Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։10

Ա․ Լոպուխին

10-11․ Ես ասացի Հրեշտակին, որը խոսում էր ինձ հետ. «Ո՞ւր են տանում նրանք այդ կշռաչափը»: [10] Այն ժամանակ Նա ինձ պատասխան տվեց ու ասաց. «Տանում են, որպեսզի նրա համար տուն պատրաստեն Սեննաարի երկրում, ու երբ ամեն ինչ պատրաստ լինի, այդ ժամանակ այն կդրվի այնտեղ իր հիմքի վրա»: (Սինոդական թարգ․)
   
   Խորհրդանշական ճանապարհորդության նպատակի վերաբերյալ մարգարեի հարցին Հրեշտակը պատասխանում է, որ կշռաչափի համար, որի մեջ բանտարկված էին անմաքրությունը խորհրդանշողները, «տուն է պատրաստվելու Սեննարի երկրում», ու այն հավետ տեղադրվելու է այնտեղ: «Սեննաար»−ի ներքո ամենից առաջ հասկացվում է Բաբելոնը, իսկ ամբողջ տեսիլքի իմաստն էլ հետևյալն է․ անօրինությունը հրեաներից հեռացվում է դեպի իրենց թշնամիների երկիրը` Բաբելոն, որտեղ էլ լինելու է անմաքրության մշտական բնակավայրը, որի համար տեղ չպետք է լինի սուրբ երկրում:

   Վերը շարադրվածի մասին պետք է նաև ասել, որ որոշ մեկնիչներ (Կեյլ, Կլիֆոգ, Օրելլի, Րուժմոնտ) 5−րդ գլուխը իբրև մեկ (վեցերորդ) տեսիլք են մեկնաբանում՝ բավարար հիմքեր չտեսնելով այն երկու մասի բաժանելու համար․ 5−րդ գլուխը նկարագրում է երկու ինքնուրույն տեսիլքներ (վեցերորդ ու յոթերորդ), ինչպես որ այն բաժանում է մեկնիչների մեծ մասը (Կարպցով, Կելեր, Կյունեն, Դրայվեր, Բրադենկամ, Նովակ, Սմիտ, Մարտի, Շտրետեր, Պալլադիոս եպիսկոպոս և այլք): Մեծամասնության կարծիքը պետք է ավելի հիմնավոր համարել, քանի որ հակառակ մոտեցման կողմնակից ուսումնասիրողները հետևողական կերպով չեն կարողանում ապացուցել իրենց այն միտքը, համաձայն որի 5−րդ գլխի առաջին հատվածն անբաժանելիորեն կապված է երկրորդի հետ: Այսպես, օրինակ, Կեյլը, մեկ տեսիլք կազմող (Gesicht) երկու պատկերների մասին դատելով (Bilder) և հինգերորդ գլխի տեսիլքները Doppelvision (կրկնակի տեսիլք) անվանելով (Keil C.F. Biblischer Commentar über die zwölf kleinen Propheten. Leipzig, 1866, էջ 560 և 565), հավանաբար որոշակի զիջում է [անում] այն տեսակետին, որն ինքն անձամբ մերժում է: Րուժեմոնտը Զաքարիա մարգարեի երկրորդ հայտնության ժամանակ հաշվում է յոթը տեսիլք և խորհրդանշական գործողություն (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 176), սակայն խոսում է նաև ութը տեսիլքների մասին (էջ 210) և ինքն իր հետ հակասության մեջ է ընկնում:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ո՞ւր են տանում նրանք կշեռքը»:
(Արարատ թարգ․) Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։
(Գրաբար) Եւ ասեմ ցհրեշտակն որ խաւսէր յիս. Յո՞ տանին նոքա զչափն.