալը. նա ողջ տիեզերքի փոխարեն Հիսուսին առաջադրեց այս հարցը։ Պետրոսն իր ճակատագիրը հստակորեն գիտեր, ինչպես որ դա երևում է այս առաքյալի մասին ավելի վաղ ասվածից։ Դեռևս երկրի վրա ստանալով Երկնքի արքայության բանալիները՝ Պետրոսն առավել քան կարող էր վստահ լինել իր՝ բարիքների ժառանգությանը։ Բայց տե՛ս, թե ինչպիսի ճշգրտությամբ է նա պատասխանում Քրիստոսի պահանջներին։ Քրիստոս հարուստից երկու բան էր պահանջում. որպեսզի նա իր ունեցվածքը տար աղքատներին, և որպեսզի հետևեր Իրեն։ Դրա համար էլ առաքյալը մատնանշում է հենց այս երկու գործողությունները. Ունեցվածքից հրաժարումը և Հիսուսին հետևելը։ «Ահա մենք, - ասում է նա, - ամեն ինչ թողեցինք ու եկանք Քո հետևից»։ Ամեն ինչ թողնելն անհրաժեշտություն էր Հիսուսին հետևելու համար։ Ունեցվածքը մի կողմ թողնելու միջոցով Փրկչին հետևելն առավել դյուրին է դառնում, և նրանք, ովքեր ամեն ինչ թողնում են, լցվում են հույսով ու ուրախությամբ։ Իսկ ի՞նչ է պատասխանում Քրիստոս։ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ Իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն Իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու» (Մատթ. 19:28)։ Ուրեմն ի՞նչ է, մի՞թե Հուդան էլ է նստելու այդ գահի վրա։ Ո՛չ։ Ապա ինչո՞ւ է Քրիստոս ասում. «Դուք տասներկու աթոռների վրա կնստեք․․․»։ Ինչպե՞ս է կատարվելու այս խոստումը։ Ուշադի՛ր լսիր, թե ինչպես և ինչ ձևով։ Աստված սահմանեց մի օրենք, որը Երեմիա մարգարեի միջոցով հռչակեց հրեաներին՝ ասելով. «Եթե վճիռ կարդամ մի ազգի կամ թագավորության վախճանի մասին՝ նրանց վերացնելու, քանդելու և կործանելու համար, և եթե այն ազգը դարձի գա իր չարություններից, որոնց մասին խոսեցի, - Ես ևս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ։ Իսկ եթե վճիռ կարդամ մի ազգի կամ թագավորության մասին՝ նրան շենացնելու և կանգուն պահելու համար, բայց նրանք չարություն անեն Իմ առաջ՝ ականջ չդնելով Իմ ձայնին, - Ես ևս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թե կանեմ նրանց» (Երեմ. 18:7-10

    «Հենց այս վերոհիշյալ օրենքի համաձայն եմ Ես գործում, - կարծես ասում է Աստված, - նաև առաքինի մարդկանց հետ հարաբերություններում։ Թեև Ես խոստանում եմ վերստեղծել նրանց, բայց եթե նրանք արժանի չդառնան այս խոստմանը, ապա Ես չեմ կատարի այն։ Այսպես պատահեց առաջին մարդու հետ։ «Ձեր ահն ու երկյուղը, - ասաց Տերը, - թող լինի երկրի բոլոր գազանների վրա» (Ծննդ. 9:2)։ Բայց դա չկատարվեց, քանի որ մարդն ինքն իրեն անարժան դարձրեց այդպիսի իշխանությանը։ Ճիշտ նույն կերպ էլ Հուդայի պարագան է։ Բայց որպեսզի ոմանք, պատժի վճռից վախեցած, հուսահատության չմատնվեն և էլ ավելի չկարծրանան, իսկ ուրիշները, բարիքների խոստմանը հուսալով, բոլորովին անհոգության չմատնվեն, թե՛ մեկ, և թե՛ մյուս հիվանդությունն Ինքը՝ Հիսուս է բժշկում վերոհիշյալ եղանակով՝ ասես այսպես ասելով. «Ուզում ես, որ Ես սպառնա՞մ քեզ պատժով․ մի՛ հուսահատվիր, որովհետև դու կարող ես ապաշխարել և կասեցնել Իմ վճիռը, ինչպես արեցին նինվեացիները։ Ուզում ես, որ Ես ինչ-որ բարի՞ք խոստանամ․ մի՛ թուլացիր՝ այդ խոստմանը հուսալով, որովհետև եթե դու արժանի չդառնաս, ապա Իմ խոստումը ոչ միայն որևէ օգուտ չի բերի քեզ, այլև էլ ավելի կմեծացնի քո պատիժը։ Ես պարգև եմ խոստանում միայն արժանի մարդուն»։ Ահա թե ինչու այն ժամանակ Հիսուս, Իր աշակերտների հետ խոսելով, առանց պայմանի չտվեց խոստումը. պարզապես չասաց՝ «դուք», այլև ավելացրեց հետևյալը՝ «Իմ հետևից եկողներդ», որպեսզի թե՛ Հուդային մերժեր, և թե՛ դեպի Իր կողմը գրավեր նրանց, ովքեր հետագայում պիտի դարձի գային։ Եվ Փրկչի այս խոսքերը բացառապես աշակերտներին չէին վերաբերում, և ոչ էլ՝ բացառապես Հուդային, որը հետագայում, ժամանակի ընթացքում անարժան դարձավ Հիսուսի խոստմանը։

    Այսպիսով, Տերն աշակերտներին խոստանում է պարգև տալ գալիք կյանքում՝ ասելով. «Դուք տասներկու աթոռների վրա կնստեք» (որովհետև նրանք արդեն գտնվում էին կատարելության ամենաբարձր աստիճանում, և ոչ մի երկրային բարիք չէին փնտրում), իսկ մյուսներին խոստանում է նաև ներկա բարիքներ։ «Եվ ամեն ոք, - ասում է, - ով Իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի»։ Որպեսզի մարդիկ, «դուք» բառը լսելով, չմտածեն, թե գալիք կյանքում մեծագույն ու առաջնային պատիվների արժանանալը վերապահված է միայն աշակերտներին, Հիսուս շարունակում է Իր խոսքը և Իր խոստումը տարածում է ողջ երկրի վրա և, ներկա բարիքներ խոստանալով, հավատացնում է ապագայի մասին։ Սկզբում, երբ աշակերտները դեռևս կատարյալ չէին, Տերը նրանց հետ Իր զրույցը նույնպես սկսեց ներկա բարիքների ներկայացումով։ Երբ Քրիստոս ծովից նրանց Իր մոտ էր կանչում և հրաժարեցնում էր իրենց արհեստից ու հրամայում էր թողնել նավակը, այդժամ Նա չէր հիշատակում ո՛չ երկնքի, և ո՛չ էլ գահերի, այլ՝ ներկա բարիքների մասին՝ ասելով. «Ես ձեզ մարդկանց որսորդ կդարձնեմ» (Մատթ. 4:19)։ Բայց երբ Հիսուս Իր աշակերտներին բարձրացրեց կատարելության ամենավերին աստիճանին, այն ժամանակ արդեն սկսեց խոսել երկնային բարիքների մասին։

    Իսկ ի՞նչ են նշանակում այս խոսքերը. «Իսրայելի տասներկու ցեղերին դատելու»։ Ա՛յն, որ նրանք դատապարտելու են նրանց. առաքյալները չեն բազմելու որպես դատավորներ՝ բառի ուղիղ նշանակությամբ, այլ ա՛յն իմաստով, որով Տերն ասաց հարավի դշխոյի մասին, թե նա է դատապարտելու անօրեն ցեղին։ Ու նաև ա՛յն իմաստով, որով ասաց նինվեացիների մասին, թե նրանք կդատապարտեն հրեաներին։ Այդ միևնույն իմաստով էլ ասում է նաև առաքյալների մասին։ Այս իսկ պատճառով էլ չասաց՝ «դատելու ազգերին ու տիեզերքը», այլ՝ «Իսրայելի ցեղերին»։ Հրեաները դաստիարակված էին հենց այդ նույն օրենքներով ու այդ միևնույն սովորույթներով, և այնպիսի կենսակերպ էին վարում, ինչպիսին՝ առաքյալները։ Ուստի երբ այդ անօրեն հրեաներն իրենք իրենց արդարացման համար ասեն, թե իբր՝ «մենք չէինք կարող հավատալ Քրիստոսին, որովհետև օրենքը մեզ արգելում էր ընդունել Նրա պատվիրանները», այդժամ Տերը, մատնանշելով նրանցից սերած առաքյալներին, որոնք ենթակա էին հրեական նույն օրենքին, սակայն, այնուամենայնիվ, հավատացին Քրիստոսին, բոլորին կդատապարտի, ինչպես այդ մասին էլ ավելի վաղ ասել էր. «Դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատավորները» (Մատթ. 12:27

    Իսկ ի՞նչ է, - գուցե ասես դու, - արդյոք այդքան մե՞ծ պարգև կա Փրկչի խոստումների մեջ՝ այն դեպքում, որ առաքյալներն ունենալու են ա՛յն, ինչ ունեն նինվեացիներն ու հարավի թագուհին։ Բայց չէ՞ որ Հիսուս Իր աշակերտներին դեռ ավելի վաղ էր խոստացել շատ ուրիշ պարգևներ, և այնուհետև էլ խոստանում է։ Ուրեմն, միայն դա չէր նրանց պարգևը։ Ի դեպ, այս խոստման մեջ ևս առկա է ավելին, քան նինվեացիների ու հարավի դշխոյի վերաբերությամբ տրված խոստման մեջ էր։ Վերջինների մասին Տերը պարզապես ասաց. «Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և պիտի դատապարտեն նրան․․․և հարավի Դշխոն․․․պիտի դատապարտի» (Մատթ. 12:41-42)։ Իսկ առաքյալների մասին պարզապես այդ կերպ չի ասում։ Իսկ ինչպե՞ս է ասում․ «Երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն Իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք»՝ սրանով ցույց տալով, որ աշակերտները Քրիստոսի հետ պիտի թագավորեն և մասնակից լինեն Նրա փառքին։ «Եթե համբերենք, - ասում է առաքյալը, - Նրա հետ էլ պիտի թագավորենք» (Բ Տիմ. 2:12)։ Այստեղ հիշատակվող «աթոռները» գերագույն Գահը չեն մատնանշում (քանի որ Աստված Ինքն է միայն այդ Գահին Բազմողն ու Դատողը), այլ դրանց հիշատակությամբ մատնացույց է արվում անճառելի փառքն ու պատիվը։ Այսպիսով, Տերն առաքյալներին խոստացավ այս պարգևը, իսկ մյուս բոլորին՝ հավիտենական կյանք և հարյուրապատիկ վարձատրություն արդեն իսկ այստեղ՝ ներկա կյանքում։ Բայց եթե մյուս բոլորը, ապա որչա՜փ առավել առաքյալնե՛րը պիտի հատուցում ստանան թե՛ այնտեղ, և թե՛ ներկա ժամանակաշրջանում։ Ու այդպես էլ եղավ։ Կարթերն ու ուռկանները թողնելով՝ առաքյալները տիրապետեցին բոլոր մարդկանց ունեցվածքին, նրանց տներին, դաշտերին և նույնիսկ հենց հավատացյալների մարմիններին. շատերը պատրաստ էին անգամ մահանալ հանուն նրանց, ինչպես այդ մասին վկայում է Պողոսը՝ ասելով. «Եթե հնար լիներ, ձեր աչքերը կհանեիք ու կտայիք ինձ» (Գաղ. 4:15

    Այնուհետև, «ամեն ոք, ով․․․թողել է կնոջը» խոսքերով Տերը ոչ թե ներշնչում է առանց պատճառի քայքայել ամուսնությունները, այլ, ինչպես հոգու (անձի) մասին ասելով, թե «ով իր անձը կորցրեց Ինձ համար, այն կգտնի» (Մատթ. 10:39)՝ դա ասում էր ո՛չ թե որպեսզի մենք սպանենք ինքներս մեզ և անմիջապես մեր հոգին բաժանենք մարմնից, այլ ա՛յն բանի համար, որպեսզի մենք ամեն ինչից բարեպաշտությունը նախապատվենք, - այդ կերպ էլ այստեղ Քրիստոս նույնն է պահանջում՝ պատվիրելով թողնել կնոջն ու եղբայրներին։ Ինձ նաև թվում է, թե Հիսուս այստեղ խոսում է նաև հալածանքների մասին։ Այն ժամանակ շատ հայրեր իրենց երեխաներին և կանայք՝ իրենց ամուսիններին մղում էին ամբարշտության։ Այսպիսով, «երբ նրանք ձեզնից պահանջում են սա, - ասում է Տերը, - թողեք և՛ այդպիսի կնոջը, և՛ հորը», ինչի մասին նաև Պողոսն է ասում. «Իսկ եթե անհավատը ուզում է բաժանվել․․․թող բաժանվի» (Ա Կորնթ. 7:15)։ Այսպիսով բարձրացնելով առաքյալներին և հաստատելով նրանց ա՛յն պարգևի հույսով, որը սահմանված է թե՛ իրենց, և թե՛ ողջ տիեզերքի համար, Տերն ավելացնում է. «Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ» (Մատթ. 19:30)։ Այս խոսքերը չի կարելի սահմանափակել միայն որոշ անձերով։ Դրանք վերաբերում են նաև շատ ուրիշների։ Ի դեպ, դրանցում խոսվում է թե՛ հավատացյալների, և թե՛ անհնազանդ փարիսեցիների մասին, ինչպես Տերն էլ ավելի վաղ ասել նրանց մասին էր, թե «արևելքից և արևմուտքից շատերը պիտի գան ու Երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ. իսկ Արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խավարը» (Մատթ. 8:11-12
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»:
   
    Այդ ժամանակ Պետրոսը պատասխանեց` ասելով Նրան. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք Քո հետևից. ուրեմն ի՞նչ կլինի մեզ»:

    Պետրոսն աննպատակ չէ, որ այս հարցը տվեց, այլ քանի որ լսեց Տիրոջից. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցվածքդ, տուր աղքատներին, երկնքում գանձեր կունենաս, և ե՛կ Իմ հետևից», կամենում է իմանալ թե` մենք ոչինչ չունեինք, ինչ էլ ունեինք` թողեցինք ու վաճառեցինք և Քո հետևից եկանք. ուրեմն կա՞ որևէ հատուցում մեզ համար: Սրան կարելի է պատասխանել. «Ի՞նչը թողեցիր, երանելի՛ Պետրոս. եղեգնյա գրի՞չը, ուռկա՞նը, նավա՞կը, արհե՞ստը. «ամեն ինչ»-ով սա՞ նկատի ունես»: Այո՛, ասում է, որովհետև [ամեն] մարդ իրեն համապատասխան զորություն ունի, արդյունքին էլ համապատասխան` նրա հարստությունն է, որը թողեցինք և եկանք Քո հետևից: Որովհետև «թողնել»-ը [Քրիստոսին] հետևելու պատճառով եղավ, կամ էլ հետևելը թողնելու շնորհիվ դյուրացավ:

