Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։15

Ա․ Լոպուխին

15-16․ Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար նաև իբրև վահան վերցրու հիմար հովիվներից մեկին»: [15] «Քանի որ ահա, Ես այս երկրի վրա հովիվ եմ նշանակելու, որը չի հոգալու մահացողների մասին, չի փնտրելու մոլորյալներին ու չի բժշկելու հիվանդներին, առողջներին չի կերակրելու, այլ ուտելու է ճարպոտ կենդանիների միսը և պոկելու է նրանց կճղակները»: (Սինոդական թարգ․)
   
   Սակայն հոտը չի կարող ամբողջությամբ առանց հովիվ մնալ. մերժելով բարի Հովվին` այն կրկին ընկնում է հիմար և դաժան հովվի իշխանության և առաջնորդության ներքո: Համաձայն Տիրոջ պատվիրանի` մարգարեն պետք է վերցնի «հիմար հովիվներից մեկի վահանը»: Այս վահանը, իհարկե, ցույց է տալիս հովվի կողմից հոտի անխոհեմաբար կառավարումը և դրա հետ անփույթ կերպով վարվելը: Ըստ Կելերի` կճղակները պոկելը ցույց է տալիս դրանց մեջ եղած ճարպի սննդի մեջ օգտագործումը (Marti. Op. cit. S. 442): Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին ու Երանելի Հիերոնիմոսը հիմար, շահամոլ և դաժան հովվի ներքո հասկանում են հակաքրիստոսին (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 169, Հիերոնիմոս Երանելի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 148, հմմ. Luth. S. 329): Ժամանակակից մեկնաբանները չար հովվի ներքո հասկանում են Հռոմեական Կայսրությունը, որի դաժան կառավարման տակ հրեաներն ընկան Փրկչի գալստյան ժամանակին մոտ ժամանակներում, և որի կողմից էլ, Նրան մերժելուց հետո, վերջնական ավերածության ենթարկվեցին (Keil. Op. cit. S. 631; Haupt. Op. cit. S. 284):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը դարձեալ ինձ ասաց. «Դու հովուութիւն անելու համար վերցրո՛ւ մի տգէտ հովուի գործիքներ,
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Քեզ համար կրկին հիմար հովվի գործիքնե՛ր վերցրու։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր դարձեալ. Առ դու քեզ գործի հովուութեան հովուի տգիտի.