Սուրբ Եփրեմ Ասորի
Իսկ այն, որ դու տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց և մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպէս էլ մեծն Աստված ցոյց տվեց արքային, թե ինչ պիտի լինի հետոյ: Ճշմարիտ է երազը և ճշգրիտ՝ նրա մեկնությունը»:
«Առանց ձեռք դիպչելու քար պոկվեց», այսինքն` Մեր Տերը, որը ծնվեց նվաստության մեջ և լեռից պոկված քարի նմանողությամբ, այսինքն` սերեց Աբրահամի սերնդից: Լեռը խորհրդանշում է նաև Սուրբ Աստվածածնին, որից առանց ձեռք դիպչելու, այսինքն՝ անսերմնապես, քար պոկվեց։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսկ այն, որ դու տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց և մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպէս էլ մեծն Աստված ցոյց տվեց արքային, թե ինչ պիտի լինի հետոյ: Ճշմարիտ է երազը և ճշգրիտ՝ նրա մեկնությունը»:
Մյուս կողմից, նրանք կարող են ասել. «Ինչպե՞ս նա ջախջախեց ոսկին՝ Բաբելոնի թագավորությունը, որը վաղուց արդեն ավերվել էր, արծաթը՝ Պարսկական թագավորությունը, և պղինձը՝ Մակեդոնական թագավորությունը»: Այս թագավորությունները եղել են հնագույն ժամանակներում և վաղուց արդեն կործանվել են: Բայց մի՛ զարմացիր, սիրելի՛ս: Եթե նույնիսկ Պողոսը չի համարձակվում հստակ ասել, այլ ուղղակի ասում է. «Քանի դեռ մեջտեղից չի վերացվել նա, որ այժմ նրան հետ է պահում» (Բ Թեսաղ. 2:7), ապա մարգարեն առավել ևս չէր համարձակվի հստակ խոսել:
Բայց ասա՛ ինձ, ի՞նչ օգուտ կլիներ, եթե դա հստակ ասվեր: Բայց եթե նրանք հարցնեն. «Ինչպե՞ս նա ոչնչացրեց պղինձը և երկաթը», ապա այս հարցը կլինի նույնը, ինչ նախորդը. չէ՞ որ այդ բառերում ևս կասկած է արտահայտվում այն բանի շուրջը, թե ինչպես է Նա ոչնչացնում արդեն կործանված թագավորությունները: Նա իրավամբ անում է դա, քանզի ոչնչացնում է այն թագավորությունները, որոնց մեջ մտել են այդ նախկին երկրները: Ավելին, Նա դա գաղտնի կերպով անում էր նաև նախկինում, քանի որ Նա նախկինում էլ էր Աստված, թեև չէր բացահայտում Իր գործունեությունը, ինչն էլ արդարացի կերպով առաջացնում է ձեր տարակուսանքը: Եթե ինչ–որ մեկը ցանկանա այս մարգարեությունը առնչել քննարկվող ժամանակին, ապա մեղանչած չի լինի: Իրոք, Նա նույնիսկ հիմա է ոչնչացնում թագավորությունները՝ մակեդոնացիների հպարտությունն ու հռոմեացիների տիրապետությունը: Երբ նայես նահատակներին, որոնք անում են դա և Նրա պատվիրանները կատարելու համար պատրաստակամորեն որոշում են մեռնել, ապա կտեսնես, թե ինչպես է Նրա արքայությունը լցրել երկիրը: Դու գիտես մարգարեությունները: Եթե դրանցից որևէ մեկը չի կատարվել, ուրեմն ավարտին էլ մի՛ հավատա: Մարգարեն հետագայում ավելացնում է. «Դու տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկվեց…»: Տե՛ս, թե ինչպես է նա ապացուցում ասվածը` անհստակը հստակի միջոցով, և կարծես այսպես է ասում. «Պետք է հավատալ, որ երազի բովանդակությունը ներկայացնողը կարող է մեկնաբանել նաև երազը»:
Ա. Լոպուխին
«Ինչպես որ դու տեսար, որ քարն առանց ձեռք դիպչելու պոկվեց սարից և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու։ Եվ երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։ (Սինոդական թարգ․) [45]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):44
--------------------------------
[45] (Էջմիածին թարգ․) Իսկ այն, որ դու տեսնում էիր, թէ լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկուեց եւ մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպէս էլ մեծն Աստուած ցոյց տուեց արքային, թէ ինչ պիտի լինի յետոյ: Ճշմարիտ է երազը եւ ճշգրիտ՝ նրա մեկնութիւնը»:
(Արարատ թարգ․ 2։45) Ինչպես դու տեսար, որ սարից մի քար պոկվեց՝ առանց ձեռք դիպչելու, և փշրեց երկաթը, պղինձը, կավը, արծաթը և ոսկին. մեծ Աստվածը թագավորին իմացրեց, թե այսուհետ ի՛նչ է լինելու. երազը հաստատ է, իսկ մեկնությունը՝ ստույգ»։
(Գրաբար) Որպէս տեսանէիր՝ զի’ի լեռնէն հատաւ վէմն առանց ձեռին, և մանրեաց զխեցին և զերկաթ՝ զպղինձն և զարծաթ և զոսկի։ Աստուած մեծ եցո՛յց արքայի որ ինչ լինելոց է առ յապա. և ճշմարիտ է երազն՝ և հաւատարիմ մեկնութիւն նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: