Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը եւ զուարթ:
Ինչո՞ւ է մարգարեն այսպես գրել և չի ասել. «Նաբուգոդոնոսորը հանգիստ էր»: Քանի որ այս խոսքերը թագավորի անունից է գրել: Ինձ թվում է, որ սրանք հենց Նաբուգոդոնոսորի խոսքերն են: Գուցե իր նախորդ մոլորությունից դարձի գալուց հետո է նա այդպիսի հրամանագիր հրապարակել: Արժանահավատության համար Դանիելը բերում է հենց հրամանագիրը: Այստեղ անձամբ դա զգացողն է խոսում մարդկային ցեղի մասին: Եվ տե՛ս, թե հպարտներին այստեղ ինչ հրահանգ է տրվում: Իր կրած ամեն ինչի պատճառը հպարտությունն է, ուստի անձամբ և՛ սկզբում, և՛ վերջում վկայում է, որ ամեն ինչի պատճառը հպարտությունն էր: Վերջում նա ասում է. «Ո՞վ կարող է խոնարհեցնել հպարտ քայլողներին» (Դան. 4:34), սակայն հենց սկզբում ցույց է տալիս հպարտության պատճառը. այնտեղ նա բացատրում է, որ դրա համար է ինքը նվաստացվել, իսկ այստեղ ասում է, թե ինչու դա տեղի ունեցավ: Դա եղավ հենց այն պատճառով, որ նա մեծ բարօրություն էր վայելում:
Նույն կերպ էլ Դավիթն է ասում. «Հպարտությունը տիրեց նրանց» (Սաղմ. 72:6, «Յունգերով»): Նմանապես լիակատար բարեկեցությունը նաև այստեղ է դրա պատճառը դառնում: Սկզբում ասում է. «Իմ տանը հանգիստ էր, իսկ պալատներում` բարեկեցիկ»: Անհնար է, որ բոլոր բարիքները մեկտեղվեն: Պատահում է, որ մարդը ծառայության մեջ երջանիկ է լինում, իսկ իր տանը՝ դժբախտ. այսպես եղավ Հերովդեսի և Դավթի դեպքում: Պատահում է, որ մարդը դժբախտ է լինում հասարակական գործերում, սակայն տանը ոչ մի տհաճ բանի չի զգում: Պատահում է, որ մարդը քաղաքում խաղաղություն է վայելելում, սակայն անհանգստություն է զգում ծառայության մեջ: Իսկ այս մարդը բարեկեցիկ էր բոլոր պարագաներում. ոչինչ նրան չէր վրդովեցնում: Տեսնո՞ւմ ես, թե ինչ չարիք է հանդարտությունը: Ինչպես որ մենք, պարտադիր աշխատանքներ և կատարելու գործողություններ չլինելու պարագայում, մարմինը կոփելու համար հատուկ վարժություններ ենք անում, այդպես էլ սովորաբար անում է Աստված, որպեսզի մեղմացնի ավելորդ ուժը:
Ա. Լոպուխին
1-2. «Ես՝ Նաբուգոդոնոսորս, հանգիստ էի իմ տանը և բարգավաճում էի իմ պալատներում»։ [1] «Բայց ես մի երազ տեսա, որն ինձ վախեցրեց, և իմ անկողնում մտածումներն ու իմ գլխի տեսիլքներն ինձ խռովեցրին»։ (Սինոդական թարգ․)
Դանիել 4:1–4՝ Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը և այն բացատրելու բաբելական իմաստունների անզորությունը: 5–15՝ Թագավորի Դանիելի օգնությանը դիմելը. երազի բովանդակությունը: 16–24՝ Երազի վերաբերյալ մարգարեի տված բացատրությունը: 25–30՝ Դանիելի կանխատեսման կատարումը. Նաբուգոդոնոսորի հիվանդությունը: 31–34՝ նրա առողջացումը, իշխանության վերադարձը և Աստծո փառաբանումը:
Ժամանակային առումով երազը համընկնում է Նաբուգոդոնոսորի գահակալության խաղաղ տարիների հետ: Դրանք սկսվեցին նրա թագավորության 37–րդ տարում Եգիպտոսի դեմ կատարած արշավանքից հետո, որի համաձայն էլ էկզեգիտների կողմից երազը առնչվում է այս շրջանին: Նախկին փորձի վրա հիմնվելով՝ Նաբուգոդոնոսորը կարող էր հասկանալ, որ նոր երազը ինչ–որ կարևոր բան է նախանշում: Այս վերջինի լիակատար անհայտությունը, բնականաբար, շփոթության ու վախի զգացումներ է առաջացնում:
-------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ես՝ Նաբուքոդոնոսորս, ուրախ էի իմ տանը եւ զուարթ:
(Արարատ թարգ․ 4։4) Ես՝ Նաբուգոդոնոսորս, իմ տանը հանգիստ էի և բարգավաճում էի իմ պալատում։
(Գրաբար) Ե՛ս Նաբուքոդոնոսոր՝ ուրա՛խ էի’ի տան իմում և զուարճացեալ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: