Երեմիայի մարգարեության մեկնություն 2:23

Ա․ Լոպուխին

23-25. «Դու ինչպե՞ս կարող ես ասել. «Ես չեմ պղծել ինձ, ես չեմ հետևել Բահաղին». նայի՛ր հովտի մեջ քո վարքագծին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել դու, թեթևաշա՛րժ ուղտ, որ թափառում ես քո ճանապարհներով»։[23]«Անապատին վարժված վայրի էշին, որն իր հոգու կրքով օդ է կուլ տալիս, ո՞վ կարող է զսպել. նրա բոլոր որոնողները չեն հոգնի. իր ամսվա մեջ նրանք կգտնեն նրան»։ «Թող որ քո ոտքերը չմաշեն կոշիկներդ և թող որ կոկորդդ չտոչորվի ծարավից։ Բայց դու ասացիր. «Հույս մի՛ ունեցիր, ո՛չ. որովհետև ես սիրում եմ օտարներին և գնալու եմ նրանց հետևից»»։ (Սինոդական թարգ․)
   
   Իր տռփանքի մեջ անզուսպ մատակ ուղտի և վայրի էշի պես  Իսրայելը ձգտում է հագեցնել հեթանոսական կրոնական գինարբուքների հանդեպ իր ունեցած կիրքը։  Մարգարեն այստեղ հիշում է այն նողկալի տոնակատարությունները, որոնք Երուսաղեմի մոտակայքում գտնվող Ենովմի որդիների հովտում կազմակերպվում էին ի պատիվ Մողոքի և Բահաղի (Եր․ 7։31, Դ Թագ․ 23։10)։ Կոշիկները խնայելու և անսանձ կերպով հաճույքներին հետապնդելու պատճառով կոկորդին չորանալ թույլ չտալու մասին մարգարեի հեգնական խորհրդին Իսրայելը պատասխանում է, որ բոլոր հորդորներն արդեն ապարդյուն են․ ինքն ի զորու չէ հաղթահարելու իր մեջ օտար աստվածների հանդեպ ունեցած կիրքը։
--------------------------------
[23] (Էջմիածին թարգ․) Ինչպէ՞ս ես ասում, թէ՝ «Չեմ պղծուել եւ չեմ գնացել Բահաղի յետեւից»: Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում եւ իմացի՛ր, թէ ի՛նչ ես արել:
(Արարատ թարգ․) Ինչպե՞ս կարող ես ասել. Չեմ պղծվել, Բահաղներին չհետևեցի. նայի՛ր հովտի մեջ քո ճանապարհին, իմացի՛ր, թե ի՛նչ ես արել, ո՛վ թեթևաշարժ, մոլորաշավիղ մատակ ուղտ։
(Գրաբար) Զիա՞րդ ասիցես թէ ոչ պղծեցայ, եւ զհետ Բահաղու ոչ գնացի. տես զճանապարհս քո ի գերեզմանս, եւ ծանիր զինչ գործեցեր։