Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Հետևաբար, Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկությունը թափվում է այս տեղի վրա, մարդու և անասունի վրա, ագարակի ծառի վրա, հողի բարիքների վրա. որ այրվի ու չմարի»:
Հետևաբար, Տեր Աստված այսպես է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկություւնը բոցավառվել է (կամ կաթիլ առ կաթիլ է թափվում) երկրի ծառերի և պտուղների, այս վայրի, մարդկանց և անասունների վրա և կայրվի ու չի մարի: Վերևում «մի՞թե ինձ են բարկացնում» ասած լինելով՝ հիմա ևս ասում է. «Իմ ցասումն ու բարկությունը կաթիլ–կաթիլ թափվում է այս տեղի վրա»: Իմաստը հետևյալն է. թեև Ես բնությամբ բարկացկոտ չեմ, բայց նրանք այնպես են անում, որ Ինձ զայրացնեն և Ես իմ բնությունը փոխեմ: Ուստի թող զգան, թե ինչպիսին եմ Ես, երբ բարկացած եմ, թող զգան, թե ինչպիսին է ինքն իր մեջ այն (այսինքն՝ Աստծու բարկությունը), ինչը նրանք փորձում են առաջացնել: Եվ գեղեցկորեն ասաց. Իմ բարկությունը չթափվեց այս վայրում, այլ կաթիլ առ կաթիլ հոսեց, որպեսզի ցույց տա չափավոր պատիժը: Եթե բարկության մի կաթիլում այսքան դաժանություն կա, ապա ի՞նչ կլինի, եթե հեղեղներով թափվեն: «Իմ բարկությունը բոցավառվել է» արտահայտությունը այն իմաստով կարելի է հասկանալ, որ շատ մեղքերի պատճառով Աստված ստիպված է լինում անել այն, ինչ երկար ժամանակ չէր ցանկանում անել: Երբ Աստված բարկանում է, ապա և՛ մարդիկ, և՛ նրանց պատկանող ամեն ինչ նույն կերպ են կործանվում: [Երբ] ասում է «և կայրվի», իհարկե Տիրոջ բարկությունն [ենք հասկանում], «Ու չի մարի»՝ քանի որ ժողովուրդը ոչինչ չի ձեռնարկում այն մարելու համար:
Ա. Լոպուխին
«Սրա համար այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Իմ բարկությունն ու Իմ զայրույթը թափվում են այս տեղի վրա, մարդկանց վրա և անասունների վրա, ու դաշտի ծառերի վրա և հողի պտուղների վրա, ու պիտի այրի և չպիտի հանգչի»»։ (Սինոդական թարգ․)[20]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:16
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկութիւնը կը թափեմ այդ տեղի վրայ, մարդու եւ անասունի վրայ, ագարակի ծառի վրայ, հողի բարիքների վրայ. թող կրակը բորբոքուի ու չմարի»:
(Արարատ թարգ․) Սրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա իմ բարկությունն ու իմ զայրույթը պիտի թափվեն այս տեղի վրա, մարդու վրա և անասունի վրա, դաշտի ծառի վրա և հողի պտղի վրա, և պիտի այրի ու չհանգչի»։
(Գրաբար) Վասն այսորիկ այսպէս ասէ Տէր. Ահա զբարկութիւն եւ զսրտմտութիւն իմ հեղից ի վերայ տեղւոյդ այդմիկ, ի վերայ մարդոյ եւ անասնոյ, եւ ի վերայ փայտի ագարակի. եւ ի վերայ արդեանց երկրի։ բորբոքեսցի եւ ոչ շիջցի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: