Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):92

Սուրբ Եփրեմ Ասորի

Թագաւորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակուած չորս մարդ, որոնք քայլում են կրակի մէջ, որեւէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»:
   
   Արքայի հրամանը արագ կատարվեց. երիտասարդները, հագուստները հագներին, կապվեցին և նետվեցին հնոցը: Սակայն կրակը հեռացավ նրանցից՝ նրանց մոտ իջած Չորրորդ էակի հրամանով, Ով արձակեց նրանց կապված ազդրերը և երիտասարդներին բարձրացրեց ոչ թե, որ  նրանք շտապեն կրակից դուրս գալ՝ կարծես վախենալով դրա կործանարար ազդեցություններից, այլ որ  նրանք  հույսով լի մարդկանց նման  մնան կրակի մեջ: «Չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»։ Չորրորդին թագավորն ավելի ուշ տեսավ, սակայն երիտասարդները Նրան տեսան, հենց որ նետվեցին կրակի մեջ: Նա ընդունեց երիտասարդներին, երբ նրանք նետվեցին, և ուղեկցեց նրանց, երբ նրանք դուրս եկան: Երիտասարդները Նրան այնտեղ գտան  և այնտեղ էլ թողեցին: Նա նրանցից առաջ եկավ, որպեսզի փոխի կրակի այրող բնությունը, նրանցից հետո Նա մնաց, որպեսզի կրակին վերադարձնի նրա իսկ բնությունը, իսկ հետո արդեն անտեսանելի դարձավ: Հնոցից դուրս եկած կրակն այրում է երիտասարդներին մեղադրողներին. այն այրում է ամբարիշտներին, բայց չի վնասում նրանց մոտ հավաքված ժողովրդին: Հնոցի ներսում այն ​​չի վնասում երեքին, իսկ դրսում՝ հազարավորներին և տասնյակ հազարավորներին, սակայն ոչնչացնում է զրպարտողներին:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թագավորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակված չորս մարդ, որոնք քայլում են կրակի մեջ, որևէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»:
   
   Թագավորը նրանց տեսավ անցքի միջով: Նա (ենթադրաբար՝ հրեշտակը), հավանաբար, հայտնվեց մեծ գեղեցկությամբ: Ինչո՞ւ դու, Նաբուգոդոնոսո՛ր, ճանաչեցիր Աստծո Որդուն: Տե՛ս, թե ինչպես է բարբարոսը մեկ առ մեկ մարգարեանում։
   

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Դա լսելով՝ նա էլ ասաց. «Ահա, ես տեսնում եմ չորս չկապված մարդկանց, որոնք քայլում են կրակի միջով, ու նրանց վնաս չի լինում, և չորրորդի կերպարանքն էլ Աստծո որդու է նման»»։ (Սինոդական թարգ․) [92]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):91
-------------------------------
[92](Էջմիածին թարգ․) Թագաւորն ասաց. «Բայց ես տեսնում եմ կապերից արձակուած չորս մարդ, որոնք քայլում են կրակի մէջ, որեւէ վնաս չեն կրել, իսկ չորրորդի տեսքը Աստծու որդու նման է»:
(Արարատ թարգ․3։25) Նա էլ ասաց. «Ահա ես չորս արձակ մարդու եմ տեսնում, որ շրջում են կրակի մեջ, և նրանց վնաս չի լինում. չորրորդի կերպարանքն էլ աստվածների որդու է նման»։
(Գրաբար) Եւ ասէ թագաւորն. Այլ ես տեսանեմ արս չո՛րս արձակս, և գնան’ի մէջ հրոյն. և ապականութիւն ինչ՝ ո՛չ գոյ’ի նոսա. և տեսիլ չորրորդին նմա՛ն է որդւոյ Աստուծոյ։