    Նաև«ամեն ինչ թողնել»-ով նկատի ունի կամքը [թողնելը], որը կարողությունն ունի ամբողջ աշխարհը ցանկանալու: Որպես թե ասում է. որքան մեր կամքը ցանկություն ունի ամեն ինչ [ձեռք բերելու] փութալ, դա թողեցինք և եկանք [Քո] հետևից: Հիրավի՛. որովհետև շատ աշխարհականներ, արհամարհելով կամքի բոլոր ցանկությունները, գնացին Նրա հետևից: [Տիրոջից] մաս չունեն նրանք, ովքեր գնում են [Նրա հետևից], բայց չեն թողնում [իրենց կամքը]: Իսկ սրանք երկուսն էլ արեցին:

    [Այս խոսքով Տերը] նաև աղքատների խմբերին է մխիթարում, որպեսզի չասեն թե` ունեցվածք չունենք, չենք կարող կատարյալ լինել: Եվ Պետրոսը հարցնում է [այս մասին], որպեսզի դու սովորես Պետրոսից և չլինես երկմիտ: Քանի որ հաճախ այն, ինչ ուրիշին է վերաբերում, մեր անունից ենք ասում, այդպես էլ առաքյալն ամբողջ աշխարհի փոխարեն էր հարցնում: Որովհետև իրենը քաջ գիտեր նա, ով նաև երկնքի բանալիներն ընդունեց այս կյանքում, բայց, ինչպես ասացի, շատերի համար էր խնդրում, ուստիև խնդրածն ընդունեց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

27-30. Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահա՛ւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կ՚ունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեան, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կը նստի, դուք էլ կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին»:
   
    Մեծատուն հարուստի միջադեպը և այդ առթիվ Հիսուսի տված բացատրությունները և մանավանդ հանձնարարությունը՝ հանուն Երկնքի Արքայության բաժանվել աշխարհիկ հոգսից ու ունեցվածքից և այս առաջարկից խուսափելու համար խոսված մեղադրանքը, առաքյալների մտքում մի տեսակ մերձեցում առաջ բերին իրենց և այդ մեծատունի միջև: Նա մեղադրվում էր, որ չցանկացավ հեռանալ իր հոգսերից և ունեցվածքից, որպեսզի հետևի Հիսուսին և Նրան աշխատակցի, իսկ իրենք արել էին այդ բանը: Եթե նա մեղադրվում էր, ապա իրենք պետք է գովվեին ու փոխարենը ընդունեին, այնինչ Հիսուսի կողմից այդպիսի խոստում դեռ չէր եղել: Մի պահ իրենց մեջ այդ խոսակցություններն անելուց և լուծումը չգտնելուց հետո, որոշում են Հիսուսից բացատրություն ուզել, և նորից Պետրոսն է առաջ նետվում ու հանուն իր ընկերների, Հիսուսի հետ այդ մասին խոսակցություն է բացում, և վերջիններս խոսքը բերում են իրեն հուզած հարցի վրա. «Այն մեծատունը,- ասում է,- չուզեց թողնել իր ունեցվածքը և գալ քո հետևից, և դու նրան մեղադրեցիր. մենք՝ ամենքս էլ թողեցինք տուն ու տեղ, աշխատանք, հայր ու մայր, եղբայր ու կին, կին ու զավակ, արհեստ ու ագարակ, ինչ որ ունեինք և քեզ հետևեցինք, քեզ գործակցեցինք, քեզ հետ նեղվեցինք, մեզ համար ի՞նչ պիտի անես»: Այդ հարցը, ինչպես հիշեցինք վերևում, ցույց է տալիս, որ Երկնքի Արքայություն մտնելու առաջարկը, Հիսուսի ու հարուստի միջև տեղի ունեցած խոսակցության մեջ, պատկանում է Ավետարանի քարոզչությանը, և ոչ թե միայն հավիտենական փրկությանը, թեպետ Հիսուսի համար այդ երկուսը նույնն էին, այսինքն՝ հայտնված Երկնքի Արքայությունը ճանաչել որպես հայտնվելիք հավիտենական արքայության միջոց և պայման, ու Ավետարանով փրկության հասնել:
    Իսկ գալով առաքյալներին և նրանց ամեն ինչ թողած լինելու պարագային, չենք կարծում, թե նրանք ինչ որ ունեին վաճառել, ցրել և ուրիշներին են տվել: Նախ, որ այդպիսի բան բնավ էլ հիշված չէ, և երկրորդ՝ հարուստներ չէին այդպիսի գործեր կատարելու համար և մանավանդ որոշ նշաններ կան՝ ցույց տալու համար, որ առաքյալներն իրենց ձկնորսության նավերը ձեռքից բաց չէին թողել: Քարոզության ընթացքում էլ հիշվում է Պետրոսի նավը (Ղուկ. 5:3): Հիսուսի ծովագնաց ճամփորդություններն, անշուշտ առաքյալների նավերով էին լինում: Զեբեդյան եղբայրները նավերը թողել էին իրենց հորը և հնարավոր է, որ Հիսուսի մահից հետո Պետրոսը և մյուս առաքյալները, քանի որ պատրաստի նավեր ունեին, կարող էին վերադառնալ ձկնորսության (Հովհ. 21:3): Առաքյալները ասում էին, որ ամեն ինչ թողել էին և ոչ թե վաճառել ու գինը բաշխել: «Մէք թողաք զամենայն»,- գրում են երեք Ավետարանները նույն ձևով:
    Երևում է Հիսուս մտադիր է եղել քաջալերել իր առաքյալներին և նրանց գոհացուցիչ մի պատասխան տալ, ինչ որ ուրիշ անգամ չէր ասել: Եվ չնայած, որպատասխանն ուղղակի առաքյալներին է ուղղում, ասելով. «Դուք որ եկիք զկնի իմ», սակայն բուն նպատակը ընդհանուր է, և «ոչ ոք է որ եթող» ընդհանուր խոսքերն հավասարապես ուղղված են բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են աշխարհի բարիքներից Ավետարանի ծառայության համար: Հիսուս բոլոր նրանց, ովքեր հանուն Երկնքի Արքայության թողել էին տուն, եղբայր, քույր, հայր, մայր, կին, որդի, ագարակ և ամեն ինչ, դրանց դիմաց խոստանում է հարյուրապատիկն այս աշխարհում և հավիտենական կյանք հանդերձյալ աշխարհում: Որքան հեշտ է բառացի հասկանալ հանդերձյալ աշխարհի հավիտենական կյանքը, այնքան դժվար է հասկանալ բառացի այս աշխարհի հարյուրապատիկը, որովհետև եթե մեկ տան և մեկ ագարակի տեղ հարյուր տուն և հարյուր ագարակ ունենալը անհնարին չէ, ապա հարյուր մայր ու հարյուր հայր ունենալը հնարավոր չէ, հարյուր եղբայր և հարյուր քույր ունենալն էլ հուսալի չէ, և հարյուր որդի ունենալն էլ հուսահատական է դառնում: Ուրեմն հայտնի է, որ ոչ թե բառացի ու նյութական, այլ խորհրդական և հոգեկան իմաստ պետք է տանք այդ խոսքերին: Մարդու սիրտն այնպիսի գոհունակություն պետք է ստանա և այնպիսի հոգեկան սրտագրավ ազդեցություններ պիտի ունենա՝ իբրև թե թողածի հարյուրապատիկը ստացած լինի: Հոգևոր քարոզությամբ շահված անձերը, իր խնամքով մխիթարված անձերը պետք է լցնեն իր ընտանեկան մխիթարության պակասը, իր ընկերները՝ եղբայրներն ու քույրերը, իր առաջնորդները՝ հայրերն ու մայրերը, իր աշակերտները՝ որդիներն ու դուստրերը պետք է լինեն: Եվ, որպեսզի հասկացնի, որ իրոք այդ աշխարհի վայելքների մասին չի խոսում և խոստացված բարությունները նյութական չեն, Մարկոսը չի մոռանում ավելացնել. «հալածանօք հանդերձ» պայմա, որ իսկական և հիմնական կնիքն է բոլոր ավետարանական բացատրությունների. ըստ աշխարհի զրկումը՝ ըստ հոգու վայելումն է:
    Հիսուսի խոստումների շարքին մի կետ է ավելացնում Մատթեոսը, թե Հիսուսին հետևող տասներկուսը Հիսուսի երկրորդ և փառավոր գալստյան ժամանակ, երբ Մարդու Որդին փառքերի աթոռին իշխանական և դատավարական գործեր ձեռնարկի, իր հետ մեկտեղ պետք է գործեն և տասներկու աթոռների վրա նստած պետք է դատեն Իսրայելի տասներկու ցեղերին: Այստեղ էլ չպետք է բառացի և նյութական իմաստ տալ Հիսուսի խոսքերին: Մարդու Որդին մյուս անգամ գալուց պետք է դատի ամբողջ աշխարհը (Մատթ. 25:32), և ոչ թե միայն Իսրայելի տասներկու ցեղերին: Հնարավոր չէ ասել նաև, թե պիտի դատի իբր նախագահ հեթանոսներին, իսկ հրաների յուրաքանչյուր ցեղը հանձնի մի առաքյալի: Չպետք է Տասներկուսի տասներկու ցեղերից առնված լինելը հասկանալ որպես ակնարկ, որովհետև բոլորն էլ գալիլիացի էին Նեփթաղիմի և Զաբուղոնի գավառներից: Եվ դարձյալ, միևնույն ժամանակ, Հիսուսի հետ եղող տասներկուսից մեկն էլ Իսկարիովտացի Հուդան էր, որ այդպիսի վարձի սահմանված չէր: Նույնիսկ Հիսուսի ժամանակ այդ տասներկու ցեղերն այնպես էին միմյանց խառնվել, որ չի հիշվում յուրաքանչյուրի ցեղային պատկանելությունը, միայն Փանուելյան Աննայի համար է ասված, որ Ասերի ցեղից էր (Ղուկ. 2:36), և Պողոսն իր համար գրել էր, որ Բենիամինի ցեղից էր (Հռոմ. 11:1): Հետևաբար, տասներկու ցեղերի հաշվելը նույնն է, ինչ որ ամբողջ հրեական ազգը ասել, իսկ հրեական ազգն էլ հիշված է, որպես Ավետարանի հակառակորդներին մարմնավորող անձնավորություն և Հիսուս միայն ցանկացել է ասել, որ «Հակառակությունը և հալածանքները չպետք է ազդեցություն ունենան, Ավետարանը պետք է տարածվի և պայծառանա, Մարդու Որդին պետք է փառավորվի, և դուք էլ պետք է մասնակից լինեք այդ արդյունքին ու փառքին: Ովքեր որ հիմա իրենց մեծ և առաջինն են կարծում, իրենք իրենց փոքրիկ և վերջին եղած պետք է տեսնեն, և նրանք, ովքեր փոքր և վերջին են համարում, մեծ ու առաջին պիտի լինեն»: Հիսուս ուզում է հասկացնել, թե հրեաները, որ պարծենում են իրենց Հին Օրենքով և կարծում են, թե Երկնքի Արքայությունում առաջինն են, վերջին պիտի դառնան, իսկ հեթանոսները, ովքեր Հին Օրենքի տեսակետով հետին էին համարվում, Նոր Օրենքում առաջին պիտի հանդիսանան: