Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1:1

Ստեփանոս Սյունեցի

1-2․ Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
   
   «Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը: Ինչպես որ գրված է Եսայի մարգարեի գրքում»:
Ըստ Մարկոսի այս ավետարանը ոչնչով չի զանազանվում Մատթեոսի [ավետարանից], այդ պատճառով այս մեկնությունը համառոտ ենք ասում, քանի որ ավելորդ ենք համարում մեկ անգամ ասվածները՝ նույնությամբ, կրկնել:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-5․ Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում .  «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար: Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1

   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
   
   Մկրտությունը Հին Ուխտի ավարտն ու Նոր Ուխտի սկիզբն է: Եվ Հովհաննեսը այդ անցումը սկզբնավորողն է, ուստի կանանցից ծնվածների մեջ նրանից մեծը չկա (Ղուկ․ 7:28): Նրանով ավարտվեց մարգարեների շրջանը (քանի որ բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսն էին (Մատթ. 11:13, Ղուկ․ 16:16)) և Նրանով ավետարանական գործի սկիզբը տրվեց: Որովհետև նախ ասվում է «Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը», և կարճ ժամանակ անց հավելվում. «Հովհաննեսը մկրտում էր անապատում» (Մարկ․ 1:4):
   

Որոգինես

Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
   
   Ավետարանը նախևառաջ Հիսուս Քրիստոսի ավետարանն է. Ով ամբողջությամբ փրկվելիք մարմնի գլուխն է (տե՛ս Եփես. 4:15, Կող. 1:18)։ ինչպես Մարկոսն է ասում. «Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը»: Սակայն Ավետարանի սկիզբը ողջ Հին Կտակարանն է, որի պատկերը Հովհաննեսն է: Բայց հանուն Նոր և Հին Ուխտերի կապի ընդգծման, այստեղ Հովհաննեսի միջոցով է ներկայացվում նաև Հին Ուխտի ավարտը:
   

Ա. Լոպուխին

Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: (Սինոդական թարգ․)[1]
   
   Ըստ ռուսերեն թարգմանության՝ առաջին համարը անմիջական կապ ունի հաջորդ երեք համարների հետ, և այս առաջին չորս համարների միտքը, համաձայն ընդունված ընդհանուր մեկնաբանության (տե՛ս Толк. Еванг.еп. Михаила), այսպիսին է. «Քրիստոսի Ավետարանի սկիզբը` Փրկչի լիաշնորհ արքայության մոտենալտւ ավետիսը, Հովհաննես Մկրտչի հայտնվելն էր, որը քարոզում էր ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար»: Սակայն առաջին համարի այսպիսի ընկալման հետ չի կարելի համաձայնել։ Եթե ​​առաջին համարի նախադասությունը համարվում է ենթակա, իսկ չորրորդ համարի շարունակությունը ստորոգյալ (այս դեպքում երկրորդ և երրորդ համարները լինում են ծանոթագրական նախադասություններ), ապա ստացվում է, որ դրանց մեջ եղած ժամանակը չափազանց երկարաձգված է, մինչդեռ Մարկոս ավետարանիչն Ավետարանի բոլոր հատվածներում իր մտքերը հակիրճ նախադասություններով է արտահայտում։ Հետո։ Եթե ​​ավետարանիչը ցանկանում է իր ընթերցողներին հատկապես ցույց տալ, որ Հովհաննես Մկրտչի խոսքը Ավետարանի սկիզբն է, ապա կարելի է ակնկալել, որ նա պետք է հստակ նշեր նաև, թե որն է այդ սկզբի շարունակությունը: Այնուամենայնիվ, մենք հետագայում նման ճշգրիտ նշում չենք գտնում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ավելի լավ է բնականորեն ընդունել առաջին համարի այնպիսի ըմբռնումը, ըստ որի՝ այն գրքի վերնագիրն է:
«Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը» («Հիսուս Քրիստոսի» արտահայտությունը դրված է տրական հոլովով, որն էլ ցույց է տալիս պատկանելություն), այսինքն՝ բարի լուրը, ինչպես այն հռչակեց Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, այն ձևով կամ այն ​​տեսքով, որով այն առաջարկվում էր քրիստոնեական լուսավորության սկզբնական շրջանում Քրիստոնեական եկեղեցի նոր մուտք գործած քրիստոնյաներին (այս մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր «Մարկոսի ավետարանը գրելու նպատակի մասին» հոդվածում գտնվող «ներածության» մեջ):

   «Հիսուս Քրիստոսի» արտահայտության մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր Մատթեոս 1.1 համարի մեկնաբանության մեջ։

   «Աստծու Որդի»։ Եթե ​​Մատթեոս ավետարանիչը, որն իր Ավետարանը գրել էր հրեա քրիստոնյաների համար, նրանց պետք է ցույց տար, որ Քրիստոս սերում է հրեա ժողովրդի նախահայրերից՝ Դավիթից և Աբրահամից (Մատթ. 1:1), ապա Մարկոս ավետարանիչը, որն   իր Ավետարանը գրում էր հեթանոսներից դարձի եկած քրիստոնյաների համար, նման նշման անհրաժեշտություն չուներ: Նա ուղղակի Քրիստոսին անվանում է Աստծո Որդի, իհարկե, որպես Հոր Միածնի (Մատթ. 16:16) բացառիկ իմաստով: Բայց եթե Ավետարանը, որը Մարկոսը հետագայում առաջարկում է իր ընթերցողներին, գալիս է Աստծո Որդուց, ապա այն, ինչպես ինքն է ասում, պետք է բոլորի համար անվիճելի հեղինակություն ունենա։ (Որոշ հին ձեռագրերում (օրինակ՝ Սինայականում) և որոշ Սուրբ Հայրերի և եկեղեցական գրողների մոտ «Աստծո որդի» արտահայտությունը բացակայում է: Բայց ձեռագրերի մեծ մասը, ինչպիսիք են Վատիկանյանը, Փարիզյանը և սիրիական ու լատինական թարգմանությունները, ունեն այս լրացումը]:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
(Արարատ թարգ․) Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։
(Գրաբար) Աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ: