Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
27-28. «Եվ եթե Ես Բեեղզեբուղի զորությամբ եմ հանում դևերին, ապա ձեր որդինե՞րն ինչ զորությամբ են հանում։ Դրա համար էլ նրա՛նք կլինեն ձեր դատավորները»։ «Իսկ եթե Ես Աստծու Հոգով եմ հանում դևերին, ապա ուրեմն հասել է ձեզ վրա Աստծու արքայությունը»։
Առաջին հերքումից հետո Հիսուս բերում է մեկ այլ՝ ավելի պարզ հերքում. «եթե Ես Բեեղզեբուղի զորությամբ եմ հանում դևերին, ապա ձեր որդինե՞րն ինչ զորությամբ են հանում» (Մատթ. 12:27)։ Տե՛ս, թե այստեղ ևս ինչպիսի՜ հեզությամբ է խոսում նրանց հետ։ Չի ասում՝ «Իմ աշակերտները» կամ «առաքյալները», այլ՝ «ձեր որդիները», որպեսզի, եթե փարիսեցիները ցանկանային այնքան ազնիվ մտածել, որքան Իր աշակերտները, նրանց հնարավորություն տար դա անելու, իսկ եթե մնային նախկին անգոհունակության մեջ և չհրաժարվեին իրենց անամոթությունից, զրկեր նրանց ամեն տեսակի արդարացումից։ Փրկչի խոսքերի իմաստը, ահավասիկ, սա է. առաքյալներն ո՞ւմ զորությամբ են հանում դևերին։ Առաքյալներն արդեն իսկ դևեր հանում էին՝ Փրկչից իշխանություն ստանալով դա անելու համար։ Բայց ահա փարիսեցիները նրանց չէին մեղադրում։ Նրանք զենք էին բարձրացնում ոչ թե գործերի, այլ անձի՛ դեմ։ Դրա համար էլ Քրիստոս, ցանկանալով ցույց տալ, որ միայն նախա՛նձն է նրանց մեղադրանքների պատճառը, մատնանշում է նաև առաքյալներին։ «Եթե Ես, - ինչպես դուք ասում եք, - Բեեղզեբուղի զորությամբ եմ դևեր հանում, ապա դա առավելաբար վերաբերում է նրանց՝ որպես Ինձանից այդ իշխանությունն ստացածների։ Այդուամենայնիվ, դուք նրանց մասին նման բան չեք ասում։ Ուրեմն ինչո՞ւ եք ինձ, որ նրանց այդպիսի իշխանություն տվեցի, մեղադրում, իսկ նրանց մեղադրանքներից «ազատում» եք։ Այդուամենայնիվ, սա ձեզ պատժից չի ազատի, այլ դեռ ավելի մեծ պատժի կենթարկի»։ Ահա թե ինչու Փրկիչը նաև ավելացնում է՝ «Նրա՛նք կլինեն ձեր դատավորները» (Մատթ. 12:27)։ Եթե Իմ աշակերտները, ձեզ հետ նույն ազգակցությունն ունենալով և նույն կրթությունն ստացած լինելով, հավատում են Ինձ և հնազանդվում Ինձ, ապա ակնհայտ է, որ նաև կդատապարտեն նրանց, ովքեր հակառակն են անում և ասում։
«Իսկ եթե Ես Աստծու Հոգով եմ հանում դևերին, ապա ուրեմն հասել է ձեզ վրա Աստծու արքայությունը» (Մատթ. 12:28)։ Ի՞նչ է նշանակում «արքայություն» բառը։ «Իմ գալուստը․․․»։ Տե՛ս, թե Հիսուս ինչպես է նրանց կրկին դեպի Իրեն գրավում, բժշկում և ջանում տանել դեպի Իր ճանաչողությունը՝ ցույց տալով նրանց, որ իրենց սեփական բարօրությունների դեմ են նրանք զենք բարձրացնում և իրենց իսկ փրկության դեմ են ապստամբում։ «Դուք, - ասում է, - պետք է ուրախանայիք և ցնծայիք այն բանի համար, որ Ես եկա պարգևելու այդ մեծ և անասելի բարիքները, որոնց մասին հին ժամանակներում կանխապես ավետում էին մարգարեները, ու նաև ա՛յն բանի համար, որ եկել է ձեր բարգավաճման ժամանակը։ Մինչդեռ դուք հակառակն եք անում, և ոչ միայն չեք ընդունում այդ բարիքները, այլև զրպարտում և կեղծ մեղադրանքներ եք մոգոնում Նրա դեմ, Ով դրանք առաջարկում է ձեզ։
Մատթեոս ավետարանիչն ասում է՝ «եթե Ես Աստծու Հոգով եմ հանում դևերին», իսկ ահա Ղուկասը՝ «եթե Ես Աստծու մատով եմ հանում դևերին» (Ղուկ. 11:20)՝ դրանով ցույց տալով, որ դևերի հալածումը գերագույն զորության և առանձնահատուկ շնորհի գործ է։ Այս խոսքերից կարելի էր այսպիսի եզրակացություն անել՝ եթե սա ճիշտ է, ապա ուրեմն Աստծու Որդին եկել է։ Բայց Քրիստոս սա ուղղակիորեն չի ասում, որպեսզի նրանց ատելությունը չգրգռի, այլ միայն ակնարկում է դա «ուրեմն հասել է ձեզ վրա Աստծու արքայությունը» խոսքերով։ Ինչպիսի՜ իմաստություն։ Այն, ինչի համար փարիսեցիները մեղադրում էին Փրկչին, դրանով իսկ Նա պարզապես ապացուցեց նրանց Իր գալուստը։ Ավելին, նրանց գրավելու համար Հիսուս պարզապես չասաց՝ «հասել է Աստծու արքայությունը», այլ ավելացրեց՝ «ձեզ վրա»՝ կարծես կամենալով ասել. «Հասել է ձեր երանության ժամանակը»։ Այսպիսով, ուրեմն ինչո՞ւ չեք ուրախանում ձեր բարիքներով։ Ինչո՞ւ եք զենք բարձրացնում ձեր փրկության դեմ։ Ահա այժմ եկել է այն ժամանակը, որի մասին հին ժամանակներում կանխագուշակում էին մարգարեները։ Ահա՛ նրանց ավետված գալստյան նշանը՝ դևերը վտարվում են աստվածային զորությամբ։ Ա՛յն, որ դևերը հալածվում են, դուք ինքներդ էլ գիտեք. իսկ այն, որ աստվածային զորությամբ են հալածվում, դա գործերն են վկայում։ Սատանան այժմ չի կարող զորավոր լինել. նա անխուսափելիորեն տկարացել է։ Իսկ ահա տկարը չի կարող, ինչպես զորավոր մեկը, դուրս վռնդել զորավոր դևին։ Փրկիչն այսպես էր խոսում, որպեսզի ցույց տար սիրուց բխող զորությունը և անհամաձայնությունից ու գժտությունից ի հայտ եկող անզորությունը։ Ահա թե ինչու Քրիստոս անդադար ամենուրեք հորդորում է Իր աշակերտներին սեր ունենալ, և դա հատկապես ա՛յն պատճառով, որ սատանան ամեն կերպ ջանում է ոչնչացնել այդ սերը։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
Եթե Ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ կհանեն. ուստի նրա՛նք ձեր դատավորը կլինեն:
Նայի՛ր այստեղ Նրա հեզությանը, որ չասաց «Իմ աշակերտները» կամ «առաքյալները», այլ՝ «ձեր որդիները»: Եվ ասածը սա է. եթե կամենում եք դիմել ձեր որդիներին, այս օգտակար խոսքերից շատ պատճառներ կգտնեք ձեր մտքի ընտրությամբ, իսկ եթե շարունակեք հակառակել, չեք գտնի զրպարտության պատճառներ, որովհետև եթե դևերի իշխանն Իմ մեջ է, ինչպես ասում եք, ապա [ձեր որդիներն] ինչո՞վ են հանում դևերին: Ուրեմն պարզ է, որ ստում եք՝ հանդիմանվելով նրանցից, քանի որ դևերի իշխանին չունեն և դևեր են հանում:
Նաև այլ կերպ [կարելի է հասկանալ]: Ահա ձեր որդիները նույնն են անում՝ դևերին Իմ անունով հանելով: Եթե այնպես է, ինչպես ասում եք, ապա ձեր որդիներին ինչո՞ւ չեք չարախոսում նույն կերպ, որովհետև նրանք, որ [դևեր հանելու] իշխանությունն Ինձնից են ստացել, պիտի է՛լ ավելի լինեն այդպիսին: Ուրեմն եթե նրանց թողած՝ Ինձ եք մեղադրում, պարզ է, որ նախանձից եք չարախոսում, քանի որ ոչ թե խնդրի դեմ եք պայքարում, այլ դեմքի: Այդ պատճառով էլ հենց նրա՛նք են ձեզ դատելու, որ ձեր միջից են առաքյալ դարձել և նույնը չեն մտածում, [ինչ դուք]:
Կամ էլ [Տերը] նրանց մասին է խոսում, ովքեր [հրեաների] որդիներն էին և դևերի միջոցով էին հանում [դևերին]. այդպիսին էին Սկևասի որդիները (Գործք 19։14), ինչպես ասում են ոմանք:
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: