Երեմիայի մարգարեության մեկնություն 7:13

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

13-15․ «Եվ հիմա, քանի որ դուք եք անում այդ բոլոր գործերը,— ասում է Տերը,— և վաղ արթնանալով ու խոսքս ձեզ ուղղելով ասացի, բայց դուք չլսեցիք, և կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք, ուստի, այս տան հետ, որն Իմ անունն է կրում, և որին դուք ապավինում եք, և այս վայրի հետ, որը Ես տվել եմ ձեզ ու ձեր հայրերին, Ես նույնը կանեմ, ինչ արեցի Սելովի հետ: Ձեզ մերժելու եմ, ինչպես մերժեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին:
   
   Մեր կողմից դրված «և վաղ արթնանալով ու ձեզ ուղղվելով» հատվածը Յոթանասնիցում բացակայում է: «Աստված վաղ է արթնանում» արտահայտությունը ոչ թե այն իմաստով է, որ Նրա համար առանց լուսաբացի ժամանակ է եղել, այլ այն իմաստով, որ գիշերային հանգստից և մարմնական ուժերը վերականգնելուց հետո մարդու հոգին ավելի արթուն է, և զգայական ցանկություններով և սննդի կարիքով զբաղված չլինելով` ավելի լավ է լսում և կատարում ասվածը: Հետևաբար, այն կարդում ենք սաղմոսում` «Առավոտյան կլսես ձայնն իմ. առավոտյան պատրաստ կլինեմ քո առջև կանգնելու» (Սաղմոս 5։4–5), և Եսայու մոտ` «Գիշերվանից կամ լուսաբացից իմ հոգին կբարձրանա դեպի քեզ, Տե՛ր, որովհետև քո պատվիրանները երկրի լույսն են»: Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը մեզ «լույսի որդիներ» (Եփես․ գլուխ 5) է անվանում, այլ ոչ թե գիշերվա և խավարի, և ոչ էլ քնած, ինչպես քնում էին նախկինները՝ չպահելով Աստծո պատվիրանները: Այսպիսով, քանի որ Աստված  նրանց գիշերվանից վեր կենալու կոչեց, որպեսզի նաև նրանց ազատի խավարից, ուստի նրանց սպառնում է, որ  Երուսաղեմի տաճարի հետ կանի այն, ինչ արեց Սելովի հետ, որտեղ ի սկզբանե խորանն էր, այնպես որ նույնանման մեղքերը կպատժվեն նույն վճռով: Եվ ինչպես, հանուն Հովսեփի ցեղ կոչվող և Եփրեմի ցեղից իշխաններ ունեցող Նովատի որդի Հերոբովամի, Տերը մերժեց Եփրեմի սերնդին, այսինքն՝ այն տասը ցեղերին, որոնք Իսրայել էին կոչվում, այնպես էլ Բենիամինի հետ կմերժի նաև Հուդայի ցեղին: Այսպիսով` եթե նա մերժեց Սելովը, կմերժի նաև Տաճարը: Եթե մերժեց տասը ցեղերին, կմերժի նաև երկուսին: Եթե մենք էլ նույնը գործենք, ապա այն ամենը, ինչ ասվում է այս ժողովրդին, պետք է կապենք նաև մեզ հետ:
   

Ա. Լոպուխին

13-15․ «Եվ հիմա, որովհետև դուք գործում եք այս բոլոր արարքները, - ասում է Տերը, - և Ես խոսեցի ձեզ հետ վաղ առավոտից, բայց դուք չլսեցիք, և կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք»։ [13] «Ուստի Ես էլ այն տանը, որն Իմ անունով է կոչված, որին դուք ապավինել եք, և այն տեղին, որը Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ ճիշտ այնպես, ինչպես որ արել եմ Սելովի հետ»։ «Եվ ձեզ պիտի վտարեմ Իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդներին»։ (Սինոդական թարգ․)
   
   Տերը նույն կերպ էլ կվարվի ներկայիս աստվածապետական  կենտրոնի՝ Երուսաղեմի և նրա տաճարի հետ: «Եփրեմի սերունդ»–ը Իսրայելի այն 10 ցեղերից է, որ  այստեղ անվանվել են ամենաուժեղ ցեղի անունով:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:1
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ հիմա, - ասում է Տէրը, - քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտուիք ինձ,
(Արարատ թարգ․) «Եվ հիմա, որովհետև դուք այս բոլոր արարքները գործեցիք,- ասում է Տերը,- հարատևորեն խոսեցի ձեզ հետ, բայց դուք չանսացիք։ Եվ կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք։
(Գրաբար) Եւ արդ փոխանակ զի արարէք զայդ ամենայն գործս՝ ասէ Տէր. եւ խաւսեցայ ընդ ձեզ ընդ առաւաւտս խաւսելով՝ եւ ոչ լուարուք ինձ. կոչեցի զձեզ՝ եւ ոչ ետուք ինձ պատասխանի։