Դանիելի մարգարեության մեկնություն 5(4):34

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնում եմ, փառաւորում եւ առաւել պանծացնում երկնքի արքային, որովհետեւ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ուղիները՝ արդար, եւ բոլորին, ովքեր կþամբարտաւանանան, նա կարող է խոնարհեցնել»:

   

   Չի կարելի ասել, որ Նա զորություն ունի, սակայն դա անարդար զորություն է. ո՛չ, նաև նրա արդարությունն է մեծ: Նա «խոնարհեցնում է» չասաց, որպեսզի քեզ ցույց տա Նրա երկայանամտությունը, և որպեսզի դու իմանաս, որ թուլության  պատճառով չէ, որ Նա այդպես է գործում, այլ մեկի միջոցով խրատում է մյուսներին: Տեսնո՞ւմ ես Նրա զորությունը: Տեսնո՞ւմ ես արդարությունը: Տեսնո՞ւմ ես մարդասիրությունը: Տեսնո՞ւմ ես՝  ինչպես են բարբարոսի շրթունքները արտասանում դա: Ո՞վ այդպիսի իմաստությամբ խոսեց: Մարգարեների կողմից դաստիարակվածները ոչ մի նման բան չասացին, այլ ընդհակառակը, նրանք ասացին. «Տերը ո՛չ բարի գործ է անում և ո՛չ  չար» (Սոփոնիա. 1։12), «Մեր ուժով չէ՞, որ մենք հզոր եղջյուրներ ունեցանք» (Ամոս. 6։13), «Ով որ չար գործ է անում, բարի է համարվում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ» (Մաղաք. 2։17), «Զուր է այն ամենը, ինչ ծառայում է Աստծուն, և ի՞նչ ավելի օգուտ եղավ, որ պահեցինք նրա հրահանգները» (Մաղաք. 3։14): Պաղեստինում սատանայական ուսմունքներ տեսնո՞ւմ ես: Բարբարոսական երկրում մարգարեական իմաստություն տեսնո՞ւմ ես: Սրանք այն շնորհի տեսակներն են, որ հեթանոսները պետք է ստանային, այն բանի տեսակները, ինչը վերջինս ուներ առաջիններից առաջ:
   

Ա. Լոպուխին

«Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, փառաբանում, գովաբանում և մեծարում եմ Երկնքի Թագավորին, Որի բոլոր գործերը ճշմարիտ են, և ճանապարհները՝ արդար, ու Որը կարողանում է հնազանդեցնել հպարտությամբ ընթացողներին»։ (Սինոդական թարգ․) [34]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 5(4):31
-------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Արդ, ես՝ Նաբուքոդոնոսորս, օրհնում եմ, փառաւորում եւ առաւել պանծացնում երկնքի արքային, որովհետեւ նրա բոլոր գործերը ճշմարիտ են, նրա ուղիները՝ արդար, եւ բոլորին, ովքեր կ՚ամբարտաւանանան, նա կարող է խոնարհեցնել»:
(Արարատ թարգ․ 4։37) Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին»։
(Գրաբար) Արդ ես Նաբուքոդոնոսոր օրհնե՛մ և առաւե՛լ բարձրացուցանեմ, և փառաւո՛ր առնեմ զԱրքայն երկնից. զի ամենայն գործք նորա ճշմարի՛տ են, և շաւիղք նորա իրաւունք. և զամենեսին ոյք գնան ամբարտաւանութեամբ՝ կարօ՛ղ է խոնարհեցուցանել
   
   Պատմամշակութային մեկնություն
   Նաբոնիդի աղոթք: Քումրանում հայտնաբերված փաստաթղթերից մեկը (4Q242 կամ 4QPrNab) հայտնի է «Նաբոնիդի աղոթք» անունով: Դրանից պարզ է դառնում, որ հիվանդությամբ տառապել է Բաբելոնի վերջին թագավոր Նաբոնիդը, այլ ոչ թե նրա հայտնի նախորդ Նաբուգոդոնոսորը: Այնպիսի մանրամասնություններ են համընկնում, ինչպիսիք են յոթնամյա հիվանդությունը և անանուն գուշակի օգնությամբ ապաքինումը: Փաստաթուղթը խոսում է երազի և ճշմարիտ Աստծուն երկրպագելու մասին, ինչն էլ հանգեցնում է ապաքինման: Մագաղաթում վայրի գազանի հետ համեմատության մասին հիշատակություն չկա, թեև մի շարք մեկնաբաններ փաստարկների մի համակարգ են կառուցել, որը ցույց է տալիս, որ նման համեմատությունը պարզապես չի պահպանվել: Այս մագաղաթը Նաբոնիդի յոթնամյա հիվանդությունը կապում է նրա՝ բոլորին հայտնի Թեմայում ապրելու ժամանակահատվածի հետ: