Հովհաննես Ծործորեցի
Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
Հերովդեսը բռնեց Հովհաննեսին, կապեց նրան ու դրեց բանտում Հերովդիադայի՝ իր եղբայր Փիլիպպոսի կնոջ պատճառով:
Հոգու ինչպիսի՛ հեզություն ունի այս ավետարանիչը, որ թեպետ իբրև թշնամու չի ամբաստանում [Հերովդեսին], այլ որպես պատմություն արձանագրում, բայց, [այնուամենայնիվ], գրեթե երկու-երեք չարիք է նրան վերագրում: Նախ՝ որ [Հերովդեսն] այնպիսի մարդուն չվախեցավ բռնել, ապա՝ որ շղթայակապ արեց ու սրանով չբավականացավ, այլ նաև բանտ դրեց, և սա [արեց] մի լկտի կնոջ համար: Այդպիսին է չարությունը. երբ դեռ նպատակին չի հասել, նրա դաժանությունը չի հասկացվում, ինչպես և հրեաներինը: Իսկ երբ [Հերովդեսը նպատակին] հասավ, ապա զղջաց, որ դրանից առաջ [Հովհաննեսին] շղթայակապ է արել, սպանել, և հետո ասաց. «Հովհաննեսն է դա. այդ պատճառով են հրաշքներ գործվում նրա միջոցով»: Եվ սրանք [Աստծուն] ընդդիմակաց զորության 783 հնարքներն են, որ նախ Հերովդեսին շարժեց Հովհաննեսի դեմ՝ իմանալով, որ Աստծո Որդու կարապետն է, և ապա Հուդային ու քահանայապետերին՝ Հիսուսի դեմ:
«Հերովդիադայի՝ իր եղբայր Փիլիպպոսի կնոջ պատճառով», որովհետև այդ կնոջն առնելով՝ [Հերովդեսը] նրա հետ նաև նրա երկիրը գրավեց: Ուստիև հանդիմանվում էր արդարի կողմից, ինչպես ասում է [ավետարանիչը]:
Ստեփանոս Սյունեցի
Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով.
«Քանզի Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, նրան կապել և բանտի մեջ էր դրել իր եղբոր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով»:
Դեռևս մեռած չէր Փիլիպոսը, այլ կենդանի էր, և իր եղբոր [մեքենայություններով] հեռացվել էր չորրորդապետությունից և զրկվել կնոջից: Այդ իսկ պատճառով այդպիսի ամուսնությունը անօրեն էր:
Մաղաքիա արք. Օրմանյան
3-5․ Արդարեւ Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում:
Հիսուսի մկրտությունից և պահեցողությունից մինչև այստեղ ինչ որ պատմեցինք ( Հովհ. 1։15-28, 3։22-26), գրել է միայն Հովհաննես ավետարանիչը, իսկ մյուս երեքը անտեսել են: Եվ որպեսզի իր պատմածները շեշտի, Հովհաննես ավետարանիչը հիշեցնում է, թե երբ այս բաները եղան Չեւ եւս էր արկեալ զՅովեաննէս Մկրտիչ ի բանտ Հովհ. 3։24: Արդ, այս բանտարկությունը տեղի ունեցավ Հռոմի 780 թվականի վերջերին, որի հետ համաձայն են նաև ուրիչ պատմագիրներ։
Հերովդես Մեծի ազգատոհմը մի խառնակ բավիղ է, որն իր մեջ շփոթված է և խճճված: Հերովդեսը տասը կին է ունեցել, երկրորդ կնոջից՝ Հյուրկանյան Մարիամնեից ունեցավ Արիստոբուղոս որդուն, որն ամուսնացավ Բերենիկեի հետ, որն Հերովդեսի քրոջ աղջիկն էր և այդ ամուսնության վերջին զավակն էր Հերովդիադան կամ Հերովդիան։ Երրորդ կնոջից՝ Սիմոնյան Մարիամնեից ունեցավ Փիլիպպոս որդուն, որն ամուսնացավ իր եղբոր աղջկա՝ Հերովդիայի հետ, և այդ ամուսնությունից ծնվեց Սողոմեն: Չորրորդ կնոջից ունեցավ Հերովդես Անտիպաս որդուն, Գալիլիայի չորրորդապետին, որն ամուսնացավ Արաբիայի Արետաս թագավորի աղջկա հետ: Այսքանը բավարար համարենք այս նյութի համար։ Հերովդիադան թույլ ու զեղծ բարոյականի տեր կին էր, իսկ Անտիպասը՝ անկարգ վարքի հետևող, և շուտով այդ երկուսը համաձայնության եկան ու Հերովդիադան, լքելով իր ամուսնուն՝ Փիլիպպոսին, սկսեց բացահայտ կենակցել Անտիպասի հետ, առանց իր ամուսնուց արձակված լինելու: Այս գայթակղության ընթացքը բոլորի խիղճը վրդովել էր, բայց ոչ ոք չէր համարձակվում դիտողություն անել, և Հերովդես Անտիպասը և Հերովդիադան համարձակ շարունակում էին իրենց ապօրինի կյանքը: Սակայն երբ բոլորը վախենում էին, անապատական նախանձահույզ Հովհաննեսը լուռ չէր մնա: Նա Գալիլիայի կողմերը գալուց հետո, առիթ էր ունենում երբեմն քաղաքներն էլ այցելել: Անգամ Հերովդես Անտիպասը լսել էր նրա համբավը և որովհետև ինքն էլ գիտէր զնա այր արդար և սուրբ, Հովհաննեսին իր մոտ է հրավիրում՝ Տիբերիա քաղաքը, փափագելով սպասում նրա գալուն, հարցեր էր տալիս, պատասխաններ ստանում, խորհուրդներ հարցնում և խրատներին ականջ դնում: Հովհաննեսն օգտվելով այդ իրավիճակից՝ համարձակորեն զգուշացնում էր Հերովդես Անտիպասին, թե ուրիշի հետ ամուսնացած և չարձակված կնոջ հետ ապրելը հակառակ է օրենքին և շնություն է համարվում. Ոչ է օրէն քեզ ունել զկին եւղբրօր քոյ, ֊ ասում էր նա: Հերովդիադան, որ Հովհաննեսին հակառակություն ցույց չէր տալիս, քանի որ նրա խրատները անմիջական իրեն չէին դիպչում, չէր կարող ներել, որ Հովհաննեսը հանդգնի վտանգի ենթարկել իր հաճույքն ու բախտը և գրգռում էր Հերովդեսին, որ մեռցնել տա Հովհաննեսին և մեջտեղից վերացնի որպես հանցապարտի, բայց չէր հաջողվում։ Հերովդեսն իր սրտում տակավին երկյուղածություն ուներ օրենքի հանդեպ և վախենում էր ժողովրդից ու չէր համարձակվում մեռցնել տալ մեկին, որին բոլորը իբրև արդար և մարգարե էին ընդունում:
Բայց Հովհաննեսը չէր դադարում հանդիմանելուց և Հերովդիադայի ատելությունը գնալով էլ ավելի էր բորբոքվում և ամեն միջոց օգտագործում էր, որպեսզի հաղթի Հերովդեսի տարակուսանքը: Այսպես ժամանակ անցավ, մինչև որ Հերովդիադան հարմար առիթ գտավ և Հերովդեսը, երկու հակառակ կարծիքների մեջ շվարած՝ չուզելով ոչ Հովհաննեսին սպանել և ոչ էլ Հերովդիադային վիրավորել, որոշեց Հովհաննեսին բանտարկել: Նա ծառաներին ուղարկեց Հովհաննեսի գտնված տեղը՝ Բեթսան քաղաքի մոտակայքում, ձերբակալեց և շղթայակապ բանտարկեց Մաքերոնի բերդում՝ Մեռյալ ծովի եզերքում, ըստ Հովսեպոսի, թեպետ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ նա այդքան հեռու չէր ուղարկվել կամ էլ ետ էր բերվել, որովհետև վերջին ժամանակներում բանտարկված և շղթայակապ Հովհաննեսը պահվում էր Տիբերեա քաղաքում կամ մոտակա բերդում: Ավետարանները բանտարկության պատճառ են համարում Հերովդեսի հանդիմանվելը և Հերովդիադայի ատելությունը, մինչ Հովսեպոսը գրում է, թե ժողովրդին գրգռելու համար բանտարկվեց, բայց երկու կարծիքներն էլ կարող են համաձայն լինել իրար, եթե ընդունենք, որ առաջինը ներքին պատճառն էր, իսկ երկրորդը՝ արտաքին պատրվակը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: