Զաքարիայի մարգարեության մեկնություն 13։8

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

8-9․ «Եվ պիտի լինի ողջ երկրի վրա, - ասում է Տերը, - որ նրա երկու մասը պիտի ոչնչանա ու կորչի, իսկ երրորդ մասը պիտի մնա նրա վրա»։ [8] «Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի մտցնեմ ու հալեցնեմ, ինչպես հալեցնում են արծաթը, և պիտի մաքրեմ նրանց, ինչպես մաքրում են ոսկին։ Նրանք պիտի կանչեն Իմ անունը, և Ես պիտի լսեմ նրանց ու ասեմ. «Սա Իմ ժողովուրդն է», և նրանք պիտի ասեն. «Տերն է իմ Աստվածը»»։ (Սինոդական թարգ․)
   
   Հովվի մահվան մեղավորները կամ այդ չարագործության համակիրները չեն խուսափելու իրենց արժանի պատժից: Ամբողջ երկրում, այսինքն` Իսրայելի երկրում, բնակիչների երկու երրորդը պիտի ոչնչացվի, իսկ մեկ երրորդը պիտի մնա: «Այստեղ ամբողջ հրեա ժողովուրդը ներկայացվում է որպես մահվան դատապարտված Հովվի թողած ժառանգություն, որը բաժանվում է երեք մասի. դրանցից մահը, իրեն վերապահելով անդրանկության իրավունքը, երկու բաժին է ստանում, իսկ կյանքը` մեկ» (Keil. Op. cit. S. 646): Սակայն մնացած երրորդ մասն էլ պիտի փորձվի ու մաքրվի աղետների և գայթակղությունների կրակով։ Դրանից հետո միայն այդ մասը իրապես կդառնա Աստծու ժողովուրդ՝ ոչ թե իզուր կանչելով Աստծու անունը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ այն օրը, - ասում է Տէրը, - երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մէկ երրորդը պիտի մնայ նրա մէջ:
(Արարատ թարգ․) «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Երկու մասունք ի նմա սատակեսցին եւ պակասեսցին, եւ երրորդն մնասցէ ի նմա։