Երեմիայի մարգարեության մեկնություն 6:26

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Իմ ժողովրդի՛ դուստր, քո՛ւրձ հագիր, քեզ վրա մոխի՛ր ցանիր, ողբա՛, ինչպես միամորիկ որդու մահվան համար [են ողբում], դառնորեն լացի՛ր, որովհետև հանկարծակի մեզ վրա կործանում է գալու:
   
   Իմ ժողովրդի՛ դուստր, քո՛ւրձ հագիր, քեզ վրա մոխի՛ր ցանիր, ողբա՛, ինչպես միամորիկ (կամ սիրելի) որդու մահվան համար [են ողբում], դառնորե՛ն լացիր, քանի որ հանկարծակի բնաջնջող (կամ աղետ) է գալու մեզ վրա (կամ ձեզ վրա): Քանի որ վերևում ասել էր. «Դուրս մի՛ եկեք արտերը և մի՛ քայլեք ճանապարհներով, քանզի ամենուր թշնամու սուր է, սարսափ է շրջակայքում», և  նույնիսկ փախուստն էր արգելել, ուստի [այժմ էլ] ասում է, թե նրանք ինչ պետք է անեն, այսինքն՝ նրանք պետք է դիմեն ապաշխարության և դրանով ձեռք բերեն առավել հուսալի և անվտանգ զենք: Այնտեղ, որտեղ մենք դրեցինք «ինչպես միամորիկ որդու մահվան համար [են ողբում], դառնորեն լացի՛ր»՝ «միամորիկ»–ի փոխարեն Եբրայերենում «iaid» է, որն ավելի շուտ նշանակում է «միակ», քան թե «միամորիկ»: Բայց եթե «սիրասուն» կամ «սիրելի» լիներ, ինչպես թարգմանել են Յոթանասնիցում, ապա կլիներ «idid», ինչ անվամբ էլ Աստված կանչում էր Սողոմոնին: Ոչինչ ավելի ցավալի  չէ, քան մեկ կամ միակ որդուն կորցնելը (Բ Թագ. 12): Մեր կողմից թարգմանված «քանի որ հանկարծ բնաջնջող (կամ աղետ) է գալու մեզ վրա»–ի փոխարեն Յոթանասնիցում թարգմանել են՝ «ձեզ վրա»: Աստված մեծ գթասրտություն ցուցաբերեց՝ վկայելով, որ այն ամենը, ինչ կգա Իր ժողովրդի վրա, կգա նաև Իր վրա: Իսկ «բնաջնջող» ասելով`  սովորաբար նկատի ունեն կա՛մ Նաբուգոդոնոսորին, կա՛մ սատանային:
   

Ա. Լոպուխին

«Իմ ժողովրդի դուստր, գոտեպնդվի՛ր քուրձով և մոխի՛ր շաղ տուր քեզ վրա, ողբա՛ կարծես քո միակ որդու մահվան համար, դառնորեն արտասվի՛ր. որովհետև հանկարծակի մեզ վրա պիտի գա կործանողը»։ (Սինոդական թարգ․)[26]
   
   Մարգարեն հրեաներին հրավիրում է   իրենց անխուսափելի մահը սգալու:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:22
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետեւ ձեզ վրայ թշուառութիւնը յանկարծակի է գալու:
(Արարատ թարգ․) Ո՛վ իմ ժողովրդի դուստր, քո՛ւրձ հագիր և մոխրի մե՛ջ թավալվիր, միամորի սո՛ւգ արա, դառնակսկիծ կոծ, որովհետև կործանողը հանկարծակի մեզ վրա պիտի գա։
(Գրաբար) Դուստր ժողովրդեան իմոյ քուրձ զգեցիր, մոխիր տարածեա. առ զսուգ սիրելւոյ եւ կոծեա կոծ ողորմ. զի յանկարծակի եկեսցէ թշուառութիւն ի վերայ քո։