Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):1

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Իր թագավորության երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսավ: Նրա հոգին խռովեց, ու քունը փախավ աչքերից:
   
   Սակայն այս տարին տասներկուերորդն է: Եթե ​​քաղաքի գրավումից անցել էր երեք տարի, և այն գրավվել էր իններորդ տարում, ապա այս տարին տասներկուերորդն է: Ոմանք ասում են, որ հրեաների մոտ երկու թվերն էլ ցույց է տալիս նույն նշանը: Կա՛մ սա գրողի սխալն է, կա՛մ այստեղ նկատի է առնվում երիտասարդներին ներկայացնելուն հաջորդած երկրորդ տարին: Բայց խոսքը այդ մասին չէ:
   

Ա. Լոպուխին

«Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ, և խռովվեց նրա հոգին, և քունը հեռացավ նրանից»։ (Սինոդական թարգ․) [1]
   
   Նաբուգոդոնոսորի երազին Դանիելի տված մեկնաբանությունը եղել է նրա եռամյա դաստիարակության ավարտից հետո (Դան. 1:5, 18): Սա երաշխավորված է այն փաստով, որ նա երազը բացատրելուց հետո նշանակվեց բաբելոնական իմաստունների ղեկավար (2:48), ինչը, իհարկե, չէր կարող լինել, եթե նա ավարտած չլիներ գրքերի և քաղդեական լեզվի ուսումնասիրությունը (1:4), և, ընդհակառակը, միանգամայն հասկանալի է, որ դաստիարակությունից հետո պատահած իր առաջին ավարտական փորձության ժամանակ Դանիելը տասն անգամ ավելի խելացի եղավ, քան բաբելոնական բոլոր իմաստունները (1:20): Նմանապես, եթե երազի մեկնաբանումը նախորդեր դաստիարակության ավարտին, ապա այդ ժամանակ ինչ–որ անհավանական բան կստացվեր. իմաստունների գլուխը իմաստության համար է փորձության ենթարկվում: Վերջապես, կրթությունը չավարտած ​​աշակերտը չէր կարող ընդգրկվել իմաստունների թվում, մինչդեռ այս վերջինների հետ միասին նաև Դանիելին ու իր ընկերներին էր սպանվելու վտանգ սպառնում (2:18):

   Երազի բացատրման ժամանակ Դանիելի եռամյա դաստիարակությունն արդեն ավարտվել էր, սակայն այդ դեպքում այս իրադարձությունը չի կարող ընկնել Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում, ինչպես վկայում է Աստվածաշունչը: Նման հակասությունը վերացնելու համար էկզեգետները դիմում են տարբեր ենթադրությունների օգնությանը: Նրանցից ոմանց մոտեցման համաձայն՝ Նաբուգոդոնոսորի երկրորդ տարվա ներքո նկատի է առնվում, իհարկե, ոչ թե նրա թագավորության երկրորդ տարին, այլ Դանիելի եռամյա կրթության ավարտից հետո եղած երկրորդ տարին (Յախիադ), ըստ ոմանց էլ՝ Երուսաղեմի կործանմանը հաջորդած երկրորդ տարին (Հովսեփոս Փլավիոս), կամ, վերջապես, Նաբուգոդոնոսորին բոլոր շրջակա ժողովուրդների հնազանդվելուն հաջորդած երկրորդ տարին (Կոռնելիոս և Լապիդե, Մալդոնադ): Բայց հաշտեցման այս մեթոդը չի հաշտվում Աստվածաշնչի ուղիղ, մեկնաբանություն թույլ չտվող «Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում» բառերի հետ:

   Ուրիշ էկզեգետներ ժամանակակից ընթերցումը բացատրում են Նաբուգոդոնոսորի երազները  նրա թագավորության 12–րդ կամ 20–րդ տարուն առնչող տեքստի բնօրինակի քայքայմամբ: 12–րդ տարվանից  եբրայերեն «յոտ» տառի (12–ը եբրայերեն «כי»–ն է) բացթողման շնորհիվ ստացվում է 2–րդ տարին, 20–ից` 2–րդ է ստացվում «Qaf» տառը ուրվագծով իրեն նման «Bet» տառով փոխարինելու պատճառով (20–ը եբրայերեն՝ «ב», երկուսը` «כ»): Նմանատիպ ենթադրությունները թուլացնող տվյալ է համարվում Դանիելի իմաստության մասին Եզեկիել մարգարեի վկայությունը, որը վերաբերում է Նաբուգոդոնոսորի թագավորության 14–րդ տարվան (Եզեկ. 28:3). Դանիելի իմաստությունը հայտնի էր իր ժամանակակիցներին նախքան Նաբուգոդոնոսորի թագավորության 20–րդ տարին: Քննարկվող անհամաձայնությունը ավելի բնական և հավաստի կերպով է բացատրվում Նաբուգոդոնոսորի թագավորության տարիները հաշվարկելու երկակի մեթոդի գոյության վերաբերյալ ենթադրությամբ: Նրա թագավոր դառնալն ընկնում է մ.թ.ա. 605 թվականի կեսերին: Այս տարվա քսաներորդ Տիշրի ամսից (հոկտեմբերի սկիզբ) արդեն Նաբուգոդոնոսորի անունով պաշտոնական փաստաթղթեր կան, որոնցում նա ներկայանում է որպես իշխող տիրակալ: Միևնույն ժամանակ, բաբելոնական սովորության համաձայն, տիրակալների թագավորությունը հաշվվում էր գահ բարձրանալուն հաջորդած 1–ին նիսան ամսից սկսած, ուստի Նաբուգոդոնոսորի թագավորության առաջին տարին, ինչպես երևում է, այսպես կոչված, Պտղոմեոսյան կանոնից, համարվում է ոչ թե մ.թ.ա. 605, այլ 604 թվականը: Համաձայն այս հաշվարկի, որն որդեգրվել է Դանիել մարգարեի կողմից, Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարին (մ.թ.ա. 602 թվական) նրա գահ բարձրանալու երրորդ տարին է և, հետևաբար, նաև Դանիելի և նրա ընկերների դաստիարակության երրորդ տարին, քանի որ այն սկսվել էր մ.թ.ա. 605 թվականից (Պեսոցկի, «Սուրբ Դանիել մարգարե», էջ 296–298):

   Արտասովոր պատկերներով, միևնույն ժամանակ ընդհանուր առեղծվածային բնույթով և խորհրդավորությամբ  երազը անհանգստություն առաջացրեց թագավորի հոգում` «Նրա հոգին խռովվեց»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իր թագաւորութեան երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսաւ: Նրա հոգին խռովուեց, ու քունը փախաւ աչքերից:
(Արարատ թարգ․ 2։1) Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։
(Գրաբար) Յամին երկրորդի թագաւորութեան իւրոյ, ետես երա՛զ Նաբուքոդոնոսոր. և յիմարեցա՛ւ ոգի նորա, և քուն հատա՛ւ’ի նմանէ։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ժամանակագրություն: Ըստ բաբելոնական ժամանակագրության՝ գահակալության պահից մինչև Նոր տարվա առաջին օրն (ըստ ժամանակակից օրացույցի Նիսան, այսինքն՝ մարտ–ապրիլ ամիսների առաջին օրը) ընկած շրջանը համարվել է «գահ բարձրանալու տարի»: Նրա թագավորության առաջին տարին համարվում է մ.թ.ա. 604–603 թվականները: Այս գլխում քննարկված երազը կարող էր տեղավորվել մ.թ.ա. 603–602 թվականների ընթացքում: Այս տարին առանցքային տեղերում մեծ վնաս է հասցրել Բաբելոնյան տարեգրությանը, բայց պահպանված տեղեկությունները բավարար են ցույց տալու համար, որ Նաբուգոդոնոսորը բախվել է կարևոր ռազմական նշանակություն ունեցող խնդիրների հետ: Իր թագավորության չորրորդ տարում նա կատարել է իր՝ Եգիպտոս ներխուժելու հայտնի, թեև անհաջող փորձը:

   Խաթարված քուն: Այս մասին ընթերցի՛ր նաև Դան. 1:17 համարի մեկնաբանությունը: Քանի որ երազները աստվածների ուղերձներ էին համարվում, ուստի դրանք հաճախ անհանգստություն էին առաջացնում և նույնիսկ մարդկանց խուճապի մեջ էին գցում: