Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

10-11․ «Եվ ես ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ո՞ւր են տանում նրանք այդ արդուն»»։ [10] «Այնժամ նա ասաց ինձ. «Որպեսզի տուն շինեն նրա համար Սենաար երկրում, և երբ ամեն ինչ պատրաստ լինի, նա պիտի դրվի այնտեղ՝ իր հիմքի վրա»»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի այն հարցին, թե որն է խորհրդանշական ճանապարհորդության նպատակը, Հրեշտակը պատասխանում է, որ արդուի համար, որի մեջ բանտարկված էր անօրենությունն անձնավորողը, «տուն պիտի շինվի Սենաարի երկրում», ու այն հավետ պիտի հաստատվի այնտեղ: «Սենաար»-ի ներքո ամենից առաջ հասկացվում է Բաբելոնը, իսկ ամբողջ տեսիլքի իմաստը հետևյալն է․ անօրինությունը հրեաներից հեռացվում է դեպի իրենց թշնամիների երկիրը` Բաբելոն, որտեղ էլ լինելու է անօրենության մշտական բնակավայրը, քանի որ սուրբ երկրում դրա համար տեղ չպետք է լինի:
   Վերոշարադրյալի առնչությամբ պետք է նաև նշել, որ որոշ մեկնիչներ (Քեյլ, Քլիֆոթ, Օրելլի, Ռուժեմոնտ) 5−րդ գլուխը մեկնաբանում են իբրև մեկ (վեցերորդ) տեսիլք՝ բավարար հիմքեր չտեսնելով այն երկու մասի բաժանելու համար, որոնք կնկարագրեին երկու ինքնուրույն տեսիլքներ (վեցերորդ ու յոթերորդ), ինչպես անում են մեկնիչների մեծ մասը (Կարպցով, Քյոլեր, Կյունեն, Դրայվեր, Բրադենկամփ, Նովակ, Սմիթ, Մարտի, Շտրետեր, Պալլադիոս եպիսկոպոս և այլք): Մեծամասնության կարծիքը պետք է ավելի հիմնավոր համարել, քանի որ հակառակ մոտեցման կողմնակիցները հետևողականորեն չեն կարողանում ապացուցել իրենց այն միտքը, համաձայն որի 5−րդ գլխի առաջին հատվածն անբաժանելիորեն կապված է երկրորդի հետ: Այսպես, օրինակ, Քեյլը, խոսելով մեկ տեսիլք կազմող (Gesicht) երկու պատկերների մասին (Bilder) և հինգերորդ գլխի տեսիլքները Doppelvision՝ կրկնակի տեսիլք անվանելով (Keil C.F. Biblischer Commentar über die zwölf kleinen Propheten. Leipzig, 1866, էջ 560 և 565), ակնհայտորեն որոշակի զիջում է անում իր իսկ հերքած տեսակետին: Ռուժեմոնտը Զաքարիա մարգարեի երկրորդ հայտնության մեջ հաշվում է յոթը տեսիլք և մեկ խորհրդանշական գործողություն (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 176), սակայն խոսում է նաև ութ տեսիլքների մասին (էջ 210) և ինքն իր հետ հակասության մեջ է ընկնում:

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ո՞ւր են տանում նրանք կշեռքը»:
(Արարատ թարգ․) Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։
(Գրաբար) Եւ ասեմ ցհրեշտակն որ խաւսէր յիս. Յո՞ տանին նոքա զչափն.