Ա․ Լոպուխին
«Սո՛ւր, բարձրացի՛ր Իմ հովվի ու Իմ մերձավորի վրա»,− ասում է Զորությունների Տերը,− «հարվածիր հովվին, ու գառները կցրվեն: Եվ Ես իմ ձեռքը կուղղեմ փոքրերի վրա»: (Սինոդական թարգ․) [7]
13−րդ գլխի վերջում մարգարեն կրկին նկարագրում է ընտրյալ ժողովրդի նկատմամբ Աստծո դատաստանը: Աստվածային տնօրինական ծրագրի համաձայն` Տիրոջը անչափ մոտ կանգնած Իսրայելի ժողովրդի հովիվը՝ Աստվածային Անձը` Մեսիան, մահվան է դատապարտվում: «Հարվածիր հովվին» արտահայտությունը Տիրոջ անունից սրին ուղղված մարգարեի կոչն է. Տեր Աստծու շուրթերից հնչող այս խոսքերը կարելի է թույլտվության և կանխագիտության իմաստով հասկանալ. սակայն այստեղ նաև այն մարդկանց հասցեին է նախատինք լսվում, որոնք ձեռք են բարձրացնելու հովվի վրա: Հովվից զրկված ոչխարները ցրվելու են, սակայն վերջնականապես չեն կործանվելու. քանի որ Աստված կրկին մեկնելու է Իր փոքրերին, այսինքն` խոնարհ ու հնազանդ ոչխարներին, պաշտպանող Աջը: «Իմ ձեռքը մեկնելու եմ փոքրերի վրա», այսինքն` այն խոնարհ ու հեզ ոչխարների վրա, որոնց մասին խոսվում էր 11−րդ գլխում, ինչպես որ կարծում են որոշ հետազոտողներ: Սլավոներեն տեքստում համապատասխան հատվածը «Իմ ձեռքը մեկնելու եմ (փոքրիկ) հովիվների վրա» տարբերակով է ընթերցվում: Ըստ ուսումնասիրողների` Յոթանասնիցն այստեղ կա՛մ վրիպակ է ունեցել, կա՛մ էլ «hazzo'arim» արտահայտության փոխարեն սխալմամբ «haro'im» տարբերակով է ընթերցել (բաց է թողնվել «ցադե» տառը, իսկ «այն» և «րեշ» տառերը փոխվել են իրենց տեղերով), և այդ իսկ պատճառով էլ Ալեքսանդրյան կանոնում «touj poimenaj» տարբերակով է ընթերցվում (Reinke. S. 265, Anm.): Յոթանասնիցի ընթերցման Ալեքսանդրյան ու Վատիկանյան կանոնների (այս կանոններում մասորեթական տեքստին համապատասխանող «touj mikrouj» տարբերակն է) հետ միավորման պարագայում ստացվում է «touj mikrouj poimenaj», որն էլ առկա է Երանելի Թեոդորոսի մոտ և սլավոներեն թարգմանության մեջ: Ըստ Գեզենիուսի` Ակյուղասի «touj (poimenaj) braceej» ընթերցումը նշանակում է «die Hirtenjungen» (հովվի օգնական, փոքրիկ տավարած): Այս իմաստով կարելի է մեկնաբանել նաև քաղդեական «cal tinjanajja»` super secundos արտահայտությունը։ Նմանատիպ ընկալման պարագայում բնօրինակն ու Ալեքսադրյան Յոթանասնիցը ամբողջությամբ համընկնում են, և դրանց միջև որևէ էական տարբերություն չի նկատվում (տե՛ս Brianius Waltonus. Bibliorum Sacrorum tomus tetrius. Londini, 1656; Field. The Old Testament in Greek according to the Septuagint, edited... by H. B. Swete. Vol. III. Cambridge, 1894; Gesenius. Wörterbuch; Keil. Op. cit. S. 645; Köhler. Der Weissagungen Sacharjas... 9–14. S. 241; Marti. S. 443): Զաք. 13:7 և հաջորդ համարների Մեսիական բնույթի մասին վկայված է հենց Տեր Հիսուս Քրիստոսի կողմից (տե´ս Մատթ. 26:31; Մարկ. 14:27): Վաղ շրջանի մեկնաբանները ոչխարների ցրվելու ներքո այստեղ կա՛մ որպես խաչը բարձրացնելու համար Քրիստոսին ձերբակալելու գիշերը առաքյալների ցրվելու (Մատթ. 26:56), կա՛մ էլ, առհասարակ, որպես հալածանքների հետևանք Քրիստոսին հետևողների ցրվելու փաստերի վերաբերյալ մարգարեական մատնանշում են տեսնում (Սուրբ Եփրեմ Ասորի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 259; Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, էջ 200; Թեոդորոս Երանելի, էջ 120; Հիերոնիմոս Երանելի, էջ 164, տե՛ս Haupt. Op. cit. S. 128–129; ZATW. 1881. S. 32):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովուի վրայ եւ նրա ընկեր տղամարդու վրայ, - ասում է Ամենակալ Տէրը. - ես պիտի հարուածեմ իմ հովուին, եւ իմ հօտերը պիտի ցրուեն, ես իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիւների վրայ:
(Արարատ թարգ․) «Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովվի դեմ և մարդու վրա, որ իմ ընկերն է,- ասում է Զորքերի Տերը,- հարվածի՛ր հովվին, և ոչխարները կցրվեն։ Եվ ես իմ ձեռքը պիտի դարձնեմ փոքրերի դեմ»
(Գրաբար) Զարթիր սուր ի վերայ հովուի իմոյ, եւ ի վերայ առն՝ ընկերի նորա, ասէ Տէր ամենակալ. Հարից զհովիւն, եւ ցրուեսցին խաշինքն. եւ դարձուցից զձեռն իմ ի վերայ հովուաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: