Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
2-3․ Մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի: «Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտ, վրաններ կկանգնեցնեն նրա շուրջը. ամեն մեկը պիտի արածեցնի իր հողաբաժնում»։
Ես սիրեցի Սիոնի գեղեցիկ ու քնքուշ դստերը: Եվ նրա մոտ կգան հովիվներն ու նրանց հոտերը՝ նրա շուրջը խփելով վրանները: Յուրաքանչյուրը կհովվի իր ձեռքի տակ եղողներին: Երուսաղեմի դեմ պատերազմ նվիրագործե´ք (պատրաստե´ք): Վե՛ր կացեք, նրա դեմ ելնենք կեսօրին: Այստեղ պատկերվում է Երուսաղեմի՝ Սիոնի գեղեցկությունը, այնպես որ առաջին անունով նշվում է ամբողջ քաղաքը, իսկ երկրորդով՝ քաղաքի բերդը: «Սիոն» նշանակում է «վսեմ վայր» և համեմատվում է գեղեցիկ կնոջ հետ, քանզի ասվում է, որ ինչպես սիրահարներն են կնոջ շուրջը հավաքվում, այնպես էլ հովիվները՝ Երուսաղեմի: Բավականին հետաքրքրական է չորս՝ «րեշ, աին, իօդ, մեմ», տառերով արտահայտված եբրայերեն բառը: Եթե այն կարդանք «reim», ապա կնշանակի «սիրահարներ», իսկ եթե կարդանք «roim», ապա կլինի հովիվներ: Ուստի փոխաբերական իմաստով այն կարող է ցույց տալ գեղեցիկ կնոջ սիրահարներին, սակայն քաղաքի ոչնչացման հետ կապվելու դեպքում՝ հովիվներին: Նրանցից առաջինները շտապում են նրան պոռնկությամբ պղծել, իսկ վերջինները՝ պաշարել և ավերել քաղաքը: Հովիվների և նրանց հոտերի ներքո պետք է հասկանալ Քաղդեացիների իշխաններին և զորքին: Նրանք իրենց վրանները կանգնեցնելու են պաշարվող քաղաքի շուրջբոլորը, և յուրաքանչյուրը հովվելու է իր ձեռքի տակ եղողներին, այսինքն՝ իր զորախմբերին և ջոկատներին: Այս իշխանները կամ հովիվներն իրենց հոտերին ասելու են. «Երուսաղեմի դեմ պատերազմ պատրաստե՛ք», քանի որ այն Տիրոջ սեփականությունն է: «Վե՛ր կացեք, նրա դեմ ելնենք կեսօրին», քանզի մենք չենք կռվելու ո՛չ դարանակալելով, ո՛չ էլ գիշերը, այլ օրը ցերեկով, որովհետև ոչ ոք չի կարող մեզ ընդդիմանալ:
Ա. Լոպուխին
2-3․ «Ես կկործանեմ Սիոնի դստերը` գեղեցիկին և փափկասունին»։ [2] «Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտ, վրաններ կկանգնեցնեն նրա շուրջը. ամեն մեկը պիտի արածեցնի իր հողաբաժնում»։ (Սինոդական թարգ․)
Երուսաղեմին սպառնում է թշնամական մեծաթիվ զորքերի ներխուժումը: Հովիվները զորապետներն են:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի:
(Արարատ թարգ․) Վայելչագեղին և փափկասունին կկործանեմ՝ Սիոնի դստերը։
(Գրաբար) եղիցի գեղեցկին եւ փափկացելոյն։ եւ բարձցի բարձրութիւն քո դուստր Սիովնի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: