Մաղաքիա արք. Օրմանյան
13-22․ Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց: Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից: Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում: Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»: Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն: Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն: Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի: Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:9
 
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց:
Բորոտների վրա հրաշք գործելուց հետո Տերը գնաց դեպի ծով՝ հավանաբար միայնություն փնտրելով, բայց մարդիկ նորից Նրա մոտ էին գալիս: Ուրեմն իմացի՛ր, որ որքան սկսես փախչել փառքից, այդքան էլ այն կհետապնդի քեզ. Իսկ եթե դու սկսես հետապնդել նրան, նա կփախչի քեզնից: Ահա՛, Տերը հենց նոր էր գնացել ծովի ուղղությամբ, բայց մարդիկ կրկին վազում էին Նրա հետևից:
Ա. Լոպուխին
13–14. Եվ նա դարձեալ ծովեզերք գնաց. և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, նա ուսուցանում էր նրանց: (Սինոդական թարգմ․)[13]
Ղևիի կոչման պատմության մեջ Մարկոսը հստակ նշում է, որ Քրիստոս դուրս եկավ տանից և նորից գնաց դեպի ծովը, որտեղ նախկինում ուսուցանում էր, և այստեղ սկսեց ուսուցանել Իրեն հետևող մարդկանց: Իհարկե, առաջին չորս աշակերտների նման (Մար․ 1:16) Ղևին էլ էր Քրիստոսին վաղուց ճանաչում և նվիրված էր նրան: Մաքսավոր–աշակերտին Մարկոս ավետարանիչը Մատթեոս չի անվանում, ինչպես վերջինս անվանվում է իր գրած Ավետարանում, այլ կոչում է Ղևի Ալփեան: Քանի որ Մատթեոսի մոտ կանչված մաքսավորի անվանն ավելացվում է այսպես կոչված «legomenon» արտահայտությունը, ուստի կարելի է մտածել, որ առաքյալի իրական ու սկզբնական անունը նշում է Մարկոսը, իսկ Մատթեոսը պատմում է այն անվան մասին, որն Իր առաքյալը դառնալուց հետո Ղևիին տվեց Քրիստոսը։ Ալփեոսի ով լինելն անհայտ է:
--------------------------------
[13] (Էջմիածին թարգմ․) Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց:
(Արարատ թարգմ․) Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։
(Գրաբար) Եւ մտեալ դարձեալ ի Կափառնաում, յետ աւուրց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: