Երեմիայի մարգարեության մեկնություն 3:25

Ա․ Լոպուխին

«Մենք պառկած ենք մեր ամոթի մեջ, և մեր նախատինքը ծածկում է մեզ, որովհետև մենք մեղանչեցինք մեր Տեր Աստծո դեմ` մենք և մեր հայրերը` մեր երիտասարդությունից մինչև այս օրը, և չանսացինք մեր Տեր Աստծո ձայնին»։ (Սինոդական թարգ․)[25]
   
   «Պառկում ենք ամոթի մեջ»։ Ապաշխարողները սովորաբար քուրձ էին հագնում և մոխրի մեջ էին պառկում (Հոբ․ 42։6)։ Իսրայելն ակնհայտորեն  Եհովայի առաջ անկեղծորեն զղջալու է իր անցյալի բոլոր հանցանքների համար:

   Հատուկ նկատառումներ։ Որոշ քննադատներ  թեկուզև ընդունում են, որ 3−րդ գլխի 6−16−րդ համարները Երեմիային են պատկանում, սակայն ենթադրում են, որ դրանք, գրքի խմբագրի կողմից, տեղադրվել են ոչ այն վայրում, որտեղ  պետք է տեղադրվեին, իսկ 16−րդ և 17−րդ համարները ուշ շրջանի հավելում են համարում (Շտադէ, Կյունեն, Կոռնիլ)։ Սակայն օբյեկտիվ ընթերցողի համար 3:19−25 և 4:1 և հաջորդ համարները 3−րդ գլխի 5−րդ համարի անհրաժեշտ շարունակությունը չեն։  Եթե Կոռնիլը մատնանշում է գլխի միջնամասում (6−րդ համար) գտնվող հատուկ նախաբանի անտեղիությունը, ապա այդ իրողությունը կարելի է բացատրել նրանով, որ մարգարեն ակնհայտորեն իր ընթերցողներին ցանկանում էր հասկացնել, որ հաջորդիվ սկսվող խոսքը հատկապես արժանի է նրանց ուշադրությանը։ Եվ իրապես, այստեղ իսրայելական տասը ցեղերից բաղկացած թագավորության մասին ամբողջովին նոր հայտնություն ունենք, որի ճակատագիրը, թվում էր, թե մեկընդմիշտ որոշվել էր։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե 6−18−րդ համարներում բովանդակվող մտքերը որքանով կարող են Երեմիային պատկանող ճանաչվել, ապա այդ հարցը պետք է լուծվի ոչ այլ կերպ, քան դրականորեն։ Ուրիշ ոչ ոքի, բացի Երմիայից, որը Եղիայի ցեղից էր, որը ծառայում էր տասը ցեղերի հնագույն կենտրոնական սրբարանում՝ Սելովում, որը հենց իր բնակության վայրով եփրեմացի էր, որը հակված չէր այդպիսի համակրանք տածել տասը ցեղերից բաղկացած թագավորության հանդեպ, որն արտահայտվում է դիտարկվող բաժնում։ Ընդ որում՝ Երեմիայի գրքի 31−րդ գլխի 2−22−րդ համարներում այս բաժնին զուգահեռ մի հատված կա, որտեղ Եհովայի առջև խոնարհաբար իր մեղքը ընդունած Եփրեմին հարազատ երկիր վերադարձվելու խոստում է տրվում։ Ասում են (հատկապես Կոռնիլը)՝ 31−րդ գլխում վերականգնումը խոստացվում է ամբողջ Իսրայելին, իսկ այստեղ (համար 14)՝ Իսրայելական պետության միայն  ընտրյալ անդամներին։ Սակայն 31−րդ գլխում (համար 7) էլ է ասվում, որ միայն Իսրայելի մնացորդը կփրկվի։ 3−րդ գլխի վավերականության վերաբերյալ քննադատների արտահայտած մյուս տարակուսանքները չափազանց սուբյեկտիվ են, որպեսզի դրանց վրա կանգ առնենք։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Մենք մեր ամօթով քուն մտանք, եւ մեր անարգանքները մեզ ծածկոց եղան, քանզի մենք եւ մեր հայրերը մանկութիւնից մինչեւ այսօր մեր Աստծու առաջ մեղք գործեցինք եւ մեր Տէր Աստծու ձայնը չլսեցինք»:
(Արարատ թարգ․) Մեր ամոթով պառկենք, և մեր նախատինքը թող ծածկի մեզ, որովհետև մենք և մեր հայրերը Տիրոջ՝ մեր Աստծու դեմ մեղանչեցինք մեր մանկությունից մինչև այս օրը և Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին չանսացինք»։
(Գրաբար) Ննջեցաք ամաւթով մերով, եւ ծածկեցին զմեզ անարգանք մեր. քանզի առաջի Աստուծոյ մերոյ մեղաք մեք եւ հարքն մեր ի մանկութենէ մինչեւ ցայսաւր. եւ ոչ լուաք ձայնի Տեառն Աստուծոյ մերոյ։