Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ նրա բերանից պիտի հանեմ արյունը, և նրա գարշությունները՝ իր ատամների միջից, և նա կպատկանի մեր Աստծուն և Հուդայում կլինի ինչպես հազարապետ, իսկ Ակկարոնը կլինի ինչպես հեբուսացին»: (Սինոդական թարգ․) [7]
Սակայն փղշտացիների նկատմամբ պիտի առավել փառահեղ հաղթանակ տոնվի: Որպես հեթանոս ժողովուրդ՝ նրանք իսպառ կվերանան. կդադարեն կուռքերին մատուցվող արյունալի զոհաբերությունները, զոհաբերությունների գարշելի կերակուրները (Ես. 65:4) դուրս կբերվեն կռապաշտների բերանից, իսկ փղշտացիների մնացորդը կդառնա ճշմարիտ Աստծու սեփականությունն ու Հուդայի՝ Տիրոջ ժողովրդի երկրի մի մասը: Ակկարոնի հետ կլինի այն, ինչ եղավ հեբուսացիների հետ. Ակկարոնը, այսինքն՝ փղշտացիները, ամբողջությամբ կդառնան Տիրոջ ժողովրդի մի մասը, ինչպես ժամանակին Երուսաղեմի հնագույն բնակիչները՝ հեբուսացիները, այն բանից հետո, երբ Դավիթը նվաճեց այդ քաղաքը:
Մեկնիչները համարում են, որ փղշտացիների ճակատագրի վերաբերյալ այս մարգարեությունը կատարվել է Մակաբայեցիների օրոք, որոնք նվաճել են նրանց երկիրը։ Հիսուս Քրիստոսի ժամանակներում այն կազմում էր Հրեաստանի մի մասը, իսկ ավելի ուշ փղշտացիների մի հատված ընդունեց քրիստոնեությունը։ Այս հատվածում հիշատակվող փղշտական քաղաքների՝ Գազայի, Ասկալոնի ու Ազոտոսի (Azotus) եպիսկոպոսները մասնակցել են IV, V և VI դարերի եկեղեցական ժողովներին (Keil С.F. Biblischer Commentar… Leipzig, 1866. S. 597–598; Ռուժեմոնտ):
Մարգարեն փղշտացիներին սպառնում է այն բանով, որ նրանք, թողնելով կռապաշտությունը, պիտի ծառայեն ճշմարիտ Աստծուն: Անձամբ մարգարեի տեսանկյունից, ինչպես և նրանց տեսանկյունից, ովքեր մոլորությունից դարձել են դեպի ճշմարտությունը, այս սպառնալիքների մեջ, անշուշտ, անցանկալի կամ սարսափեցնող ոչինչ չկա: Սակայն մոլորության մեջ արմատներ գցած հեթանոսի տեսանկյունից, որին սպառնում են զրկել իր համար ամենաթանկ համարվող բաներից, դա, անկասկած, մեծ աղետ էր: Հայրերի հավատքի փոփոխությունը, նույնիսկ արտաքին պարտադրանքից անկախ, բնականաբար ներքին ծանր պայքար է առաջացնում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նրանց արիւնը պիտի դուրս հանեմ իրենց բերանից, նրանց գարշութիւնները՝ իրենց ատամների միջից, իսկ մնացածները պիտի լինեն իմ՝ Աստծուս բաժինը. նրանք հազարապետներ պիտի դառնան Յուդայի երկրում, եւ Ակկարոնը պիտի լինի յեբուսացիների պէս:
(Արարատ թարգ․) Եվ նրա արյունը պիտի վերացնեմ իր բերանից և նրա գարշելի բաները՝ իր ատամների միջից, և նա էլ է մնացորդ լինելու մեր Աստծու համար։ Եվ նա տոհմապետի պես պիտի լինի Հուդայի մեջ, Ակկարոնը՝ հեբուսացիների պես։
(Գրաբար) եւ բարձից զարիւն նոցա ի բերանոյ նոցա, եւ զգարշելիս նոցա՝ ի միջոյ ատամանց նոցա. եւ մնասցեն եւ նոքա Աստուծոյ մերում. եւ եղիցին իբրեւ զհազարապետս ի մէջ Յուդայ. եւ Ակկարոն իբրեւ զԵբուսացին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: